Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. «Այսուհետ եւս անհանդուրժող կերպով ենք արձագանքելու ցանկացած օրինախախտման»


Լուսանկարը` պաշտպանության նախարարության
Լուսանկարը` պաշտպանության նախարարության
Զինված ուժերում հանցագործությունները նվազեցնելու համար առավել մեծ աշխատանք պետք է տանել կանխարգելման ուղղությամբ: Այդ մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր ղեկավարած գերատեսչության իրավապահ մարմինների 2010 թվականի աշխատանքների ամփոփիչ խորհրդակցության ժամանակ:

Նրա խոսքերով` շեշտը պետք է դրվի դաստիարակության լավագույն մեթոդների կիրառման, զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման եւ զինվորական բարեկրթության պահպանման վրա:

Նախարարն ասել է, որ կարգապահության հարցերը 2011 թվականի առաջին կիսամյակում լինելու են պաշտպանության նախարարության ղեկավարության հատուկ ուշադրության ներքո, որպեսզի բոլոր խնդիրներն իրենց հիմնավոր լուծումները ստանան` բարձրացնելով Զինված ուժերում կարգապահության մակարդակը:

Անդրադառնալով վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած` զորամասի հրամանատարի եւ մի խումբ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած միջադեպին` Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մասնավորապես, ասել է. - «Ունենալով Արցախյան պատերազմին մասնակցի մարտական ուղի` ես առանձնահատուկ հարգանք ունեմ պատերազմի բոլոր մասնակիցների նկատմամբ: Սակայն կարծում եմ, որ Արցախյան պատերազմի մասնակից լինելը նաեւ շատ պարտավորեցնող է, եւ բնական է, որ մեր հասարակությունը ակնկալում է, որպեսզի պատերազմին մասնակից սպաները իրենց վարքով ու գործողություններով լինեն օրինակելի»:

«Մենք այսուհետ եւս անհանդուրժող կերպով ենք արձագանքելու ցանկացած օրինախախտման, որպեսզի մեր նահատակված ընկերների կյանքի գնով ձեռք բերված հաջողությունները լինեն շարունակական, իսկ այն ապահովող բանակը` կարգապահ: Զինված ուժերում գործող կանոնակարգերը բոլորի համար են եւ ենթակա են պարտադիր կատարման», - ընդգծել է նախարարը:

Տավուշի մարզի զորամասերից մեկում դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան միջադեպ էր տեղի ունեցել զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանի եւ Գետահովիտ գյուղի բնակիչ մի քանի երիտասարդների միջեւ: Միջադեպի հետեւանքով ծանր վնասվածքներ ստացած 20-ամյա Տարոն Ենգիբարյանը հունվարի 10-ին մահացել է: Պաշտպանության նախարարի նույն օրվա հրամանագրով Սերգեյ Կարապետյանն ու զորամասի հրամանատարական կազմի եւս երկու սպաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից, Կարապետյանը ձերբակալվել է: Հունվարի 13-ին զորամասի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով:

Պաշտպանության նախարարությունում շաբաթ օրը անցկացված խորհրդակցության ժամանակ ելույթով հանդես են եկել նաեւ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը եւ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը, զեկույցով` Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արամ Տեր-Սահակյանը, քննչական վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG