Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի գործադիր մարմինը նպատակահարմար չի համարում Տիգրան Թորոսյանի հետագա պաշտոնավարումը


Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը շաբաթ օրը որոշել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Թորոսյանի հետագա պաշտոնավարումը համարել աննպատակահարմար: Միեւնույն ժամանակ, ըստ կուսակցության հաղորդագրության, «քննարկելով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար, [գործադիր մարմինը] որոշեց հավանություն տալ Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը` Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար»:

Որոշումը մեկնաբանելու` «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին ի պատասխան, Հանրապետական կուսակցության նախագահի կազմակերպչական հարցերով տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանը, մասնավորապես, ասաց. - «Կուսակցությունը իր կադրային քաղաքականությունը իր ներսում է որոշում, եւ կադրային փոփոխությունների վերաբերյալ մեկնաբանություններ կարող է եւ չտալ»:

Զոհրաբյանի փոխանցմամբ, հարցը գործադիր մարմնի նիստի օրակարգ է մտել կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով: Ըստ նրա, այսօրվա նիստին մասնակցել են գործադիր մարմնի բոլոր անդամները` բացի Դավիթ Հարությունյանից, ով գործուղման մեջ է: Որոշմանը դեմ քվեարկող չի եղել, իսկ Տիգրան Թորոսյանը, «բնականաբար, չի մասնակցել քվեարկությանը»:

Ռազմիկ Զոհրաբյանը տեղեկացրեց նաեւ, որ ըստ Հանրապետականի կանոնադրության, գործադիր մարմնի որոշումը պետք է հաստատվի կուսակցության խորհրդի նիստում. - «Այնպես որ, սա առաջարկ է խորհրդին, եւ խորհրդի նիստը հետագայում վերջնական որոշում կկայացնի»:

Նա դժվարացավ նշել, թե ինչ ժամկետներում որոշում կկայացնի խորհուրդը. - «Գուցե մի շաբաթ, տասը օր»:

Տիգրան Թորոսյանը չէր պատասխանում «Ազատություն» ռադիոկայանի հեռախոսազանգերին:

Այսօր նախատեսված է խորհրդարանի հերթական քառօրյան: Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, խորհրդարանի Հանրապետական խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանի փոխանցմամբ` Ազգային ժողովի նախագահի հրաժարականի եւ Ազգային ժողովի նոր նախագահի ընտրության վերաբերյալ որոշման նախագիծ դեռ չկա:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG