Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյան. «Ստուգումները ընդամենը պատրվակ են»


Հարկային պետական ծառայության ավելի քան 40 աշխատակիցներ այսօրվանից ստուգումներ են սկսել Սուքիասյան ընտանիքին պատկանող «Բջնի» ընկերությունում: Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ սկսված ստուգումները «ընդամենը պատրվակ են»:

Սկսված գործընթացը, ըստ պատգամավորի, իրականում իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական հետապնդում է այն բանի համար, որ իրեն տեսան Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին. - «Ես կապում եմ դրա հետ, եւ դրա հիմնավոր պատճառները կան, քանի որ ես այդ գաղափարը կրողն եմ»:

«Այն գաղափարական համակարգը, որը հավաքվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը եւ նոր նախագահական ընտրություններում նոր հայտ է ներկայացվել, ես այդ համակիրներից եմ, մասնակիցներից եմ», - ասաց նա` հավելելով. - «Ես շատ լավ հասկանում եմ բոլոր ակնարկները, բոլոր զրույցները, տեղեկատվությունը, որ տարբեր մարմիններից հասել է ինձ, դա կապված է եղել այդ գործընթացի հետ»:

«Կարծում եմ, դա իշխանական համակարգի դուրը չի գալիս», - շարունակեց Սուքիասյանը: - «Բայց դա ոչինչ չի փոխելու, որովհետեւ ես իմ մոտեցումները ունեմ... եւ ես գիտակցելով եմ ուզում այն, ինչը որ մեր երկրի ապագայի, մեր երեխաների համար է»:

Գործարարները, ըստ նրա, այսօր «անհավասար պայմաններում են աշխատում», եւ իշխանությունը նրանց բոլորին հարկային հավասար դաշտ բերելու համար չունի քաղաքական կամք. - «Կան արհեստական մենաշնորհներ, կա բարձիթողի վիճակ, դաշտում ամեն ինչ կարգավորվում է ծանոթ-բարեկամ սկզբունքով»:

Նրա խոսքերով, գործարարների մեծամասնության մոտ «գաղափարական հենք չկա». - «Ուղղակի մարդն ինքն իրեն է պաշտպանում, ոչ թե պաշտպանում է գաղափարը, ոչ թե պաշտպանում է այն քաղաքական որոշումը, որը այդ քաղաքական համակարգը առաջ է քաշել»:

Հարցին, թե ինքը այդ համակարգ մտնելու առաջարկություն է ստացե՞լ է, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. - «Ժամանակին զրույցներ եղել են: Ես իրավունք չունեմ դա հրապարակելու...»:

Ստուգումներով, սակայն, գործը չի սահմանափակվել. կալանավորվել է «Պիցա դի Ռոմա» ընկերության տնօրեն Գեւորգ Սաֆարյանը: Հարկային ծառայության տվյալներով, ընկերությունը իր հասույթը 760 միլիոն դրամով պակաս է ցույց տվել:

Հարկային ծառայությունը 600 միլիոն դրամի կեղծ ձեռքբերումներ է հայտնաբերել նաեւ Սուքիասյաններին պատկանող տպարանում:

Հարկային մարմինները հրաժարվում են հավելյան պարզաբանումներ տրամադրելուց:

«Իշխանությունները ճնշում են այն կազմակերպություններին, ում հետ իրենք փայատերեր չեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սուքիասյանը: - «Մենք դեմ չենք ստուգումների... Մեր կազմակերպությունները կպայքարեն մինչեւ Եվրոպական դատարան: Մենք մեր իրավունքները կպաշտպանենք»:

«Դա չի փոխելու ոչինչ: Ես միշտ կլինեմ նրա [Լեւոն Տեր-Պետրոսյանի]
կողքին: Ես կիսում եմ այդ բոլոր խնդիրները, որոնք նա առաջ է քաշում, եւ այն խնդիրները, որոնք ուզում է լուծել», - եզրափակեց Խաչատուր Սուքիասյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG