Մատչելիության հղումներ

Տասնյակ միլիոնների անվճար բենզին քաղաքապետարանի՝ մեքենա ունեցող աշխատակիցներին


Երևնի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Երևնի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Երևանի քաղաքապետարանն ամեն տարի տասնյակ միլիոնների անվճար բենզին է տալիս անձնական մեքենա ունեցող աշխատակիցներին։ Բացատրում են՝ սա օգնություն է մեքենաները ծառայողական նպատակով օգտագործելու դիմաց։

Իսկ աշխատակիցներն ինչպե՞ս են հիմնավորում, որ վառելիքը գործի մեջ են կիրառել, այլ ոչ, օրինակ, աշխատանքի գնալ-գալու կամ ցանկացած այլ անձնական նպատակով. քաղաքապետարանից «Ազատությանը» ուղիղ ու հստակ պատասխանել են՝ հաշվետվողականության պահանջ չկա։ Այսինքն՝ բենզին ստացած աշխատակիցները որևէ կերպ չեն հիմնավորում, թե ինչպես են օգտագործել այն։

«Կոռուպցիոն բավականին լուրջ ռիսկ պարունակող պրակտիկա է», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ այս տարի քաղաքապետարանի 15 վարչությունների աշխատակիցներին ամեն ամիս ընդհանուր առմամբ 12 հազար 430 լիտր բենզին է հատկացվում։ Երևանցիների վճարած հարկերով տրամադրվող այս «օգնության» համար շուրջ 80 միլիոն դրամ են նախատեսել ծախսել՝ գրեթե 200 հազար դոլար։

Բենզինի օգնության որոշումների տակ նախկին քաղաքապետերն էլ են ստորագրել՝ և՛ Տարոն Մարգարյանը, և՛ Հայկ Մարությանը, և՛ Հրաչյա Սարգսյանը։

Վերջին տասնամյակի խճճված ու տեղ-տեղ ոչ ընթեռնելի փաստաթղթերն ուսումնասիրելով «Ազատություն»-ը պարզել է՝ Հանրապետականի կառավարումից հետո այս օգնության ծավալը Հայկ Մարությանի օրոք նվազել է, հետո՝ կրկին աճել:

2016-ին ամսական 14 հազար 90 լիտրով են օգնել՝ սրա համար այդ տարի 75 միլիոն դրամ են տրամադրել։ Հաջորդ տարի վառելիքի ծավալն աճել է՝ անցնելով ամսական 15 հազարը լիտրը, 2018-ին փոփոխություն չէին նախատեսել, հեղափոխությունից հետո, սակայն, Տարոն Մարգարյանի ավելի վաղ ստորագրած որոշումն ուժը կորցրած ճանաչեցին, բայց հետո դարձյալ որոշեցին վառելիքով օգնել։

2019-ին՝ Մարությանի կառավարման առաջին տարում բենզինի ծավալը 6 հազար լիտրով կրճատվել է, գումարն էլ 40 միլիոն դրամ է կազմել։ Հաջորդող երկու տարիներին թվերը գրեթե անփոփոխ են մնացել։ 2022-ին, երբ արդեն Հրաչյա Սարգսյանն էր քաղաքապետի աթոռին, ամսական շուրջ 1000 լիտր ավելին են տվել, գումարն էլ գերազանցել է 50 միլիոն դրամը։ Անցած տարի՝ հրաժարական տալուց առաջ Սարգսյանը ամսական շուրջ 11 հազար լիտրով օգնելու որոշում ստորագրեց։ Տիգրան Ավինյանը աշնանը ստանձնեց պաշտոնը։ Այս հունվարին նա որոշեց 12 հազար 500 լիտր բենզին տալ իր աշխատակիցներին։

Ռեգուլյար տեսակի բենզինը քաղաքապետարանն այս տարի գնել է CPS-ից՝ մեկ լիտրը 490 դրամով։ Պայմանագիրը կես տարով են կնքել, տարվա համար նախատեսվածի ուղիղ կեսը՝ 75 հազար լիտր վառելիք են գնել, ըստ էության, առաջիկայում մյուս մասն էլ ձեռք կբերեն։

