Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Արցախն ունի լիիրավ ինքնորոշվելու շատ ավելի ամուր իրավական, ռազմաքաղաքական ու պատմական հիմքեր»


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը հայտարարեց, թե «Արցախն ունի լիիրավ ինքնորոշվելու շատ ավելի ամուր իրավական, ռազմաքաղաքական ու պատմական հիմքեր» քան Կոսովոն:

«Արցախի ժողովուրդը հստակ գիտի, թե ինչ է ուզում, եւ մենք բոլորս համոզված ենք, որ հասնելու ենք դրան: Ժամանակակից աշխարհն այլեւս ավելի դժվար է համակերպվում բռնության ու ազատազրկման վրա հիմնված կայսրությունների առկայության հետ, չի հանդուրժում այդօրինակ միավորների գոյությունը», - նշեց վարչապետ Սարգսյանը` Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավական ասպեկտների վերաբերյալ Երեւանում կայացած համաժողովի ընթացքում:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը` հայությունը, միշտ համարվել է միջազգային իրավունքի կոնցեպտում այն ժողովուրդը, որը ունի ինքնորոշվելու իրավունք: Ընդ որում, Ադրբեջանն ինքը միշտ դիտարկել է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը որպես ինքնորոշման սուբյեկտ», - հայտարարեց Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, ով նույնպես մասնակցում էր համաժողովին:

«Ողջունելի է, որ [Լեռնային Ղարաբաղի անկախության] ճանաչման եզրաբանությունը մտել է պաշտոնական ճառերի ու հանրային ելույթների մեջ», - համաժողովի ընդմիջմանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Միգուցե սա պատասխան է հասարակության պահանջին` վերջին շրջանում թե՛ Ազգային ժողովում, թե՛ դրանից դուրս քաղաքական եւ քաղաքացիական քննարկումներին, եւ նաեւ դա արտացոլանք է այն գիտակցության, որ Կոսովոյից, Աբխազիայից տասնամյակներ առաջ հենց Արցախն էր ազատամարտիկը հետխորհրդային ապագաղութացման եւ նոր պետությունների կայացման եւ ճանաչման», - նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:

Ազգային ժողովում ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացրել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը, որի վերաբերյալ քվեարկությունը, սակայն, տապալվեց երկու օր առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG