ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է այս աշնանը հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ և վերսկսել Փհենյանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաների։
Ըստ թերթի՝ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին, երբ Թրամփը կմասնակցի Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության՝ APEC-ի գագաթնաժողովին։ Աղբյուրները, սակայն, նշում են, որ հանդիպման պաշտոնական նախապատրաստությունը դեռ չի սկսվել։
Թրամփն ու Կիմ Չեն Ընը երեք անգամ հանդիպել են ԱՄՆ նախագահի առաջին պաշտոնավարման տարիներին, սակայն Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափման շուրջ բանակցություններն ի վերջո փակուղի են մտել։
WSJ-ի զրուցակից, Սթենֆորդի համալսարանի փորձագետ Ջեֆրի Լյուիսի գնահատմամբ՝ այդ ժամանակից ի վեր Հյուսիսային Կորեան զգալիորեն մեծացրել է իր միջուկային զինանոցը, որն այժմ կարող է մի քանի հարյուր միավոր կազմել։
Թրամփը դեռ 2025-ին էր ցանկանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպել Ասիա կատարած այցի ժամանակ։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Փհենյանը պատրաստակամություն էր հայտնել, սակայն կարճ ժամանակում հանդիպումը կազմակերպել չէր հաջողվել։