«Ե’վ Մատենադարանում, ե’ւ Հյուսիսային պողոտայում, ինձ մոտ կան մասնագիտական եզրակացությունները, որ այնտեղ չի կարելի անցկացնել միջոցառում», - ասաց նա: - «Կոնկրետ այդ օրվա մասին է խոսքը. Մատենադարանում կա միջոցառում, որին կխանգարի այս միջոցառումը, իսկ Հյուսիսային պողոտայում մասնագիտական եզրակացություն կա, որ զանգվածային միջոցառումների անցկացումը կվտանգի մասնակիցների եւ այլոց առողջությունը: Հյուսիսային պողոտայում շինարարական աշխատանքները դեռեւս շարունակվում են` երկու հերթով անգամ, եւ այնտեղ անվտանգ չէ անցկացնել զանգվածային հրապարակային միջոցառում»:
«Երթի հետ կապված էլ կա եզրակացություն: Ինքներդ շատ լավ պատկերացնում եք, որ փողոցներում են նախատեսում երթը անցկացնել` Մաշտոցի պողոտա, Գրիգոր Լուսավորիչ, Իտալական փողոց, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան, Թումանյան, Տերյան փողոցներ, Հյուսիսային պողոտա: Քաղաքի կենտրոնական հատվածում սովորական օրերին են խցանումներ լինում եւ բարդություններ են առաջացնում: Երթի անցկացման դեպքում այն խնդիրը, որը լինում է սովորական օրերին, կրկնապատկվում է: Ե’վ անվտանգ ու անխափան երթեւեկության հետ կապված կխաթարվի, ե’ւ քաղաքացիների քաղաքացիների ազատ տեղաշարժի հետ կապված: Սա է պատճառը»:
Հակադարձելով ընդդիմության ներկայացուցիչների պնդմանը, թե իրենք ի գիտություն ընդունված են համարում միջոցառման անցկացման իրազեկումը, քանի որ քաղաքապետարանը սահմանված 72 ժամվա ընթացքում չի տեղեկացրել որոշման մասին, Բաղդասարյանը ասաց, թե իրենք որոշումը 72 ժամվա ընթացքում կայացրել են եւ այն փոստով ուղարկել են ընդդիմության ներկայացուցիչներին:
«Օրենքում չի ասված` 72 ժամվա ընթացքում տրամադրել որոշումը իրազեկման հեղինակներին», - շարունակեց նա: - «Որոշումը 72 ժամվա ընթացքում պետք է կայանա, իսկ տրամադրվում է որոշումը կայացնելուց հետո: Եթե իրենք մասնակցեին քննարկմանը, որոշումը կտրամադրվեր քննարկումից անմիջապես հետո»:
Բաղդասարյանը պնդեց, որ իրենք «պատշաճ ձեւով` կա փոստային կտրոնը», իրազեկումը ստանալուն պես [իրազեկման հեղինակներին] տեղեկացրել են «քննարկման տեղի եւ ժամի մասին»:
Ընդդիմության ներկայացուցիչները արդեն հայտարարել են, որ հանրահավաքը կանցկացնեն, ամենայն հավանականությամբ, Մատենադարանին հարող տարածքում:
Ռուզաննա Ստեփանյան