Վարուժան Հոկտանյանն ասում է՝ հենց այսպիսի երևույթները 2018-ին մարդկանց փողոցներ հանեցին, իշխանությունները պետք է այլ ճանապարհով գնային. - «Այսինքն՝ նաև այն, որ պետական փողերը կամ համայնքային փողերը կամ, ինչպես ընդունված է ասել, հարկատուների փողերը հայտնի չէ, թե ինչպես էին ծախսվում, հիմա սա այդ դրևորումներից մեկն է»:

Բաշխման մեխանիզմը նույնն է ամեն տարի. քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետը վարչությունների պետերին բենզին է բաժանում, նրանք էլ, իրենց հերթին, ներկայացնում են, թե ում ինչքան են տվել՝ բենզին ստացող աշխատակիցների համապատասխան ստորագրություններով։ Ըստ այս որոշումների՝ պատասխանատվությունը վառելիք ստացող վարչությունների ղեկավարների ուսերին է, հսկողությունն էլ անձամբ քաղաքապետը պետք է իրականացնի։

Քաղաքապետարանի պատասխանը վկայում է՝ այս շղթայում որևէ մեկը չի հետևում, թե ի վերջո վառելիքն ինչի համար են օգտագործում, բայց հավաստիացնում են՝ աշխատանքային պարտականությունները կատարելու համար է այս ամենը. - «Առանց այս կարգավորման աշխատանքն ուղղակի կձախողվի, քանի որ հիմնականում բենզինը տրամադրվում է օպերատիվ ծառայություն իրականացնող ստորաբաժանումներին, որոնք աշխատում են 24/7 ռեժիմով և շատ հաճախ չնախատեսված երթեր են իրականացնում՝ կապված մասնագիտական գործառույթներից»։

Մի քանի բաժնի անուն են տալիս. քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն, հասարակական կարգի պահպանության ծառայության, կոմունալ տնտեսության վարչություն։ Բենզին, սակայն, հատկացվում է 12 այլ ստորաբաժանումների ևս. սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը կամ, օրինակ, հաշվապահները գիշերները հրատապ այցերի կարիք ունենո՞ւմ են:

Բենզին նաև տրանսպորտի վարչությունն է ստանում, այսինքն` հասարակական տրանսպորտի աշխատանքը կազմակերպողները, չնայած երթևեկությունը թեթևացնելու հորդորդներին, իրենք են անձնական մեքենաներ օգտագործում:

2015-ին դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին սա դուր չէր գա. - «Իրա գործը մեր բոլորի, ժողովրդի համար գործի գնալու, տուն գնալու պայման ապահովելն ա, էդ մարդու աշխատանքը պտի ավտոբուսի մեջ ա, երթուղայինի մեջ ա, մի հատ բացատրեք իրան՝ մենք ինչի ենք տալիս»:

Հեղինակավոր հակակոռուպցիոն կազմակերպության երկարամյա աշխատակից Վարուժան Հոկտանյանը թափանցիկություն ապահովելու պարզ տարբերակ է առաջարկում. - «Վճարումը կատարվեր հետո՝ ծառայողական նպատակով մեքենան օգտագործվեր, որից հետո ներկայացվեր, ընդ որում՝ նշվեր՝ որտեղից որտեղ է գնացել այդ աշխատակիցը: Դա ինչ-որ չափով կլիներ լուծում»:

Բենզին ստացող ստորաբաժանումների կազմը պարբերաբար թարմանում է. Տարոն Մարգարյանի ժամանակ նաև քաղաքապետի օգնականներին ու խորհրդականներին են վառելիք տվել, գլխավոր դիզայներին էլ է բաժին հասել, հիմա նրանք ցանկից դուրս են մնացել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG