Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը ակցիաներ կանցկացնի Աբդուլա Գյուլի հնարավոր այցի դեպքում


Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը երեկ հայտարարեց, որ եթե Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ գա Երեւան` սեպտեմբերի 6-ին երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը դիտելու, Դաշնակցությունը կանցկացնի Թուրքիայի դեմ ուղղված ակցիաներ:
«Եթե Թուրքիայի նախագահ Գյուլը գա խաղը դիտելու, ապա նաեւ Թուրքիայի դեմ ուղղված կոչեր, հանրահավաքներ եւ այլ կարգի միջոցառումներ կլինեն, բայց դա չի լինի միայն Դաշնակցության արածը», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Դաշնակցության ղեկավար անդամը: - «Մենք խնդիրներ ունենք Թուրքիայի հետ, եւ այդ խնդիրների լուծումը առնչվում է ոչ թե անցյալին, այլ ապագային»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես այդ ակցիաներին կվերաբերի Աբդուլա Գյուլին Հայաստան հրավիրած Սերժ Սարգսյանը, Աղվան Վարդանյանը արձագանքեց. - «Դաշնակցությունը միշտ եղել է ինքնուրույն քաղաքական ուժ, եւ այն հարցերի վերաբերյալ, որ ցանկացել է դիրքորոշում արտահայտել, արտահայտել է այդ դիրքորոշումը` անկախ նրանից, թե ով ինչ կմտածի: Մենք նման խնդիր չունենք հանրապետության նախագահի հետ քննարկելու, թե եթե մենք քայլեր կատարենք, ինչ դիրքորոշում կունենա նախագահը»:

Թուրքիայի նախագահը առայժմ պաշտոնապես չի արձագանքել Հայաստանի նախագահի հրավերին:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG