Մատչելիության հղումներ

Մարինե Գրիգորյանը հրաժարվել է բացատրություն տալ Գլխավոր դատախազությունում


2007 թվականի մայիսի 12-ին Հայաստանի ոստիկանության գլխավոր քննչական վարչության շենքում վիճահարույց հանգամանքներում մահացած Լեւոն Գուլյանին պատկանող «Պանդոկ» ռեստորանի աշխատակցուհի Մարինե Գրիգորյանը, ով այսօր հրավիրվել էր Հայաստանի գլխավոր դատախազություն` Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի դիմումի կապակցությամբ, հրաժարվել է առանց փաստաբանի որեւէ բացատրություն տալ:

Երեկ Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ դատախազության համապատասխան վարչությունում նյութեր են նախապատրաստվում 2007 թվականի հուլիսի 27-ին ստացված` Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի ստորագրությամբ դիմումի կապակցությամբ, որով «պահանջվում է քրեական գործ հարուցել Հայկ Մելքումյանի եւ Մարինե Գրիգորյանի նկատմամբ Շենգավիթի ոստիկանության բաժնում բռնություններ, խոշտանգումների կիրառելու, անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու համար»:

Մարինե Գրիգորյանը եւ «Պանդոկ» ռեստորանի մեկ այլ աշխատակից Հայկ Մելքումյանը, ինչպես եւ Լեւոն Գուլյանը, մայիսի 9-ին կանչվել էին ոսկտիկանություն` ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության գործով որպես վկաներ: Արդյունքում Գուլյանը վիճահարույց հանգամանքներում մահացել է, Մելքումյանը ենթարկվել է ծեծի, իսկ Մարինեն` արժանացել դաժան ու ստորացուցիչ վերաբերմունքի:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Մարինե Գրիգորյանը այսօր որոշ մանրամասներ պատմեց, թե ինչ է կատարվել մայիսի լույս 10-ի գիշերը: Նախ, ասաց, որ իրեն զանգահարել ու ոստիկանություն են կանչել գիշերը ժամը 3-ին, սակայն ինքն ասել է, որ չի կարող գիշերով գնալ, եւ ոստիկանություն է ներկայացել առավոտյան 8-ին:

«Ինձ հետ վարվել են ոչ մարդկային ձեւով: Նրանց համար նշանակություն չուներ, որ ես կին եմ: Ոստիկանությունում ես չէի կարողանում կենտրոնանալ, որովհետեւ իրենք ինձ հարց չեն տալիս, իրենք ինձ ասում են` պատմի... Բայց ես ի՞նչ պատմեմ, դուք հարց տվեք, որ ես պատասխանեմ... Ինձ ասացին, որ եթե ես չեմ խոսում, ինձ կիջեցնեն «այնտեղ, որտեղ որ խոսում են»` [սպառնալով] դու կբարձրանաս վերեւ` կխոսես: Իսկ այդ տեղը, կներեք, անբարոյականների մոտ էր, որտեղ իրենք առանձին սենյակ ունեն, որտեղ այդ կարգավիճակի մարդիկ են լինում... Ես էլի լռեցի, ես իրենց ոչինչ չկարողացա ասել...»:

Մարինեն ասաց, որ ինքը խուճապի մեջ էր, վախեցած ու ճնշված. - «Մի բաժակ ջուր ուզեցի, ասացին, թե գնա ունիտազից [զուգարանակոնքից] խմի»: Հարցին, թե Շենգավիթի բաժնից կոնկրետ ով այդպես ասաց, Մարինեն պատասխանեց. - «Չգիտեմ, Վարդերեսյան անունով բաժնի պետ էր, ով էր»:

Այդ օրը, Գրիգորյանի պատվելով, իրեն ոստիկանությունում պահել են 12 ժամ` տարել են տարբեր սենյակներ, մի քանի ժամով տարել են դատախազություն:

Իսկ մայիսի 12-ին` Լեւոն Գուլյանի մահված օրը, Մարինե Գրիգորյանին, իր խոսքերով, կրկին կանչել են ոստիկանության Շենգավիթի բաժին եւ ասել, թե ոստիկանության քրեական վարչությունում իրեն է սպասում Հովիկ Թամամյանը, որն ուզում է «մի քանի հարց տալ իրեն»:

«Ինձ նստացրեցին մեքենա, եւ Տիգրանը [Շենգավիթի բաժնի աշխատակիցներից] ինձ տարավ Թամամյանի մոտ», - պատմեց Մարինեն: - «Ճիշտն ասած, ես Թամամյանին չտեսա: Մենք մի 15-20 րոպե ընդունարանում էինք, մեզ ոչ ոք չընդունեց... Սկսեց Տիգրանը իր բջջային հեռախոսով զանգել Թամամյանին, նա չէր վերցնում հեռախոսը: Այդտեղ ես բակի կողմից խուճապ եմ տեսել, ոստիկաններ եմ տեսել... Դեպքը արդեն եղել էր, որովհետեւ, եթե ես երկու քայլ էլ մոտենայի բակին, հաստատ կտեսնեի [Գուլյանի դիակը]... Հետո ինձ շտապ տաքսի նստեցրեցին եւ ուղարկեցին»:

Ոստիկանությունից, հիշեցնենք, պարբերաբար հերքում են տեղեկությունները, թե Թամամյանը հարցաքննել է Գուլյանին:

Ոստիկանների կողմից դաժան ու ստորացուցիչ վերաբերմունքի արժանացած Մարինե Գրիգորյանը, այնուամենայնիվ, հույս ունի, որ բոլոր մեղավորները կպատժվեն` թե’ Լեւոն Գուլյանի մահվան մեջ մեղավորները, եւ թե’ իրեն ու Հայկին բռնության ու ստորացման ենթարկած ոստիկանները:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG