Մատչելիության հղումներ

Հայաստանցու համար միգրացիայի հիմնական նպատակը աշխատանք գտնելն է


Հայաստանցին իր երկրից մեկնում է հիմնականում աշխատանք գտնելու նպատակով: Նման արդյունք են տվել վերջին սոցիոլոգիական հարցումները:

«Եվրասիա» հիմնադրամի կատարած հետազոտության մասնակիցների 82 տոկոսը շեշտել է, որ մեկնում է Հայաստանից աշխատանք գտնելու նպատակով:

Սովորելու նպատակը նշել է հարցվողների ընդամենը 1 տոկոսը, մոտ 2 տոկոսը որպես մեկնելու առիթ նշել է տուրիզմը: 10 տոկոսից ավելին մեկնում է ընտանիքի վերամիավորման համար: Ընդ որում, միգրանտների նշանակետ երկրների մեջ առաջին տեղում Ռուսաստանն է:

Տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի տվյալներով, Հայաստանից մեկնածների թիվը գնահատվում է մոտ 1 միլիոն մարդ, որից 75 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Փորձագիտական գնահատականներով՝ անցած տասնամյակի ընթացքում մի քանի 100 հազար մարդ արդեն ձեռք է բերել Ռուսաստանի քաղաքացիություն: Նրանք փաստորեն արդեն իսկ ընտրել են իրենց մշտական բնակավայրը:

Գագիկ Եգանյանի խոսքերով, միգրացիան կասեցնելու կամ խոչընդոտնելու իրավասություն պետությունը չունի եւ չի կարող ունենալ: Մարդն ազատ է ընտրելու իր բնակության վայրը, սակայն միեւնույն ժամանակ, նա կարող է ընտրել տեղաշարժի եւ նոր բնակատեղի օրինական ճանապարհը` անօրինական միգրացիայի փոխարեն եւ այդպիսով գոնե ինչ-որ ապահովության երաշխիքներ ակնկալել:

«Եվրասիա» հիմնադրամի հետազոտությամբ ուսումասիրված է աշխատանքային միգրացիան 2005-2007 թվականներին: Այդ ժամանակահատվածում միգրացիան կազմել է 96 հազարից 122 հազար մարդ կամ երկրի մշտական բնակչության մինչեւ 3,8 տոկոսը: Ուղեւորության երկիրը 93 տոկոսի դեպքում Ռուսաստանն է եղել, զբաղվածության հիմնական ոլորտը 77 տոկոսի դեպքում` շինարարությունը: Միայն 12 տոկոսը գրավոր աշխատանքային պայմանագիր է ունեցել գործատուի հետ: Աշխատանքային օրվա միջին տեւողությունը կազմել է 10 ժամ: Միգրանտների 54 տոկոսը հանգստյան օրեր կամ ընդհանրապես չեն ունեցել կամ շատ հազվադեպ են ունեցել:

2005- 2006 թվականերին արտագնա աշխատանքի մեկնած միգրանտների 70 տոկոսը 2006 թվականի վերջին վերադարձել է Հայաստան: 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ, աշխատանքային միգրացիայի բացասական սալդոն կազմել է 29 հազարից 35 հազար մարդ: Յուրաքանչյուր 5-րդ միգրանտ ուղեւորության ընթացքում չի կարողանում գումար ուղարկել կամ իր հետ բերել Հայաստան: Նրանց միջին ամսական եկամուտը ուղեւորության երկրում կամում է 643 ամերիկյան դոլար: 8 ամիս «խոպանում» աշխատելուց հետո միգրանտների միջին եկամուտը կազմում է 5140 դոլար, որի 47 տոկոսը ծախսվում է հենց տեղում:

2005-2006 թվականներին աշխատանքային միգրանտներից ստացված դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 250-339 միլիոն դոլար: Դրամական փոխանցումների միայն 60 տոկոսն է կատարվել բանկային համակարգի միջոցով: Այս փաստերը եւ թվերը հրապարակվել են միգրացիայի հարցերին նվիրված՝ այսօր Երեւանում բացված միջազգային համաժողովում:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG