«Բարգավաճ Հայաստանի» ցուցակով պատգամավորի թեկնածու նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գործի նախաքննությունն ավարտվել է։
Այս մասին՝ ըստ փաստաբանի տեղեկացել են Գրիգորյանին կալանավորելու որոշումից կես ժամ անց։ Այնինչ, կալանքի հիմքում քննիչները փաստաբան Արսեն Բաբայանի խոսքով՝ նախաքննությանը խոչընդոտելու հանգամանքն էին պնդում։
«Քննիչին ուղղված մեր հարցին, թե ինչի համար է կալանավորվում, քննիչները պնդում էին, որ հաշվի առնելով, որ նոր է ներկայացվել մեղադրանքը, անհրաժեշտություն կա ինտենսիվ քննչական գործողությունների, անհրաժեշտություն կա բացահայտելու, հայտնաբերելու հնարավոր այլ մասնակիցների, վկաների, և պարոն Գրիգորյանը մնալով ազատության մեջ, կխոչընդոտի այդ աշխատանքներին։ Իհարկե, մենք պնդում էինք, որ Գրիգորյանը երեք ամիս ազատության մեջ էր և եթե խոչընդոտելու որևէ ցանկություն լիներ, արդեն խոչընդոտած կլիներ, իսկ դուք, որ 24-ժամյա ռեժիմով իրականացրել եք ներքին դիտում, հեռախոսների խոսակցությունների ձայնագրություններ և այլն, դրա մասին որևէ տվյալ կստանայիք, հետևաբար բացակայում է այդ ռիսկը»,- ասում է Մարտուն Գրիգորյանի փաստաբան Արսեն Բաբայանը:
Գրիգորյանը բանտում է անցած շաբաթվանից, մեղադրվում է նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու համար։ Կալանքի նիստերը փակ են և «Ազատությունը» իրավապահների հիմնավորումներին ծանոթանալու հնարավորություն չի ունեցել։ Փաստաբան Բաբայանը հավելում է, թե դատարանում նաև քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտությամբ են հիմնավորել քննիչները Մարտուն Գրիգորյանի կալանքի տակ լինելը։
«Որևէ քննչական գործողություն, որը հիմք ընդունելով կամ որը կանխատեսելով, քննիչները պնդում էին, որ այդ նպատակով անհրաժեշտություն կա, որ Մարտուն Գրիգորյանը լինի անազատության մեջ կալանքի տակ, տեղի չեն ունեցել և չէին էլ կարող ունենալ, որովհետև նրանք արդեն վարույթը ավարտեցին»,- փաստաբան Արսեն Բաբայանի գնահատմամբ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու նպատակը քաղաքական է.
«Մարտուն Գրիգորյանին երկամսյա կալանքում պահելը կրում է բացառապես պատժիչ բնույթ և ունի քաղաքական նպատակ, որն իմ համոզմամբ կապված է Գյումրիում սպասվող արտահերթ ընտրությունների հետ»,- պնդեց փաստաբանը:
Իսկ թե ինչո՞ւ է վստահ, որ Մարտուն Գրիգորյանի երկամսյա կալանքը պայմանավորված է Գյումրիում հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ անցկացնելու իշխանությունների մտադրության հետ, Բաբայանն ասում է՝ դատարանում տեղի ունեցածն է ամրապնդել իր կարծիքը։
«Եթե վարույթ իրականացնող մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկապես կար անհրաժեշտություն ենթադրյալ հանցագործությունը բացահայտելու համար, ապա այդ բացահայտման ուղղությամբ Հակակոռուպցիոն կոմիտեն պիտի գործողություններ աներ, ապացույցներ հավաքեր, ինչի մասին էլ հենց խոսում էր դատարանում կալանք խափանման միջոցի քննության ժամանակ: Ասում էր՝ ես ունեմ անհրաժեշտություն քննչական գործողություններ անելու: Բայց, փաստորեն, չուներ անհրաժեշտություն, եթե չուներ անհրաժեշտություն, բա ինչի՞ էր դատարանում մեղմ ասած ոչ ճիշտ տեղեկություններ հայտնում և կալանք պահանջում, և ինչի՞ դատարանը տվեց այդ կալանքը: Ընդ որում, դատարանի հարցին ի պատասխան, թե ինչ ունեք անելու, որ բերել եք կալանավորման, նրանք ներկայացրեցին, որ բազմաթիվ քննչական գործողություններ կան պլանավորված, որ պետք է իրականացվեն»,- հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը:
Իշխանական պատգամավորները, սակայն, հավաստիացնում են, թե Մարտուն Գրիգորյանի կալանավորումը քաղաքական ենթատեքստ չունի, իրավական գործընթաց է։
«Տիմ ընտրությունների ժամանակ Մարտուն Գրիգորյանը, մոտարկված թիվ եմ ասում, հավաքել էր 7400 ձայն: Ընդամենը մեկ տարի անց՝ համապետական ընտրությունների ժամանակ, երբ Մարտուն Գրիգորյանը հանդիսանում էր արդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը, Գյումրիում՝ իր գլխավորությամբ հավաքել է 2300 ձայն: Եվ, կարծում եմ, մեկ տարի հետո այս ցուցանիշը ավելի քան խոսուն է, և Մարտուն Գրիգորյանը այլևս գործոն չէ Գյումրիում»,- ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր ՔՊ պատգամավոր Քնարիկ Հարությունյանը:
Մարտուն Գրիգորյանի փաստաբանը հակադարձում է.- «Հաշվի առնելով Գյումրիի նախորդ ընտրություններում Մարտուն Գրիգորյանի ստացած ձայները, նրա ազդեցությունը ավագանու ձևավորման, քաղաքապետի ընտրության հարցում, և շատ լավ ճանաչելով նաև Մարտուն Գրիգորյանի հեղինակությունը Գյումրիում և ամբողջ Հանրապետությունում, իմ համոզմամբ, իշխանությունը նպատակ ունի Մարտուն Գրիգորյանին չեզոքացնել, որպեսզի թույլ չտա մասնակցել Գյումրու ընտրություններին։ Հետևաբար, պիտի արձանագրենք, որ Մարտուն Գրիգորյանն այս պահին քաղբանտարկյալ է և նրա նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում է»։
Կալանքի որոշումը դեռ չեն ստացել, այն բողոքարկելու են։ Գյումրիի անցած տարվա ՏԻՄ ընտրություններում Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքը մոտ 7400 ձայն էր հավաքել ու նաև նրանց աջակցությամբ ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանը քաղաքապետ ընտրվեց։ Այդ ժամանակ նախընտրական փուլում կրկին բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով ձերբակալվեցին Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին։ Ի դեպ, մեկ տարուց ավելի դատարանում գործը քննելուց հետո՝ հիմա այն նորից զրոյից է մեկնարկել, քանի որ գործը քննող դատավորի լիազորությունները դադարեցվել են։ Այս վարույթի հարուցումը ևս քաղաքական է համարում Գրիգորյանների պաշտպանը, նրա խոսքով.
«Մարտուն Գրիգորյանի հորը և որդուն մեղադրանք ներկայացնելով, նրանց նկատմամբ հետապնդում հարուցելով Գյումրու ընտրությունների հետ կապված, իշխանությունը ենթադրում էր, որ դա Մարտուն Գրիգորյանի համար կլինի վախենալու մի բան և ապագա խորհրդարանական ընտրություններին չեն մասնակցի»:
Գյումրիում անցած տարի իշխանությունը կորցրած ՔՊ-ի ներկայացուցիչները վարչապետից մինչև նախարարներ ու պատգամավորներ չեն թաքցնում, որ արտահերթ ընտրությունների են պատրաստվում, բայց գործող ավագանուն լուծարելու օրինական հիմքերն այդպես էլ չեն բացահայտում։ Տարբերակներից մեկը կարող է լինել Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը խոշորացնելը, որից հետո համայնքում ընտրություններ են նշանակվում, սակայն առայժմ նման նախագիծ իշխանությունը դեռ չի շրջանառել։