Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը հերքում է, թե որեւէ առնչություն ունի «Հայկական ժամանակ»-ում հրապարակվածին


«Հայկական ժամանակ» օրաթերթի դեկտեմբերի 15-ի համարում հրապարակված «Վազգեն Մանուկյանի «Մայն Քափֆ» («Իմ Պայքարը»)» վերնագրով հոդվածը ներկայացնում է մի ձեռագիր, որը, հոդվածագրի հավաստմամբ, առգրավվել է 1996 թվականի սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) գրասենյակի օրինական խուզարկության ժամանակ: Թերթը հրապարակել է նաեւ ձեռագրի լուսապատճենը: ԱԺՄ նախագահին վերագրված ձեռագիրը, ըստ թերթի, «իշխանության հասնելու գործնական ծրագիր է», որն իրականացնելու մեխանիզմները նկարագրվում են տվյալ ձեռագրում: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե չի կարդացել իր մասին հրապարակված հոդվածը: Ավելին, նա ասաց, որ հոդվածում մեջբերված տողերի հեղինակն ինքը չէ:

Ըստ հրապարակման, մինչդեռ, Վազգեն Մանուկյանը 1996 թվականի ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մեջ որպես կարեւորագույն խնդիր դրել է հանրապետությունում ստեղծել «վճարովի տոտալ լրտեսական ցանց», որը պետք է լրտեսեր հանրապետության ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մինչեւ «շուկայական մանր շեֆերը»: «Իսկ լրտեսության ամենակարեւոր օբյեկտը, անշուշտ, պետք է լիներ երկրի առաջին դեմքը», - եզրակացրել է թերթը:

Որպես ապացույց, թերթը վկայակոչում է ձեռագրի հետեւյալ հատվածը. - «Եթե Հանրապետության նախագահը ունի գաղտնի պայմանագրեր, խոսակցություններ, որոնք հակադրվում են մեր ազգային ու պետական շահերին, հայտնաբերել այդպիսիք եւ հրապարակել Ազգային Ժողովի թեկուզ փակ նիստերում, եթե կարելի է` նաեւ մամուլում եւ հանրահավաքներում»:

«Նախեւառաջ ես չեմ ուզում քննարկել, որ 1996 թվին մտան մեր գրասենյակը ջարդեցին, դա օրինական խուզարկություն էր, թե ոչ: Մի կողմ թողնենք, թե ինչ-որ փաստաթուղթ մեր կուսակցությունից հանել են, թե ոչ: Մի կողմ թողնենք նույնիսկ այն թույնը, որը այդ հոդվածում կա, բայց ցավոք սրտի ոչ միայն այդ հոդվածում, այլ կամաց-կամաց թույնի մթնոլորտ է տիրում Հայաստանում ու` միշտ նույն աղբյուրից», - ասաց Մանուկյանը:

ԱԺՄ նախագահին, իր խոսքով, միայն մեկ հարց է հետաքրքրում. - «Քանի որ գիտեմ, որ ես չեմ գրել դա, ես դիմում եմ դատախազությանը, որպեսզի փորձագիտական քննարկում տեղի ունենա իմ ձեռագրի եւ այդ գրածի: Եվ երբ ապացուցվի, որ այդ ձեռագիրը իմը չէ, մնացածը մնում է իրենց խղճի վրա»:

«Փողը «գերմարդ» Վազգեն Մանուկյանի համար կարեւոր ֆակտոր է: Նրա համոզմամբ, նույնիսկ հայրենասիրության համար վճարամիջոց է այն», - գրված է հոդվածում: Վազգեն Մանուկյանին են վերագրվել «դեւ», «մերկ դավաճանություն» արտահայտությունները: Բացի այդ, ըստ հոդվածագրի, իբր 1996 թվականին Վազգեն Մանուկյանն իր նախընտրական գործողությունների թվում նախատեսել է Ադրբեջանին հրահրել հարձակման անցնել Ղարաբաղի եւ Հայաստանի վրա եւ դրա միջոցով հեշտացնել իր հաղթանակը նախագահական ընտրություններում:

Հարցին, թե հոդվածում իրեն վերագրված ծրագրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը եւ արդյո՞ք ունեցել է նման գաղափարներ, ԱԺՄ նախագահը արձագանքեց. - «Բայց ծիծաղելի չէ՞, որ մենք դրա մասին խոսենք»:

Նրա պնդմամբ` ՀՀՇ-ի իշխանության տարիներին եւս եղել են նման խոսակցություններ. - «Եվ այդ դեպքում պարզ չէ, եթե իշխանությունն իրենց ձեռքում էր, եւ մեկն ու մեկը, ես եմ, թե մեկ ուրիշը, եթե պարզվում է, որ տեռորիզմի կոչ է անում, ինչո՞ւ իրենք չեն կարողացել բռնել եւ դատել այդ մարդուն»:

Իսկ հարցին, թե ով է, իր կարծիքով, կանգնած այս ամենի հետեւում, Մանուկյանը պատասխանեց. - ««Ես կարող եմ միայն ենթադրություն անել: Բայց այս տարիների փորձը ունենալով, կարող եմ ասել, որ ամեն մի այսպիսի գործը ունենում է իր ղեկավարը: Այդտեղի ղեկավարը Լեւոն Տեր-Պետրոսյանն է»:

ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը «Ազատություն» ռադիոկայանին այս առիթով ասաց. - «Դա Վազգեն Մանուկյանի ձեռքով գրված ինչ-որ ծրագիր է` մեկ: Երկրորդը` Հայոց համազգային շարժումը դրա հետ որեւէ առնչություն չունի... Դա «Հայկական ժամանակ»-ում է տպագրված, եւ բոլոր հարցերը «Հայկական ժամանակ»-ին պետք է ուղղել»:

«Հայկական ժամանակ» օրաթերթից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ այս պահին նպատակահարմար չեն գտնում մեկնաբանություններ տալ:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG