Մատչելիության հղումներ

Ֆրանսիան հիմա էլ փորձում է Կովկասում խաղաղապահի դեր ստանձնել, «Ռուսաստանն է խաղաղապահը»․ Զախարովա


Աֆրիկյան քաղաքականության ձախողումից հետո Ֆրանսիան հիմա էլ փորձում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահի դեր ստանձնել, թեև այնտեղ Ռուսաստանն է խաղաղապահ գործունեություն իրականացրել, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ Զախարովան ընդգծել է, թե Աֆրիկայում ֆրանսիական քաղաքականության ձախողման ֆոնին Հարավային Կովկասում Փարիզի ակտիվությունը նմանվում է «մի տեսակ փոխհատուցման»։

Ըստ ՌԴ ԱԳ ներկայացուցչի՝ Փարիզի «փորձերը» Կովկասում «իբրև թե խաղաղապահ ջանքեր են ներառում»:

«Մենք հասկանում ենք, որ սա կապ չունի խաղաղապահության հետ։ Մեր երկիրն իր վրա վերցրեց և կատարեց ողջ խաղաղապահ դերը՝ նույնիսկ որպես միջնորդ ԼՂ կարգավորման համատեքստում։ Հիմա, երբ ամենադժվար փուլը ավարտված է, հուսանք, որպես ՆԱՏՕ-ի անդամ, նրանք չեն սկսի նորից բորբոքել կրակը։ Եվ այժմ, երբ ամենասարսափելին հետևում է, նրանք ուզում են իրենք իրենց այնտեղ «ցույց տալ», - ասել է Զախարովան։

Անցած տարվա սեպտեմբերին ռուս խաղաղապահներն էին Լեռնային Ղարաբաղում, երբ Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց։ Արցախում սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար հայեր ստիպված լքեցին իրենց տները, ընդհանուր առմամբ, ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ավելի ուշ իր հարցազրույցներից մեկում հայտարարեց՝ ռազմական գործողությունները սկսելուց հետո, ժամեր անց հասկացել են, որ մենակ են այդ ագրեսիայի դեմ՝ «ռուսական կողմը գտնվում էր, կարելի է ասել, դիտորդի կարգավիճակում»։

Մինչ 2023-ի սեպտեմբերը ռուս խաղաղապահները չեն կանխել արյունալի մի շարք այլ միջադեպեր, ինչպես նաև ջանք չեն գործադրել Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի բացման համար։

Մոտ 2000 անձնակազմով խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ հինգ տարի ժամկետով, որը լրանում է 2025-ին։

XS
SM
MD
LG