Մատչելիության հղումներ

Բաքուն ուսումնասիրում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանի վերջին առաջարկները


Հայաստանը այս պահին, թվում է, թե պատրաստ է ընդունել Ադրբեջանի հինգ սկզբունքները, եթե երեք տարի առաջ համաձայնեին «հակաահաբեկչական գործողության» կարիք չէր լինի, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» խորագրով ֆորումի ժամանակ։

Իլհամ Ալիևը դժգոհել է, թե Երևանն ու Բաքուն հինգ-վեց անգամ մեկնաբանություններ են փոխանակել՝ վեց-յոթ էջանոց փաստաթուղթ, բայց վերջին անգամ 70 օր պահանջվեց Երևանից՝ Բաքվին պատասխանելու համար։

«Սա ցույց է տալիս, որ խաղաղությունը ձգձգողը ոչ թե Ադրբեջանն է, այլ Հայաստանը։ Չգիտեմ՝ ինչու էին ուշացնում, միգուցե իրենց որոշումն էր, միգուցե իրենց եվրոպական մայրաքաղաքների, ընկերների խորհուրդն էր, չեմ կարող ասել, միայն ենթադրություններ ունեմ։ Հիմա մեր արտգործնախարարությունն ուսումնասիրում է այդ առաջարկները ու կպատասխանի։ Դրանից հետո պատշաճ կլինի, որ արտգործնախարարները հանդիպեն», - ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ Բաքուն և Երևանը դեռ մոտ չեն կոնսենսուսին, բայց բազմաթիվ կարևոր խնդիրներ, որոնց վրա կենտրոնանում էր հայկական կողմը, այլևս գոյություն չունեն։

«Հույս ունեմ, որ երկար ժամանակ չի պահանջվի՝ համաձայնության գալու համար։ Բայց մի դիտարկում անեմ՝ խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ չի ներկայացնում խաղաղությունը։ Մենք բազմաթիվ խաղաղության պայմանագրեր գիտենք, որոնք չեղարկվել են, և գիտենք երկրներ, որոնք ապրել են առանց պայմանագրի», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևի խոսքով՝ Բաքուն պետք է հստակ, ամուր երաշխիքներ ունենա, որ «ռևանշիզմ» չի լինի Հայաստանի կողմից։

«Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում և շատ լավ գիտենք, որ եվրոպական մայրաքաղաքներում Հայաստանը շատ վատ խորհրդատուներ ունի», - ասել է Ադրբեջանի նախագահն՝ առանց հիշատակելու այդ մայրաքաղաքների անունները։

«Ինձ թվում է, որ բոլորը հասկանում են, թե ում նկատի ունեմ։ Մինչև հիմա սադրիչ խորհուրդներ են տվել, բայց չենք բացառում, որ դրանք կդառնանք դեստրուկտիվ խորհուրդներ, դրա համար մենք պետք է երաշխիք ունենանք, որ երկու երկրների միջև այլևս պատերազմ չի լինի և Հայաստանը ամբողջովին ընդունում է ստեղծված իրավիճակը», - ասել է Ալիևը։

«Մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում՝ ռազմական ճանապարհով»

«Մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում», - այսօր նաև հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

«Մենք դա արել ենք ռազմական ճանապարհով։ Կարծում եմ՝ սրան պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։ Դա վերաբերում է ոչ միայն Կովկասին։ Մենք ցույց ենք տվել, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով», - ասել է Ալիևը։

Ընդգծելով, որ Մինսկի խմբի համանախագահները միակարծիք էին, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, պետության ղեկավարը շեշտել է՝ Բաքուն ապացուցել է, որ երեք (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) երկրներն էլ սխալվել են։

«Չնայած իրենց պատմությանը, միջազգային փորձին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությանը, նրանք սխալվեցին։ Սա սխալ գնահատական էր։ Սա մեսիջ էր Ադրբեջանին, որ եթե փորձես ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծել, դրան չես հասնի։ Բայց մենք ապացուցել ենք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում ունի։ Այս հակամարտությունը լուծվել է 3 տարի առաջ», - ասել է Ալիևը։

«Բաքվի վերաինտեգրման առաջարկները դեռ ուժի մեջ են»

Բաքվի վերաինտեգրման առաջարկները դեռ ուժի մեջ են, և գրանցման պորտալը գործում է, այսօր նաև հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

«Երկուսուկես տարի առաջ, երբ վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը, տեսանք, որ Ղարաբաղում հայկական մեծ զորախումբ կա, որոնք անտեսում են միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները», - ասել է Ալիևը։

Խոսելով Ղարաբաղի հայերի ճակատագրից՝ Ադրբեջանի նախագահն ասել է՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Բաքվի դիրքորոշումը հստակ էր՝ կա՛մ նրանք դառնում են Ադրբեջանի քաղաքացի, և նրանց համար ստեղծված են բոլոր իրավական դաշտերը, կա՛մ այլ բնակության վայր են ընտրում։

«Լաչին վերադարձած բնակիչների հետ հանդիպմանը ես ասացի, որ եթե անջատողական առաջնորդները հանձնվեն, ապա նրանց նկատմամբ կարող է կիրառվել համաներում։ Ցավոք սրտի, իմ խոսքերը դարձյալ պատշաճ կերպով չգնահատվեցին։ Այսօր անջատողականների առաջնորդներն Ադրբեջանում են։ Նրանք մեզ սպառնում էին, որ տանկերով կգան Ադրբեջան և Բաքու։ Այսօր նրանք Բաքվում սպասում են մեր դատական համակարգի վերջնական վճռին», - ասել է Ալիևը։

«Նրանք հրաժարվեցին Եվլախում բանակցություններից, իսկ սեպտեմբերյան դեպքերից հետո իրենք երկու անգամ եկան այնտեղ»

Անդրադառնալով Ղարաբաղի հայերի հետ բանակցություններին՝ Ադրբեջանի նախագահը նշել է՝ «նրանք հրաժարվեցին հանդիպել Եվլախում, իսկ սեպտեմբերյան դեպքերից հետո իրենք երկու անգամ եկան այնտեղ»։

«Մեր ներկայացուցիչների և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների առաջին հանդիպման ժամանակ մենք առաջարկեցինք վերաինտեգրման մեխանիզմներ, սակայն և՛ Հայաստանի կառավարությունը, և՛ անջատողականների առաջնորդները, որոնք այժմ սպասում են դատավարությանը Բաքվի մեկուսարանում, հեգնանքով ընդունեցին վերաինտեգրման մասին իմ խոսքերը։ Մենք առաջարկել ենք նաև երկրորդ հանդիպումն անցկացնել Եվլախում, և ընդհանրապես այդ հանդիպումները դարձնել կանոնավոր։ Այս առաջարկը մերժվեց», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով՝ իսկ «հակաահաբեկչական միջոցառումներից» հետո նրանք իրենք են համաձայնել գալ Եվլախ և ոչ թե մեկ, այլ երկու անգամ։

Ալիևի խոսքով՝ Բաքվի վերաինտեգրման առաջարկները ներառում են իրավունքների և անվտանգության երաշխիքներ․ - «Նրանց երաշխավորված էին իրավունքներ կրոնի, կրթության և մշակույթի ոլորտներում։ Մենք նույնիսկ նրանց երաշխավորել ենք համայնքային ընտրություններին մասնակցելու իրավունքը, և նրանք կրկին հրաժարվել են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG