Մատչելիության հղումներ

Հայաստանը բացառում է որեւէ միջամտություն ներքին դիմակայությանը Վրաստանում


Չորեքշաբթի օրը Հայաստանը բացառել է որեւէ միջամտություն հարեւան Վրաստանի քաղաքական ճգնաժամին՝ հերքելով տարածված լուրերը, թե նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն ցանկանում է Հայաստանի աջակցությամբ չեզոքացնել իր ընդդիմադիրներին: Վերջիններս նախագահին մեղադրում են այս ամսվա սկզբին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ:

Հայաստանի նախագահ Քոչարյանը այդ հավաստիացումներն արել է Վրաստանում Հայաստանի դեսպանության միջոցով՝ նախորդ օրը Շեւարդնաձեի հետ հեռախոսազրույցից եւ վերջինիս աջակիցներից Աջարիայի ինքնավար հանրապետության ղեկավար Ասլան Աբաշիձեի հետ հանդիպումից հետո:

«Հայաստանի Հանրապետությունը ոչ մի պարագայում չի ձեռնարկի գործողություններ, որոնք կարող են վնաս հասցնել Վրաստանի պետությանը կամ գնահատվել որպես միջամտություն այդ երկրի ներքին գործերին», - ասված է Թբիլիսիում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Աբաշիձեի այցերը Երեւան եւ Բաքու վրացական ընդդիմության ղեկավարները մեկնաբանել են որպես Հայաստանի եւ Ադրբեջանի աջակցությունը ստանալու՝ նախագահ Շեւարդնաձեի ծրագրերի վկայություն: Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Զուրաբ Ժվանիան երեկ ուշ երեկոյան պնդել է, թե Շեւարդնաձեն եւ Աբաշիձեն գաղտնի համաձայնության են եկել՝ ճնշելու ընտրությունների արդյունքների դեմ Վրաստանի մայրաքաղաքում անցնող ցույցերը: Հեռուստատեսային ելույթում Ժվանիան ասել է, թե Շեւարդնաձեն ուզում է այդ նպատակով օգտագործել Հայաստանում եւ Աջարիայում տեղակայված ռուսաստանյան զորքերը:

«Աբաշիձեն Շեւարդնաձեի խնդրանքով աջակցություն է փնտրում այդ երկրներում», - ասել է ընդդիմության ղեկավարներից արդեն նախկին խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն:

Ընդդիմադիր մեկ այլ գործիչ՝ Միխայիլ Սահակաշվիլին նույնիսկ մեղադրել է Շեւարդնաձեին ազգային փոքրամասնություններով (հիմնականում հայերով) բնակեցված շրջաններում լարվածությունը սրելու մտադրության մեջ:

Չորեքշաբթի օրը Վրաստանի նախագահի խոսնակ Կախա Իմնաձեն հերքել է այդ պնդումները՝ դրանք որակելով «անհեթեթ»: Նրա խոսքերով, Աբաշիձեի այցը Հայաստան ծրագրված էր վաղօրոք եւ արդյունք չէր երկուշաբթի օրը Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում Շեւարդնաձեի եւ Աբաշիձեի հանդիպման:

«Հայաստանի Հանրապետությունը շահագրգված է հարեւան բարեկամական երկրի քաղաքական կայունության մեջ՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանում առկա հետընտրական իրավիճակը», - ասված է Վրաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունում: - «Այդ շահագրգռությունը լիովին արտացոլվել է Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հետ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռախոսազրույցում»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG