Մատչելիության հղումներ

Բախումներ ադրբեջանական քաղաքում


Թարթառի քաղաքային շուկան
Թարթառի քաղաքային շուկան
Ղարաբաղա - ադրբեջանական շփման գոտու` Մարտակերտին հարող հատվածում իրավիճակը կրկին լարված է: Այժմ, սակայն, ընդհարումներ են արձանագրվում ոչ թե հայ եւ ադրբեջանցի զինծառայողների, այլ ռազմաճակատի գծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական Թարթառ քաղաքի բնակիչների միջեւ:

Մոտ 20 հազար բնակիչ ունեցող Թարթառ` նախկին Միր Բաշիր շրջկենտրոնում զանգվածային անկարգությունները սկիզբ առան երեքշաբթի կեսօրին:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության թղթակիցները դեպքի վայրից հաղորդում էին, որ ընդհարումը ծագել է տեղի բնակիչների եւ Աղդամի շրջանի` հայկական ուժերի վերահսկողության ներքո գտնվող գյուղերից Թարթառ տեղափոխված փախստականների միջեւ:

Բախումները ծավալվել են Թարթառի կենտրոնական փողոցներում: Ականատեսների վկայությամբ` հակամարտող կողմերը զինված են եղել բահերով ու կացիններով: Սառը զենքից բացի, կիրառվել է նաեւ հրազեն. ականատեսներից շատերը պնդում են, որ քաղաքի կենտրոնում կրակոցներ են հնչել:

Քաղաքի ոստիկանությունը փորձել է սեփական ուժերով կանխել բախումները, սակայն` ապարդյուն. դրանք կարճ ժամանակահատվածում բավական լայն ծավալ են ստացել:

Հաղորդագրությունների համաձայն` ընդհարման մասնակիցները փորձել են անգամ հրկիզել քաղաքի կենտրոնական թաղամասերում գտնվող խանութներից մի քանիսը, սակայն հրշեջ ծառայության աշխատակիցներին հաջողվել է արագորեն մարել կրակը:

Հարձակման թիրախ են դարձել տեղացի իրավապահները: Զանգվածային անկարգությունների մասնակիցները դաժան ծեծի են ենթարկել ոստիկանության երկու սպաների, այդ թվում` քրեական հետախուզության շրջանային բաժնի պետին:

Ոստիկանական աղբյուրները վկայում են, որ աղդամցի փախստականների եւ տեղացիների միջեւ առաջին ընդհարումն արձանագրվել է դեռ երեք շաբաթ առաջ` հունիսի 15-ին: Այդ առաջին բախման ժամանակ Թարթառի բնակիչները ծեծի էին ենթարկել փախստականներին: «Երեքշաբթի օրն արդեն փախստականները Թարթառի կենտրոն են եկել վրեժ լուծելու նպատակով», - հայտնել է ոստիկանության շրջանային վարչության պետի պաշտոնակատար Իզեթ Ասքերովը: Նա նաեւ նշել է, թե «անկարգությունները ճնշված են, իրավիճակը քաղաքում վերահսկվում է իրավապահների կողմից»:

Ադրբեջանական աղբյուրները, սակայն, պնդում են, որ իրադրությունը սահմանամերձ քաղաքում հնարավոր է եղել կայունացնել միայն հարեւան Բարդայում տեղակայված ներքին զորքերի ստորաբաժանումների շտապ միջամտությունից հետո:

Ադրբեջանական լրատվամիջոցները նաեւ պնդում են, որ հակամարտությունը զուտ կենցաղային բնույթ չուներ: «Անկարգությունների մասնակիցների մի մասը իսլամի ծայրահեղ ուղղություններից մեկի` վահաբիզմի հետեւորդներն էին», - փոխանցում է APA գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG