Մատչելիության հղումներ

Որևէ միջանցքի ստեղծման ուղղությամբ Հայաստանը պարտավորություններ չի ստանձնել. Արարատ Միրզոյան


2023-ի սկզբից Հայաստանը կառուցողականորեն և բարեխիղճ կերպով ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում

2023 թվականի սկզբից Հայաստանը կառուցողականորեն և բարեխիղճ կերպով ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում, որոնք ուղղված են եղել հարաբերությունների կարգավորմանը, ամփոփիչ ասուլիսին ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Այս գործընթացում շարունակել են առանցքային մնալ մի շարք սկզբունքներ», - նշեց Միրզոյանը՝ հիշեցնելով դրանք։

Նախ և առաջ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը առանց երկիմաստությունների և առանց տարընթերցման տեղ թողնող ձևակերպումների, նշեց նա։

Միրզոյանն ընդգծեց Հայաստանի կողմից մշտապես նշվող հանգամանքը՝ սահմանը պետք է սահմանազատվի Խորհրդային Միության իրավասու մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակում կազմված քարտեզների հիման վրա։ Երևանը մշտապես 74-78 թվականների քարտեզների մասին է հիշատակել, սակայն Միրզոյանն ասաց, որ ադրբեջանական վերջին առաջարկն էլ՝ կիրառել 1974-1990թթ. քարտեզները, պատրաստ էին դիտարկել, միաժամանակ նկատեց. - «Օրինակ՝ Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական բուն առաջարկից որոշակի հետընթաց է ենթադրվում»։

Հայաստանի համար հետագա սահմանազատման գործընթացում առավելագույն հստակությունն առանցքային է, շեշտեց արտգործնախարարը, նաև հիշատակեց Ալմա-Աթայի հռչակագիրը, որով ԽՍՀՄ նախկին հանրապետություններն ընդունել են, որ նախկին խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև սահմանները հետայսու ճանաչվում են բոլորի կողմից իբրև նորանկախ պետությունների միջև սահմաններ։

«Նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի, մենք շարունակում ենք մնալ վճռական, որ սահմանազատման գործընթացի ընթացքում համապատասխան հանձնաժողովնրը պետք է վերարտադրեն իրավական հիմքերով սահմանները այն կերպ, ինչպես նրանք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին», - ասաց նա՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին։

«Երրորդ էական սկզբունքը տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է երկրների ինքնիշխանության իրավազորության ներքո՝ համաձայն փոխադարձության և համաձայնության սկզբունքների», - հիշեցրեց նա՝ հավելելով, սակայն, որ այստեղ ևս հետընթաց են տեսնում Ադրբեջանի կողմից։

Ականապատ դաշտերի քարտեզների մասին

Բաքուն օրերս կոչ էր արել միջազգային հանրությանը «պարտադրել Երևանին հանձնել ականապատ դաշտերի քարտեզները»։

Արարատ Միրզոյանը նշեց, որ հայկական կողմը արդեն երկու անգամ Ադրբեջանին հանձնել է ականապատ դաշտերի քարտեզները, որից հետո ադրբեջանական կողմը դժգոհել է, որ դրանք ճշգրիտ չեն արտացոլում ականների տեղակայումը։

Նա ընդգծեց, որ այդ նույն տարածքների ականապատումը հաճախ սկսվել է հենց Ադրբեջանի կողմից 90-ականների սկզբին, այնուամենայնիվ ասաց, որ հայկական համապատասխան մարմինները աշխատանք են տանում նաև հարցումների ճանապարհով վերականգնել տեղեկատվություն՝ հնարավոր նոր ականների վերաբերյալ։

«Չեմ բացառում, որ երկուստեք կառուցողական մոտեցումների դեպքում, վստահության ամրապնդման քայլերի դեպքում կարողանանք վերականգնել հավաստի տեղեկատվություն, չեմ բացառում, որ նորից փոխանցենք ադրբեջանական կողմին։

Թեև այս անգամ այդ գործողությունը պետք է արվի միջազգային գործընկերների կողմից», - հավելեց նա։

