Մատչելիության հղումներ

Իրաքահայ գաղութից առայժմ տագնապալի լուրեր չկան


Հայաստանի արտգործնախարարությունը աշխատում է բոլոր հնարավոր միջոցներով տեղեկատվություն հայթայթել Իրաքի հայ համայնքի վերաբերյալ: Իրաքում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վազգեն Խանջյանի խոսքերով, իրաքահայ գաղութից առայժմ տագնապալի լուրեր չկան:

«Բաղդադում, հենց Կենտրոնական վարչությունը ամեն օր փաստորեն տեղեկություն ունի հայերի մասին Բասրայից, հյուսիսային շրջաններից՝ Մոսուլից, Կիրկուկից», - «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը ասաց Վազգեն Խանջյանը: - «Ըստ մեր տեղեկությունների, հայերը զոհեր չեն տվել, տնտեսական առումով դեռ ապահովված են»:

Նրա տեղեկություններով, պատերազմի ընթացքում Իրաքից դուրս եկած հայեր չկան. որոշ հոսք է եղել մինչեւ պատերազմը: Երկրից ժամանակավորապես դուրս եկած հայերը հիմնականում տեղավորվել են Սիրիայում, Հորդանանում, շատ քչերը Եվրոպա են հասել: Մի քանի ընտանիք էլ Հայաստան է եկել:

Խանջյանի փոխանցմամբ, Իրաքի հայ համայնքի քանակի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա: Համայնքի Ազգային կենտրոնական վարչության տվյալներով, Իրաքում շուրջ 15 հազար հայ կա, որոնցից 10-12 հազարը ապրում են Բաղդադում, 1000-ը՝ Բասրայում: Հյուսիսային Իրաքում ապրող շուրջ 2500 հայերից 1000-1200-ը ապրում են Մոսուլ, Կիրկուկ քաղաքներում, մնացածը՝ մոտակա գյուղերում:

Իրաքում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի խոսքերով, երկրի հյուսիսում ապրող հայերին անհանգստացնում էր, թե այստեղ կարող էին բախումներ լինել թուրքական զորքի եւ տեղաբնակ քրդերի միջեւ: Խանջյանի փոխանցմամբ, սակայն, առայժմ Իրաքի հյուսիսում ապրող հայերի համար վտանգը ավելին չէ, քան բաղդադաբնակների համար:

Իրաքում Հայաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարի խոսքերով, մեր երկրի դեսպանությունը փակված չէ, դիվանագիտական անձնակազմի կարգավիճակը փոխված չէ. պարզապես, ինչպես շատ երկրների դիվանագետներ, հայ դիվանագետներն էլ պատերազմի պատճառով դուրս են եկել Իրաքից, եւ կվերադառնան՝ «առաջին իսկ հնարավորության դեպքում»:

Ինչ վերաբերում է հետպատերազմյան Իրաքում Հայաստանի դիվանագիտական գործունեությանը, Խանջյանի խոսքերով, Հայաստանն ունի «ե'ւ քաղաքական, ե'ւ տնտեսական հետաքրքրություններ»:

Իրաքի պատերազմի կապակցությամբ Հայաստանը շատ չեզոք դիրքորոշում հայտնեց՝ ի տարբերություն հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի, որոնք բացահայտ աջակցեցին հակաիրաքյան կոալիցիային: Չհամաձայնելով, թե Հայաստանի նման դիրքորոշումը կարող է պատճառ դառնալ, որ պատերազմից հետո մեր հարեւանները ավելի մեծ տեղ ու դիրք գրավեն տարածաշրջանում, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Հայաստանը ներգրավված կլինի այնքանով, որքանով իր շահերից է բխում եւ այնքանով, որքանով երկիրը ի վիճակի կլինի ներգրավված լինել, եւ այն խնդիրներում, որոնցում մենք ասելիք եւ անելիք ունենք այդ տարածաշրջանում»:

Նրա խոսքերով, Հարավային Կովկասում երկրների հարաբերությունների, կշիռների առումով հազիվ թե էական փոփոխություններ լինեն: «Այլ խնդիր է, թե Իրաքի պատերազմից հետո ինչ հարաբերություններ կստեղծվեն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ, եւ այդ հարաբերությունները ինչպիսի անդրադարձ կունենան մեր տարածաշրջանի վրա», - ընդգծեց արտգործնախարարության խոսնակը՝ ավելացնելով թե այդ պարագայում մենք քայլեր կձեռնարկենք, որոնք «կապահովեն Հայաստանի անվտանգությունը՝ առանց վնասելու մեր այն կշռին եւ այն վարկանիշին, որ մենք ունենք եւ ձեռք ենք բերել այս ընթացքում»:

Աղաջանյանը նաեւ փոխանցեց, որ դեպի Իրաք օդային տարածք տրամադրելու խնդիր Հայաստանի առջեւ չի դրվել. - «Եթե աշխարհագրորեն նայեք, դրա անհրաժեշտությունը չկա, անգամ Հայաստանի դրական պատասխանի դեպքում, այդ օդային տարածքն անցնում է երրորդ երկրների տարածքով, որոնց թույլտվությունը չկա, եւ Հայաստանի գործոնն ինքը դուրս է գալիս: Նման հարց լինելու դեպքում համապատասխան քննարկումներ կարվեին եւ, կախված խնդրանքի բնույթից ու հանգամանքներից, որոշում կկայացվեր»:

Հայաստանում ԱՄՆ-֊ի դեսպանությունից ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էին, որ գնահատում են Հայաստանի աջակցությունն ահաբեկչության դեմ պատերազմում, բայց մամուլի տեղեկությունները, թե ԱՄՆ֊-ը ռազմակայան է բացում Հայաստանում, չեն համապատասխանում իրականությանը:


Հրաչ Մելքումյան եւ Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG