Մատչելիության հղումներ

«Իմ քայլի» պատգամավորները ներկայացրել են Սահմանադրության փոփոխությունների նախագիծ


Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որով կդադարեցվեն բարձր դատարանի այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի:

Նախագծով կդադարեցվի նաև դատարանի նախագահի պաշտոնավարումը, իսկ նոր նախագահ կընտրեն Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորները՝ թափուր տեղերը համալրելուց հետո միայն: Նախագծի հիմնավորումն այն է, որ Սահմանադրական դատարանը պետք է համապատասխանի 2015 թվականի Սահմանադրության ոգուն:

Ըստ էության, այս նախագիծը գալիս է փոխարինելու հանրաքվեի դրված, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգված սահմանադրական փոփոխությունների նախագծին, ըստ որի՝ դադարեցվում էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ևս վեց դատավորների լիազորությունները:

Այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ այս նախագիծը ևս կլինի հաջորդ շաբաթ նախատեսվող ԱԺ արտահերթ նիստերի օրակարգում:

«Այո, հանրաքվեն թերևս ամենալավ տարբերակն էր, բայց համաճարակի պատճառով հասկանալի պատճառներով հանրաքվե հնարավոր չէ անցկացնել: Այս պարագայում մնում է երկրորդ տարբերակը՝ ժողովրդի կողմից 72 տոկոս վստահության քվեր տված պատգամավորների և ազգային ժողովի միջոցով այդ հարցի պատասխանը գտնելու, որովհետև բնական է, բոլորս հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա վիճակում հնարավոր չէ հանրաքվե անցկացնել», - ասաց Սիմոնյանը:

Այս սցենարի մասին մայիսի սկզբից սկսեցին խոսել իշխանական խմբակցության պատգամավորները, իսկ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ դիմել են Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով ՍԴ ճգնաժամը Ազգային ժողովի լիազորությունների շրջանակում լուծելու վերաբերյալ եզրակացություն ստանալու համար: Ինչպես փոխանցեցին նախարարությունից, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը կհրապարակվի երկուշաբթի։ Մինչ այդ, սակայն պատգամավորը շրջանառության մեջ դրեցին իրենց հեղինակած նախագիծը:

Ինչո՞ւ չսպասեցին Վենետիկի հանձնաժողովի փորձագետների եզրակացությանը, հետաքրքրվեցինք ԱԺ փոխխոսնակից:

«Ես կարծում եմ՝ երկուշաբթի կամ երեքշաբթի արդեն կլինի այդ կարծիքը և քննարկման փուլում արդեն այդ կարծիքը կլինի, բայց միևնույն ժամանակ, ավելացնելու բան չունեմ», - պատասխանեց Սիմոնյանը

Հրապարակված այս նոր նախագծով ստացվում է, որ կդադարեցվեն Սահմանադրական դատարանի 9 անդամներից 3-ի լիազորությունները՝ Հրանտ Նազարյան, Ֆելիքս Թոխյան և Ալվինա Գյուլումյան:

Նազարյանը ՍԴ դատավոր է նշանակվել 1996 թվականին, իսկ Թոխյանը՝ 97-ին, և պաշտոնավարում են համապատասխանաբար 25 և 24 տարի: ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները ևս կարող են դադարեցվել այս նախագծով, քանի որ հիմնավորման մեջ նշվում է՝ «հաշվի է առնվում պաշտոնավարման տարիների ընդհանուր գումարային հաշվարկը»:

Գյուլումյանը որպես ՍԴ անդամ 7 տարի է պաշտոնավարել՝ 1996- 2003 թվականներին, ապա կրկին նշանակվել է 2014-ին և պաշտոնավարում է մինչև օրս, ստացվում է ավելի քան 12 տարի: Այս կարգավորումներով Հրայր Թովմասյանն էլ կզրկվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ անդամ:

ԱԺ փոխխոսնակին խնդրեցինք մեկնաբանել ՍԴ ճգնաժամի լուծման այս երկու տարբեր սցենարների հակասությունը: Հիշեցնենք՝ հենց «Իմ քայլականներն» էին հիմնավորում, որ Հրայր Թովասյանի տեղը Սահմանադրական դատարանում չէ, և որ նա ընտրվել է կոպիտ խախտումներով:

«Զարգացումները տարբեր լուծումներ են տարբեր ժամանակահատվածներում առաջարկում, իրավիճակը փոխվում է: Փաստերը, որ բերեցիք, որ Հրայր Թովմասյանը կշարունակի կամ չի շարունակի, ես կարող եմ ասել, որ քննարկման փուլում կարող է շատ բան փոխվել: Եկեք չշտապենք», - արձագանքեց Ալեն Սիմոնյանը:

Նոր նախագծի վերաբերյալ ընդդիմադիր խմբակցությունները չեն շտապում կարծիք հայտնել: «Լուսավոր Հայաստան»-ից փոխանցեցին՝ նախագծին դեռ չեն հասցրել ծանոթանալ: Իսկ ԱԺ նիստերը բոյկոտած «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորների հետ կապ հաստատել չհաջողվեց:

Նկատենք մինչև օրս չեղարկված չէ ՍԴ փոփոխությունների հանրաքվեն։ Բայց ազգային ժողովն արդեն ընդունել է օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալիս չեղարկելու հետաձգված հանրաքվեն։

XS
SM
MD
LG