Մատչելիության հղումներ

7-ի գործով դատավարությունը դարձյալ հետաձգվեց


Այսօր, երբ հերթական անգամ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճ մտավ Երեւանի քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը` մարտի 1-2-ի իրադարձությունների առիթով կալանավորված 7 ընդդիմադիր գործիչները կրկին ոտքի չկանգնեցին, իսկ ոմանք շարունակեցին թերթ կարդալ:

Մեղադրյալ Շանթ Հարությունյանը զգուշացրեց, որ մտադիր է հայտարարույթուն անել, որը, ըստ նրա, դատարանի օգտին պիտի լիներ:

«Հետո կփոշմանեմ` չեմ ասի», - սպառնաց Հարությունյանը, - «քանի շուտ է, նայե’ք, ձեզ համար եմ ասում»:

Դատավորը հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը խանգարում է նիստը եւ մի քանի անգամ ցածրաձայն հիշեց նախորդ նիստը, երբ մեղադրյալի աթոռներին տեղ զբաղեցրած յոթ անձինք ոտքի չէին կանգնել:

Հայտարարությամբ հանդես եկավ մեղադրող Կորյուն Փիլոյանը` պնդելով. - «Պաշտպանական կողմը որդեգրել է դատավարության նախապատրաստական մասը արհեստականորեն ձգձգելու մարտավարություն, որով փորձ են անում խուսափել գործի` ըստ էության քննությունից»:

Մեղադրվողները պատասխան հայտարարությամբ հանդես գալու իրավունք չստացան եւ տեղից բղավելով հակադարձեցին, որ դատը հետաձգողը մեղադրողներն են:

Կորյուն Փիլոյանը շարունակեց իր հայտարարությունը եւ, հիշեցնելով պաշտպանական կողմի ներկայացրած բացարկները դատավորին եւ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունները, զգուշացրեց, որ բոլոր հիմքերը կան 7 մեղադրյալներին դատարանի դահլիճից հեռացնելու եւ գործն առանց նրանց մասնակցության շարունակելու համար:

Կորյուն Փիլոյանի հիմնավորումները կրկնելով` դատավոր Մնացական Մարտիրոսյանը 7 մեղադրյալներին դատարանի դահլիճից հեռացնելու վերաբերյալ որոշում կայացրեց եւ հաջորդ դատական նիստը նշանակեց հունվարի 16-ին:

Մեղադրյալների հարյուրից ավելի աջակիցներ դատարանի շենքի մոտ ցույց էին կազմակերպել` վանկարկելով «Ազատություն քաղբանտարկյալներին»:

7-ի գործով դատավարությունը սկսվել է անցած դեկտեմբերի 19-ին եւ այսօր հետաձգվեց 5-րդ անգամ:


Անուշ Մարտիրոսյան եւ Կարինե Սիմոնյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG