Մատչելիության հղումներ

Իշխանությունը մեղադրում է, Բագրատ սրբազանն՝ օրհնում


Սահմանազատումը խիստ քննադատող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հայտնվել է իշխանության քննադատության թիրախում։

Բարձրաստիճան հոգևորականը, որ մասնակցում ու նաև առաջնորդում է Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաները, իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների կողմից վերջին 10-ը օրերի ընթացքում մեղադրվեց դրսից ղեկավարվելու, Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու ու նաև բիզնես ունենալու մեջ։

«Էն հոգևորական եք ասում, ինչ եք ասում, էն Բագրատը, չգիտեմ, սրբազան եք ասում, ինչ, խնդրում եմ, ով սրբազան ա ասում, գոնե մեր ընկերներից էլ տենց բան չասի», - ասաց իշխանական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:

Բագրատ սրբազանն էլ հայտարարեց. - «Ես օրհնում եմ իրենց, շատ եմ օրհնում»:

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին երեկ իշխող պատգամավորների ելույթներում կարմիր թելով կրկին անցնում էր արքեպիսկոպոսի անունը։ Ընդորում, մինչ իշխանական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը հորդորում էր նրան այլևս սրբազան չկոչել, պատգամավորներ էմա Պալյանն ու Արփի Դավոյանն իրենց ելույթներում սրբազանին խորհրդարանի ամբիոնից արդեն դիմում էին «պարոն Բագրատ» ձևակերպմամբ։

«Պարոն Բագրատն ասում էր՝ հոգևոր Հայաստանը կհաղթի նոր Հայաստանին, ես ցավում եմ, որ մեր եկեղեցականները երազում են այնպիսի Հայաստանի Հանրապետության մասին, որը չունի պետականություն, որտեղ իրենք կարող են առաջնորդություն ստանձնել և ծառայել այլ տերերի ինչպես եղել է: Արցախի թեմի առաջնորդը պետք ա մնար Արցախում ճգներ, եկել ա ռազմատենչ տենց... մնում ա զինվորական հագնեն, գան կանգնեն», - նշեց Արփի Դավոյանը:

Խորհրդարանի ամբիոնից հոգևորականների հասցեին հնչում էին նաև վիրավորական ձևակերպումներ:

«Հայրենիքը անբարոյականները չեն, որոնք վեղարներով փակում են իրենց մեղքի մեջ թաթախված մարմիններն ու հոգիները ու պատսպարվում եկեղեցու պատերի ներքո՝ Աստծուն դարձնելով քավության նոխազ», - ասաց պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը:

Իշխանական պատգամավոր Էմմա Պալյանն էլ կոնկրետ մեղադրանք ներկայացրեց՝ Բագրատ սրբազանին. - «Այլ երկրի շահերը սպասարկող որոշ քաղաքական ուժեր, հոգևորականներ ակտիվորեն զբաղված են Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելու գործով: Դրսից նման հանձնարարական ունեն: Այս ուղղորդված շարժումը ղեկավարում է Տավուշի թեմի առաջնորդ, միևնույն ժամանակ, ըստ մամուլի հրապարակած տվյալների, բիզնեսմեն Բագրատ սրբազանը, մարդ, ով հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղադրված առաջին սահմանային սյունն անվանում է Հայաստանի գերեզմանի առաջին քար: Պարոն Բագրատ, Հայաստանի գերեզմանի առաջին և վերջին քարերը դրել են այն մարդիկ, ում Դուք այսօր սատարում եք»:

Թե կոնկրետ ո՞ր երկրի շահերն են սպասարկում հոգևորականները, ՔՊ - ական պատգամավորները չմանրամասնեց։

«Բոլոր զրպարտողները պետք է պատասխան տան». Բագրատ սրբազանը՝ իշխանական մեղադրանքների մասին

«Ուզում են աչքի ընկնել, իրենց բառերով ասեմ՝ շեֆին աչքի ընկնեն, որ տեսնեն ինչ գեղեցիկ միավորներ կարող են ստանալ, հետո գնան միասին խմելուց ասեն՝ տեսա՞ր ոնց ասեցինք: Բայց մեջս, անկեղծ, ո՛չ թշնամություն կա, ո՛չ ատելություն, ոչ մի բան: Երևի կայնքումս առաջին անգամ է, որ այնքան հանգիստ ու խաղաղ եմ, որովհետև ճշմարտության մասին են մեր ասածները, ուրիշ բան չկա», - ասաց Բագրատ սրբազանն՝ արձագանքելով իշխանական մեղադրանքներին:

