Մատչելիության հղումներ

Մրցապայքարի հիմնական ուժերը անվտանգության հարցերի լուծումը պայմանավորում են Ռուսաստանով


Արտահերթ ընտրությունների քարոզարշավին մասնակցող թեկնածուների ելույթներում այդպես էլ առանցքային չդարձան նրանց քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը, ինչը կարող էր դառնալ ընտրողների կողմնորոշման կարևորագույն գործոնը։

Քվեարկությանը մի քանի օր է մնացել, բայց քաղաքական ուժերի խոսքում գերակշռում են միմյանց հասցեին ուղղված քննադատական ու վիրավորական խոսքերը։ Մինչդեռ հիմնական խաղացողների պաշտոնական կայքէջերում տեղ գտած նախընտրական ծրագրերը մի քանի էջից են բաղկացած, պարունակում են տարբեր ոլորտներին վերաբերող խնդիրներն ու դրանց լուծման մասին նրանց պատկերացումները։

Ինչ են խոստանում քաղաքական ուժերը անվտանգ Հայաստան ունենալու համար։

«Վերացնել 44-օրյա պատերազմի հետևանքները»․ ՔՊ

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոստանում է առաջիկա տարիներին վերացնել 44-օրյա պատերազմի հետևանքները, ապահովել ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի ժողովրդի անվտանգությունը, լուծել արցախյան խնդիրը՝ անջատում հանուն փրկության սկզբունքով։ Մինչդեռ Փաշինյանի ընդդիմախոսները հենց նրան են մեղադրում տասնամյակներ տևած բանակցությունները տապալելու և պատերազմում ծանրագույն կորուստներով պարտության, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը սահմանամերձ դարձնելու, մեկ ամսից ավելի Գեղարքունիք և Սյունիք ադրբեջանական զինուժի ներխուժման համար։

«Մեր սահմանների և տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը որևէ կասկածի տակ դրվել չի կարող։ Երկրորդը՝ մենք պետք է կարողանանք Հայաստանի համար բացել խաղաղ զարգացման դարաշրջան», - քարոզարշավի ընթացքում հայտարարել է Փաշինյանը։

Արցախի անվտանգության հարցում իշխող ուժը կարևորում է Ռուսաստանի դաշնության խաղաղապահ ուժերի դերը, որպես հակամարտության լուծման միակ ընդունված ձևաչափ համարում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Բանակցային գործընթացում Փաշինյանի ղեկավարած ուժի նպատակներից մեկն էլ, որպես առաջնահերթ գործողություն, այն տարածքների դեօկուպացիան է, որոնց վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո։

Քարոզարշավին նման մի հայտարարություն արեց նաև Փաշինյանի հիմնական մրցակից, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ուժեղացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում»․․Հայաստան»

«Գոնե Հադրութի մասով ես մեծ վստահություն ունեմ, Շուշիի մասով կիսավստահություն՝ այսպես ասենք, բայց ես տեսնում եմ, որ հնարավոր է այդ հարցի լուծումը տալ ԼՂՀ-ի այն ժամանակվա սահմաններով», - ասաց Քոչարյանը։

Երկրորդ նախագահի գլխավորած «Հայաստան» դաշինքը առաջարկում է արդիականացնել անվտանգության պետական համակարգը, ընդունել անվտանգության նոր ռազմավարություն, ռազմական նոր դոկտրին, ազգ-բանակ նոր հայեցակարգ․ - «Մենք պետք է Ռուսաստանի հետ շատ լուրջ գործընթաց սկսենք իրենց ռազմական ներկայությունն այստեղ ուժեղացնելու համար»։

«Բարձրացնել Ռուսաստանի հետ համագործակցության մակարդակը»․ «Պատիվ ունեմ»

Հայաստանի երրորդ նախագահի առաջնորդած Հանրապետական կուսակցության և նորաստեղծ «Հայրենիք» կուսակցության դաշինքը անվտանգության զարգացման հարցում նպատակ ունի բարձրացնել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ համագործակցության մակարդակը։ Նախընտրական ծրագրում նշված է՝ «երկու երկրների քաղաքական կյանքում ժամանակավոր վայրիվերումները չեն կարող հարցականի տակ դնել անվտանգային և այլ հարցերում հայ-ռուսական հարաբերությունները, փոխվստահությունն ու բարեկամությունը»։ Այս երկրից զատ, «Պատիվ ունեմը» անվտանգային հարցերում կարևորում է նաև Եվրամիության, ԱՄՆ-ի հետ համագործակցությունը։

«Ռուսաստանի հետ միասին աշխատանք սկսել հայոց բանակի վերածննդի և վերազինման ուղղությամբ»․ ՀԱԿ

Հայաստանի առաջին նախագահի առաջնորդած ուժը նախնընտրական իր ծրագրում և՛ս, ինչպես Սերժ Սարգսյանի քաղաքական ուժի ներկայացրած դաշինքը, առանձնացնում է անվտանգության հարցում Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Լևոն Տեր Պետրոսյանը մտադիր է Ռուսաստանի հետ միասին աշխատանք սկսել հայոց բանակի վերածննդի և վերազինման, այդ թվում` Հայաստանում ռազմական նոր տեխնոգիաների հիման վրա համատեղ արտադրական հզորություններ ստեղծելու ուղղությամբ։

Արցախյան հիմնախնդրի լուծման համար էլ առաջին նախագահի ղեկավարած ուժը կարևորում է Ադրբեջանի հետ վստահության ձևավորումը՝ Ռուսաստանի և Մինսկի խմբի այլ համանախագահների օգնությամբ։ «Եվ որ փոխզիջումային քայլերի մշակումն ու իրականացումը կստեղծեն երկու պետությունների միջև վստահության բավարար պաշար՝ զինված հակամարտության դադարեցման մասին պայմանագրի ստորագրման համար». - գրված է ՀԱԿ-ի ծրագրում։

«Անվտանգության առումով կարևոր է Արցախի միջազգային ճանաչումը​»․ ԲՀԿ

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի մասին իր հանդիպումներում շատ է խոսում կուսակցության մեծահարուստ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Որպես անվտանգային կարևոր հարց՝ Ծառուկյանը ևս ընդգծում է Արցախի միջազգային ճանաչումը և խոսում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններով տարածքային ամբողջականության վերականգնման մասին։ Միևնույն ժամանակ, ԲՀԿ առաջնորդը շեշտում է՝ քանի դեռ կան սոցիալական խնդիրներ, անվտանգության հարցերը չեն կարող լուծվել։ «Էսօր մենք ուզում ենք ունենալ անվտանգ հայրենիք, հզոր պետություն», - հայտարարել է Ծառուկյանը։

«Անվտանգության ապահովման հարցում կարևոր է գործընկերների հետ հարաբերությունների բարելավումը»​․ ԼՀԿ​

Մյուս ընդդիմադիր ուժի՝ «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ծրագրում, ինչպես և Ծառուկանի, անվտանգության ապահովման հարցում կարևորվում է գործընկերների հետ հարաբերությունների բարելավումը։

Էդմոն Մարուքյանի առաջնորդած քաղաքական ուժը մտադիր է խորացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերների հետ և ձևավորել նոր ռազմավարական հնարավորություններ։

XS
SM
MD
LG