Մատչելիության հղումներ

Բաքվի ֆրանսիական ճեմարանը դադարեցնում է իր գործունեությունը


ֆրանսիական ճեմարանի շենքը Բաքվում
ֆրանսիական ճեմարանի շենքը Բաքվում

Ֆրանս-ադրբեջանական հարաբերություններում լարվածության ֆոնին Բաքվի ֆրանսիական ճեմարանը դադարեցնում է իր գործունեությունը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ պետական լրատվական գործակալությունը։

Ուսումնական հաստատության փակման պաշտոնական պատճառների մասին չի հաղորդվում։

Ֆրանսիական դպրոցը, որը նախատեսված է 300 աշակերտի համար, գործում է 2014 թվականից, դրա բացման արարողությանն անձամբ մասնակցել են Ադրբեջանի նախագահն ու նրա կինը։

Կրթական հաստատության կայքէջի համաձայն, ճեմարանում կրթությունը հիմնված է ֆրանսիական պետական ուսումնական ծրագրի վրա։

Օրերս Փարիզը հետ կանչեց Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդեց, որ որոշման պատճառը «Ադրբեջանի միակողմանի գործողություններն են, որոնք վնաս են հասցրել երկու երկրների միջև հարաբերություններին»։

Բաքուն էլ Փարիզին «հակաադրբեջանական» քայլերի մեջ մեղադրեց։ «Չնայած մեր երկրի դեմ զրպարտչական արշավին, մենք միշտ բաց ենք պահել դռները երկխոսության համար»,- ասել էր Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։

XS
SM
MD
LG