Հանդիպելու առաջարկի դեպքում Միրզոյանը կդիտարկի այն

Հայտարարելով, որ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին՝ Միրզոյանը հույս հայտնեց, որ Ադրբեջանը շուտով կվերադառնա կառուցողական դաշտ, և կհաջողվի ավարտին հասցնել վաղուց սկսած խաղաղության գործընթացը։ Հայկական կողմը, նրա փոխանցմամբ, ունի տպավորություն, որ Բաքուն ունի խնդիրները սրելու քաղաքական կամք։

Բանակցել միջնորդներո՞վ, թե՞ ուղիղ. Միրզոյանն ասաց՝ դա Հայաստանի համար սկզբունքային չէ. - «Համարում եմ ֆորմատի հարցը փոքր-ինչ արհեստական, ՀՀ-ն պատրաստ է բանակցությունները շարունակելուն»։

Սահմանին արտգործնախարարների ուղիղ բանակցություններ անցկացնելու մասին Բաքուն էր խոսել։ Տարեվերջին նման առաջարկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր արել։ Դրան հաջորդել էր Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե յուրաքանչյուր ձևաչափն ունի իր առավելությունները, բայց նախընտրում են ուղիղը։

Արարատ Միրզոյանն ասաց՝ սահմանին հանդիպելու առաջարկ չի հիշում, լսել է գաղափար, այդպիսի առաջարկ ստանալու դեպքում կդիտարկեն այն։

Կոնկրետ այս պահին երկու երկրների ղեկավարների կամ արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում կազմակերպելու ջանքեր կան միջնորդների կողմից, բայց պայմանավորվածություններ չկան՝ նրա խոսքով։

Էսկալացիայի հավանականություն այս պահին էլ առկա է. արտգործնախարար

Էսկալացիայի հավանականություն այս պահին էլ առկա է, ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Ռուսաստանում և ԵՄ-ում կայանալիք ընտրությունները կարող են մեծացնել այն։

«Այն հռետորաբանությունը, որին ականատես եղանք Ադրբեջանի նախագահի հարցազրույցում, թույլ չի տալիս մեկ վայրկյան անգամ թուլացնել մեր զգոնությունը, ավելին՝ նույն հարցազրույցում մենք լսեցինք անթաքույց տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ», - ասաց նա՝ հավելելով, որ ռացիոնալ կլինի մտածել, որ այդ էսկալացիայի հավանականությունը կարող է մեծանալ այս ընտրություններին զուգահեռ։

Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի, տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել էր Իլհամ Ալիևը։

Այսօր ևս մեկ անգամ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց՝ որևէ միջանցքի ստեղծման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ չի ստանձնել ոչ նոյեմբերի 9-ի, ոչ էլ այլ՝ հետագա հայտարարություններով։

«Ադրբեջանի նախագահի երեք պահանջն էլ ՀՀ ինքնիշխանության խախտում է ենթադրում։ Մենք չենք կարող ընդունելի համարել, որ որևէ մեկը, որևէ երկրի քաղաքացի մեր սահմանը անցնի առանց սահմանային վարչարարության։ Մենք պատրաստ ենք պրոցեդուրաների պարզեցման, տեխնոլոգիաները արդյունավետ լուծումներ կարող են տալ, կարող ենք քննարկել», - նշեց նա։

Սահմանադրության փոփոխության քննադատությունների մասին

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների պնդումներին, թե Ադրբեջանի պահանջով է Հայաստանը ցանկանում գնալ նոր Սահմանադրության ընդունման, ԱԳ նախարարը չհամաձայնեց՝ դա չափազանցություն որակելով։

«Երկու կողմն էլ իրավական խնդիրներ տեսել են այս առումով, այդ խնդիրները ներկայացրել են միմյանց և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ։ Այո, որքան որ Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի՝ սկսած իրենց Սահմանադրությունից»,- ասաց նա։

Միրզոյանի կարծիքով՝ Սահմանադրությունն առաջին հերթին ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է, չնայած հավելեց՝ ցանկացած սահմանադրություն ավելի լայն ազդեցություն ունի՝ անդրադառնում է արտաքին հարաբերություններին։

«Այս առումով մեր Սահմանադրությունն էլ բացառություն չէ, Ադրբեջանի Սահմանադրությունն էլ բացառություն չէ»,- նշեց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG