1945 թվականից ի վեր առաջին անգամ Եվրոպայում պատերազմը կրկին «իրական» է դառնում, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախկին նախագահ, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ այս պաշտոնում միջազգային լրատվամիջոցներին տված իր առաջին հարցազրույցում։
La Repubblica-ի փոխանցմամբ, Տուսկն ասել է, որ անհանգստացած է Ռուսաստանից եկող սպառնալիքների համար և կոչ է արել Եվրոպային՝ ակտիվացնել պաշտպանությունն ուժեղացնելու ջանքերը։
«Մանկությունից հիշում եմ մեր տան պատին մի լուսանկար կար, որում պատկերված էր «Սոպոտի» լողափն ու ժպտադեմ մարդիկ։ Լուսանկարն արվել էր 1939 թվականի օգոստոսի 31-ին: Ժամեր անց, հինգ կիլոմետր հեռավորության վրա, սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Գիտեմ, որ այն կործանարար է հնչում հատկապես երիտասարդ սերնդի համար, բայց մենք պետք է մտովի համակերպվենք նոր դարաշրջանի գալուստին: Նախապատերազմյան դարաշրջան․ ես չեմ չափազանցնում, սա ամեն օր ավելի ու ավելի ակնհայտ է դառնում», - ասել է Լեհաստանի վարչապետը։
Ընդգծելով, որի չի ցանկանում որևէ մեկին վախեցնել, Տուսկը միևնույն ժամանակ շեշտել է՝ «պատերազմն այլևս անցյալի հասկացություն չէ, այն իրական է, իրականում այն սկսվել է ավելի քան երկու տարի առաջ»։
«Եթե մենք չկարողանանք աջակցել Ուկրաինային բավարար տեխնիկայով և զինամթերքով, եթե Ուկրաինան պարտվի, Եվրոպայում ոչ ոք չի կարողանա իրեն ապահով զգալ», - ասել է Լեհաստանի վարչապետը։
Դեկտեմբերին Լեհաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Տուսկն առաջինն այցելեց Կիև։ Այցի մասին նախապես չէր հայտարարվել։ Այցի մեկնարկին Լեհաստանի վարչապետն X-ի իր էջումր գրել էր, որ Ուկրաինային ռազմական օգնության ցուցաբերումը «Վարշավայի թիվ մեկ առաջնահերթությունն է»։