Մատչելիության հղումներ

Բեռնափոխադրողներն ասում են՝ Լարսի մասով ռուս մաքսայիններից զգուշացում են ստացել


ՀԱՊԿ-ից դուրս գալը չբացառելու ու Եվրամիության թեկնածու դառնալու մտադրության մասին հայտարարությունների ֆոնին՝ տեղեկություններ են տարածվում Վերին Լարսի փակման վերաբերյալ։

Հայաստանյան բեռնափոխադրմամբ, արտահանմամբ զբաղվող մի քանի ընկերություններից այսօր հաստատեցին՝ ռուսաստանցի մաքսայիններից նման ոչ պաշտոնական նախազգուշացում ստացել են, սակայն այս պահին անցակետը բաց է։

«Նախազգուշացրել են, որ կարող է և այդպես լինի՝ վերադարձ, այսինքն՝ մեքենաները հասնեն Լարս, և բնականաբար, ինչ-որ խնդիրներ են գտնելու որակային, փաստաթղթաշրջանառության հետ կապված և այլն, և մեքենաները հետ են ուղարկելու Հայաստանի Հանրապետություն», - «Ազատությանն» ասաց միրգ-բանջարեղեն արտահանող ընկերության տնօրեն Գևորգ Ղուկասյանը։

Այս խոշոր ընկերությունում կարծում են՝ ռուսական կողմը ժամանակ առ ժամանակ քաղաքական դրդապատճառներով է լարում իրավիճակը Լարսում։

Գործարար Գևորգ Ղուկասյանը ասածը նաև սեփական փորձով է հիմնավորում. անցած տարեվերջին ընկերության մրգով բարձված բեռնատարը ռուս մաքսավորները հետ են ուղարկել՝ պատճառաբանելով որակական չափանիշներին անհամապատասխանությունը։ Բայց, նրա խոսքով՝ նույն այդ բեռնատարը նույն բեռով օրեր անց արդեն հատել է ռուս-վրացական սահմանը առանց որևէ խոչընդոտի. - «Նույն ապրանքը մենք հետ բերեցինք Լարսից, սառնարան տեղավորեցինք, 10 օր հետո հանդարտվեցին քաղաքական կրքերը, մեքենան գնաց, անցավ Վերին Լարսը»։

Հիմա էլ, թեև բաց է անցակետը, սակայն իրենց բեռնատարները տեղում արդեն ժամերով կանգնած են, ասում է՝ զննության պատրվակով։ Գործարարը մտավախություն ունի՝ հնարավոր է՝ դարձյալ օրեր տևի զննությունը, կրկին կորուստներ կրեն։

Մաքսային կցորդը հերքում է լուրերը

Վերին Լարսը փակվելու մասին խոսակցությունները ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը հերքում է։ Նրա խոսքով՝ հենց տեղում այսօր ռուս գործընկերները են հավաստիացրել։

«Ինքս դրան ականատես եմ եղել, որ հայկական բեռների ձևակերպումների հետ կապված ոչ մի խնդիր, ոչ մի սահմանափակում կամ խոչընդոտ չկա, հայկական բեռները երկու ուղղություններով մտնում և դուրս են գալիս Ռուսաստանի սահման, նույնը վերաբերում է նաև հայկական թեթև մարդատար մեքենաներին, որովհետև խոսակցություններ կային նաև, որ այդ մասով սահմանափակումներ կլինեն», - ասաց նա։

Լարսը փակվելու չհաստատված լուրերը հաջորդում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի օրերս արած հայտարարություններին, թե Մոսկվան հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և հետևություններ կանի սեփական գործնական քայլերը պլանավորելիս։

Այս հայտարարությունից օրեր անց ռուսական կողմի նախաձեռնությամբ երեկ կայացավ Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցը։

Դրա մասին հայկական կողմն առաջինը տեղեկացրեց՝ հայտնելով միայն՝ Միրզոյանն ու Լավրովը քննարկել են երկկողմ և տարածաշրջանին վերաբերող հարցեր՝ առանց այլ մանրամասների։ Արդյոք Լարսի հարցին անդրադարձ եղել է՝ պաշտոնական հաղորդագրություններից պարզ չի դառնում։

Երևանը նաև տնտեսությունն է դիվերսիֆիկացնում. Արմեն Գրիգորյան

Երևանը ոչ միայն անվտանգությունն է դիվերսիֆիկացնում, այլև տնտեսությունը, այսօր արտաքին տնտեսական անվտանգության թեմայով իշխող ուժի հետ քննարկումից հետո հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Նախկինում եթե մեկ երկիր, կոնկրետ Ռուսաստանը որոշում էր մեզ ռազմամթերք չմատակարարել, մենք կոլապսի առաջ էինք կանգնում, հիմա եթե այդպիսի մի երկիր լինի, մենք ունենք չորս այլընտրանք գործընկեր երկիր, ինչպես նաև Հայաստանում արտադրություն, և այդպես մեր հարցերը լուծելու ենք», - հավաստիացրեց նա։

Մինչդեռ արտահանողները հարց են բարձրացնում՝ ի՞նչ է անում կառավարությունը այլընտրանքային շուկաներ ապահովելու համար։

Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է։ Միայն անցած տարվա տասը ամիսներին առևտրաշրջանառությունն այդ երկրի հետ անցել է 5 միլիարդ դոլարի սահմանը։

«Մենք այնքան չնչին քանակ ենք ապահովում իրենց համար, որ իրենք նույնիսկ այդ «Ջերմուկը» փակեն կամ վաղը, մյուս օրը ծիրանը փակեն, իրենք այլընտրանք ունեն՝ ուրիշ ապրանքների ձեռքբերման շուկա ունեն», - ասաց Գևորգ Ղուկասյանը։

Իշխող պատգամավորը չի կարծում՝ Երևանից հնչող հայտարարությունները կարող են տնտեսական հարաբերությունների վրա ազդել

Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Սարգիս Խանդանյանն այսօր ասաց, թե չի կարծում՝ Երևանից հնչող հայտարարությունները կարող են տնտեսական հարաբերությունների վրա ազդել։

«Չեմ կարծում, որ այս հայտարարությունները, կամ եթե նույնիսկ դրան հետևեն կոնկրետ գործողություններ, դա կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի տնտեսական հարաբերություններում ինչ-որ հարցեր առաջանան», - նշեց նա։

Միևնույն ժամանակ իշխանական պատգամավորը չբացառեց, որ Մոսկվան կարող է նաև Վերին Լարսը փակել. - «Ժամանակակից միջազգային հարաբերություններում և աշխարհում ստեղծված իրավիճակում ես կխուսափեմ որևէ բան բացառելուց»։

Հայկական բեռնափոխադրողները ժամանակ առ ժամանակ խնդիրների են բախվում Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհին։ Օրինակ՝ օրերս հայտնի դարձավ, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը որոշել է ժամանակավոր սահմանափակումներ կիրառել հայկական Max Fish ընկերության արտադրանքի նկատմամբ:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ռուսական կողմն աղիքային ցուպիկների բակտերիա է հայտնաբերել ընկերության կարմիր խավիարում: Ավելի վաղ խնդիրներ էին առաջացել հայկական կոնյակի, կաթնամթերքի, պտուղ -բանջարեղենի հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG