Մատչելիության հղումներ

Նախագահը խորհրդակցություններ է անցկացրել ուժայինների հետ


Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր խորհրդակցություններ է անցկացրել Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի, Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմերի հետ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել է նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կայունությունը համարել է վերջին տարիների լրջագույն ձեռքբերումներից մեկը, որի վրա են կառուցված երկրի հիմնական հաջողությունները, եւ ասել է, որ երբեւիցե որեւէ մեկին թույլ չի տա վտանգել այն:

«Երկրի նախագահը պատասխանատվություն է կրում եւ պատրաստ է լիարժեքորեն այն կատարել: Վճռական եմ ձեռնարկել բոլոր միջոցները երկրում կարգ ու կանոնի պահպանման համար»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: Այդ առնչությամբ նա տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Նախագահի խոսքով, իշխանությունն ընտրվում է միայն օրինական ճանապարհով, բռնությամբ, զոռբայությամբ իշխանության չեն գալիս, եւ երբեք թույլ չի տա, որ որեւէ մեկը ստվերային դերակատարություն ունենա կամ որեւէ մեկի քմահաճույքներն ազդեն ներքաղաքական կայունության, քաղաքական գործընթացների վրա: «Որեւէ կառույց չի կարող իրեն օրենքից դուրս դնել եւ զբաղվել ապօրինի գործունեությամբ», - շեշտել է նա:

Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը նշել է, որ բանակը միշտ էլ եղել է կայունության կարեւորագույն երաշխիքներից մեկը եւ այսօր էլ անհրաժեշտության դեպքում կձեռնարկի երկրի սահմանադրական կարգի պահպանմանն ուղղված քայլեր եւ պատրաստ է լիարժեք կատարել Գերագույն գլխավոր հրամանատարի բոլոր հրամանները:

Ոստիկանության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ նշելով, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, արհեստական ներքաղաքական լարվածության ստեղծում է, Ռոբերտ Քոչարյանն ասել է. - «Քաղաքական պայքարում արժանապատիվ պարտություն կրելը եւս ժողովրդավարական մշակույթի կարեւոր բաղադրիչ է, որը, ցավոք, Հայաստանում դեռեւս ձեւավորված չէ»:

Այսօր տեղի ունեցող գործընթացները նախագահը գնահատել է որպես իշխանությունն ապօրինի ճանապարհով զավթելու փորձ:
«Մեր գործողությունները լինելու են վճռական ու կտրուկ` ուղղված երկրի կայունությանն ու սահմանադրական կարգի պահպանմանը», - հայտարարել է նա եւ համապատասխան հանձնարարականներ տվել իրավապահներին:

Ոստիկանության բարձրաստիճան ղեկավարները վստահեցրել են, որ ոստիկանությունն ունի միանգամայն բավարար ներուժ ու կամք` իրագործելու իրեն վերապահված գործառույթները, սադրանքները չեզոքացնելու եւ երկրի ներքին կարգ ու կանոնը պահելու համար:

Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ եւս նախագահը տեղի ունեցող գործընթացները գնահատել է որպես իշխանության զավթմանն ուղղված փորձ` ասելով, որ պատասխան գործողությունները լինելու են վճռական եւ կտրուկ:

«Երկրի կայունությունը որեւէ պարագայում սակարկման առարկա չէ», - շեշտել է նա եւ տվել համապատասխան հանձնարարականներ:

Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան ղեկավարները հավաստիացրել են, որ ծառայության բոլոր ստորաբաժանումներն անխափան գործում են եւ պատրաստ են լիարժեքորեն կատարել տրված բոլոր հանձնարարականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG