Մատչելիության հղումներ

«Աշխատանքները շարունակվում են». Հայաստանի ԱԳՆ-ը՝ ՀԱՊԿ հնարավոր առաքելության մասին


Հայաստանի ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ
Հայաստանի ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ

Հայաստան - Ադրբեջան միջպետական սահման ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության հարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացվել է ՀՀ արտգործնախարարի կողմից Մոսկվայում մարտի 20-ին ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Աշխատանքները շարունակվում են: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Հայաստանի արտգործնախարարությունից:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը երկու օր առաջ հայտարարեց, թե հայ - ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երևանից, գնդակը Երևանի դաշտում է։ «Ազատություն»-ը ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել էր՝ ո՞րն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը այս հարցում, ի՞նչ փուլում են քննարկումները, որոնց մասին հայտարարել է նախարար Արարատ Միրզոյանը, և եթե Հայաստանը չի մերժում ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումը, ե՞րբ է դա ծրագրվում, Հայաստանի ո՞ր հատվածում։

Մարտի 20-ին Ռուսաստանի մայրաքաղաքում Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանը վերահաստատել էր, որ Հայաստանում Եվրամիության առաքելությունը բացառապես քաղաքացիական բնույթ է կրում, միևնույն ժամանակ շեշտել, որ Հայաստանի սահմանին ՀԱՊԿ առաքելությունից հրաժարվելու հարցի ձևակերպումը կոռեկտ չէ, քանի որ Երևանը չի հրաժարվել առաքելությունից, նախագիծը կա, դրա ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

Հայաստանը բազմիցս է հայտարարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից իր դժգոհությունների մասին․ Երևանը ՀԱՊԿ-ից պահանջել էր դատապարտել 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այս պահանջը ՀԱՊԿ-ն այդպես էլ չկատարեց։
Ամիսներ շարունակ ՀԱՊԿ-ի հասցեին հնչող դժգոհություններից հետո Հայաստանը մարտի սկզբին հայտարարեց, որ հրաժարվում է ռազմաքաղաքական դաշինքում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ Երևանը հաճույքով կստանձի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե դրանով նշանակի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը ևս մի գործոն ավելացնել։ «Եթե դա դա չի նշանակելու, մենք նման քայլ անելու իմաստ չենք տեսնում», - ասաց Փաշինյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանից և «դա մեզ անհանգստացնում է»։
XS
SM
MD
LG