Հոգևորականն այսօր «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ իրեն զրպարտողները դատարանում են պատասխան տալու. - «Պետք է դատարանով պատասխան տան կամ եթե ասում են, որ գործակալ ենք ու մինչև հիմա ձերբակալված չենք, ուրեմն նշանակում է, որ երկրում ո՛չ ԱԱԾ կա, ո՛չ պետություն, ո՛չ իշխանություն»:

«Ոչ մեկից չեմ գողացել, 50 ընտանիք շահել է». սրբազանը՝ բիզնես ունենալու մեղադրանքների մասին

Ի դեպ, ստուգելով վերջին օրերին իշխանական մամուլի հրապարակումները, թե արքեպիսկոպոսը բիզնես ունի, ավելի ստույգ՝ «Բիչինա» անվանմամբ մսամթերքի արտադրության սեփականատերն է, «Սիվիլնթ»-ը հետաքննություն է արել ու պարզել՝ «Տավուշի թեմի առաջնորդին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է, իսկ Բագրատ սրբազանը թեկուզև մասնակցել էր արտադրության հիմնադրմանը, սակայն անձնական եկամուտներ չի ստացել»։

Տավուշի թեմի առաջնորդն այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ ոչ մեկից ոչինչ չի գողացել, հիմնադրել է, բայց շահույթ չի ստացել։

«Շատ ուրախ եմ, որ մենք էդ նախաձեռնությունն արել ենք սոցիալական ձեռնարկատիրության, չափազանց ուրախ եմ, հաշիվները կան, մուտքերը կան, ելքերը կան, թող գնան ստուգեն: Եթե ստացել էլ եմ, իրենց ի՞նչ: Այո, շահույթ ունեցել ենք, գիտե՞ք ինչն է շահույթը, 50 ընտանիք է շահել», - նշեց նա:

Իշխանությունը թեև անթաքույց խոսում է սահմանազատման գործընթացը քննադատող հոգևորականների դրսից ղեկավարելու մասին, սակայն կոնկրետ փաստեր չի մատնանշում։ Երեկ Հանրայինի եթերում Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պնդում էր՝ իրենց քննադատող ընդդիմադիր արեքեպիսկսպոսները թող ասեն, թե ում են տեսնում իշխանության ղեկին:

«Նախ չեն ասում՝ ով է իրենց սիրած իշխանությունը, ես վստահ չեմ, որ իրենց սիրած իշխանությունը Հայաստանում է: Թող իրենք ճանապարհ ցույց տան», - ասաց Ռուբինյանը:

«Դերժինսկու անվան սահմանապահ դասակ ստեղծենք հոգևորականների համար». Անդրանիկ Քոչարյան

Հոգորականներին զինվորական դարձնելու և սահման ուղարկելու մասին խոսեց նաև խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. - «Ես կառաջարկեմ, որպեսզի մեր ուժային կառույցները նայեն, քանի որ հարց է բարձրանալու սահմանապահ զորքերի ձևավորման, կարելի է նաև հոգևորականների ձևավորել... տվյալ պահին գործող հոգևորականներից, հատկապես Արցախի թեմի հոգևորականի գլխավորությամբ և Բագրատ սրբազանի, գուցե՝ Շտաբի պետ, մյուսը՝ դասակի հրամանատար, ինչ-որ անվանում դնենք, ասենք՝ Դերժինսկու անվան սահմանապահ դասակ, ու իրենք ծառայություն տանեն մեր արդեն գծված պետական սահմանն ամուր պահելու առնչությամբ»:

Ի դեպ, արքեպիսկոպոսն այսօր «Ազատության» հետ զրույց անդրադառնալով իր հասցեին հնչած տարբեր մեղադրանքներին, չշրջանցեց նաև սոցցանցում թերևս ամենաքննարկվածներից մեկին, որ ամենաշատն էր իրեն ուրախացրել. - «Մեկն էլ գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, այ, ձյուն գա գլխիդ, մեր պապերը կասեին՝ գետը տանի քեզ, չգիտեմ ինչ ասեմ, ծիծաղս էլ ա գալիս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG