Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանը շարունակում է հացադուլը


Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արխիվ
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արխիվ

Ադրբեջանում բանտարկված, Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը 18-րդ օրն է՝ շարունակում է հացադուլը։ Ավելի քան երկու շաբաթվա դադարից հետո նրան թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի հետ։ Շաբաթ օրը Վարդանյանը հարազատներին ասել է, որ եղել է լիակատար մեկուսացման մեջ և անգամ կարդալու հնարավորություն չի ունեցել։

«Այս պահի տեղեկություններով՝ հացադուլը շարունակվում է, և պետք է ասել, որ Ռուբեն Վարդանյանը շատ հստակ պահանջ է ներկայացրել հացադուլը հայտարարելիս՝ պահանջելով Բաքվի բոլոր բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը», - ասաց Վարդանյանի ընկեր և գործընկեր Ռուբեն Հայրապետյանը։

Նրա հաղորդմամբ՝ հացադուլի շրջանում Ռուբեն Վարդանյանին չի այցելել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Հայտնի գործարարի ընտանիքը շարունակում է պահանջել, որ Կարմիր խաչն անհապաղ կերպով այցելի նրան՝ տեղեկանալու Վարդանյանի առողջական վիճակի մասին և համոզվելու, որ հացադուլի ընթացքում նրան ցուցաբերվում է պատշաճ բժշկական օգնություն:

Վարդանյանն օգտագործել է պատժախուց բառը, ասել է նրա որդին

Դավիթ Վարդանյան
Դավիթ Վարդանյան

Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին, ռուսական Business FM-ի հետ զրույցում հաղորդել է, որ հոր հետ զրույցը շատ կարճ է եղել, որդին նկատել է, որ հայրն օգտագործել է պատժախուց բառը։

«Նա ասաց, որ իրեն պահում են մեկուսացման մեջ։ Նույնիսկ «պատժախուց» բառը նշվեց, սարսափելի է հավատալը։ Նա ոչ մի բանի, նույնիսկ գրքերի հասանելիություն չունի։ Ասաց, որ իր մոտ գրեթե ոչ ոք չի գալիս, միակ բանը, որ անում են, ճնշումը չափելն է։ Նրա հացադուլը տևում է գրեթե երեք շաբաթ, արյան ճնշման չափումն առանց այլ ցուցանիշների ստուգման ուղղակի վտանգավոր է։ Մենք ոչինչ չգիտենք նրա առողջական վիճակի մասին, բայց այն օրեցօր վատանում է, ինչպես հասկանում եք։

Մենք վախենում ենք վատագույնից, հեռախոսազանգը միայն խորացրեց մեր մտահոգությունները», - ասել է Դավիթ Վարդանյանը։

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական հարձակումից ու չճանաչված հանրապետության լուծարումից հետո սահմանին Ռուբեն Վարդանյանից բացի, կալանավորել են ևս 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արցախի նախկին 3 նախագահներին։ Հայտնի է, որ այս 8 հոգուց բացի, Ադրբեջանի բանտերում ևս 15 հայեր կան։

Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր արգելափակում են միջազգային ներկայությունը. իրավապաշտպան

«Կարմիր խաչը որոշակի այցելություններ իրականացնում է, սակայն պարբերականությունն է շատ կարևոր, և արդյոք այդ այցելությունների ինտենսիվությունն այնպիսին էր, որ հնարավոր կլինի՞ արդյունավետ կերպով վերահսկել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումը և ունենալ ստուգելի արժանահավատ տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին», - ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիները շահերը պաշտպանող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ ապօրինի կալանավորված անձանց մարդու իրավունքների չխախտման, միջազգային մարդասիրական նորմերի պահպանման համար պետք է, որ նրանց այցելեն խոշտանգումների կանխարգելման հարցերով զբաղվող կառույցներն ու միջազգային այլ կազմակերպությունները։

«Մենք ունենք հստակ դեպքեր, երբ ՄԱԿ-ի հատուկ մեխանիզմները այցելություն կատարելու և տեղերում փաստեր հավաքագրելու նպատակով դիմել են՝ այցելություն կատարելու համար թույտվություն ստանալու նպատակով, սակայն որևէ բավարարում չկա, և Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր արգելափակում են միջազգային ներկայությունը», - շեշտեց Սահակյանը։

Բաքուն Վարդանյանին մեղադրում է ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու և Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով։ Իրավապաշտպանի գնահատականով՝ Վարդանյանն իրականում հետապնդվում է իր տեսակետների ու գործունեության համար, հետևաբար քաղբանտարկյալ է։

Վարդանյանի գործընկեր Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ ապրիլի 24-ին Երևանում երթ են նախատեսել՝ Ադրբեջանում պահվող բոլոր բանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։

«Իրականում համաշխարհային ամոթ է, երբ որ նմանատիպ մարդիկ կարող են ուղղակի կամայականորեն և առանց որևէ հիմքի, շինծու մեղադրանքներով ապօրինաբար ձերբակալվել և պահվել այսքան երկար ժամանակ իրենց երկրից դուրս։ Դա ուղղակի որևէ բացատրություն ունենալ չի կարող, և աշխարհը պետք է արձագանքի սրան», - ասաց նա։

2022 թվականին Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարված ու հայկական անձնագիր ստացած Վարդանյանը 4 ամիս աշխատել է որպես Արցախի պետնախարար, դա համընկավ Արցախի շրջափակման հետ։ Ղարաբաղ տեղափոխվելուց առաջ նա բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում, հիմնել միջազգային դպրոց, կառուցել Տաթևի ճոպանուղին, հիմնադրել «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակը։ Ըստ «Ֆորբս»-ի՝ Վարդանյանը 1 միլիարդ կարողությամբ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է։

XS
SM
MD
LG