Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Չվճարելու հնարավորությունից օգտվել էին նաև հարուստ քաղաքացիները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր անդրադարձավ որոշ բաժանորդների հոսանքի և գազի անջատումներին։

Ըստ նրա, չվճարելու հնարավորությունից օգտվել էին նաև սոցիալապես ապահով՝ հարուստ քաղաքացիները, ինչի հետևանքով էնեգետիկ համակարգը կարող էր կոլապսի մեջ հայտնվել։

Վարչապետի խոսքով, դա է պատճառը, որ Կառավարությունը համաձայնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, մատակարար ընկերությունների կոշտ դիրքորոշմանը՝ կոմունալները վճարել է պետք։

«Մի քանի օրվա ընթացքում մոտավորապես 7 միլիարդ դրամին մոտիկ վճարումներ եղան համակարգում», - փոխանցեց վարչապետը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մարտի 25-ին հայտարարել էր, որ գազ, ջուր, լույս մատակարարող ընկերություններն արտակարգ դրության պայմաններում իրավասու չեն դադարեցնել սպառողներին էլեկտրականության, գազի և խմելու ջրի մատարակարումը։ Սակայն անցած շաբաթ, չնայած գործող արտակարգ դրությանը, հանձնաժողովը կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները կատարելուն խոչընդոտող ֆորս մաժորը վերացված համարեց։

«Ասում են՝ այ, դուք հայտարարել եք, որ արտակարգ դրության հատվածում անջատումներ չեն լինի։ Այո, մենք հայտարարել ենք, բայց հիմա ո՞վ կարա ասի էս արտակարգ դրությունը, կամ էս արտակարգ դրության ռեժիմը ինչքան կարող ա տևել։ Էն ժամանակ, երբ որ մենք դա ասել ենք, մեր հույսը էն ա էղել, որ մենք մի ամսում էս արտակարգ դրության ռեժիմից դուրս կգանք։ Իսկ հիմա ո՞վ կարող ա ասել՝ էս ճգնաժամը, կորոնավիրուսի ճգնաժամը ինչքան ա տևելու», - պարզաբանեց վարչապետը։

Ըստ Փաշինյանի, Կառավարության հաշվարկներով, կորոնավիրուսի պատճառով ստեղծված ճգնաժամը շարունակվելու է նվազագույնը մինչև հաջորդ տարվա մարտը․ - «Եթե մենք ասենք, որ այ, էդ ճգնաժամի ժամանակ մարդիկ կոմունալները կարող են չվճարել, էդ նշանակում ա, որ մենք ասենք՝ երկրում հոսանք չի լինելու»։

Այն քաղաքացիները, որոնք 10 հազար դրամից ավելի հոսանք ու 30 հազար դրամից ավելի գազ են սպառել, պարտավոր էին մինչև ապրիլի 27-ը կատարել փետրվար և մարտ ամիսների կոմունալ վճարումները։

Վարչապետի փոխանցմամբ, այս ընթացքում անջատվել է 4300 բաժանորդի էլեկտրաէներգիան և 736 բաժանորդի գազամատակարարումը․ - «Էստեղ մեր ամենամեծ պրոբլեմն էն ա, որ իրական կարիք ունեցողներին մենք չենք կարողացել մինչև վերջ տեղորոշել։ Եվ էս 4300 մարդը, ում հոսանքը անջատել են, ենթադրում ենք, որ նրանց առնվազն մի մասը իրոք կարիքավորներ են»։

Փաշինյանը վստահեցրեց, որ 11-րդ և 12-րդ աջակցության ծրագրերի շահառուների ո՛չ գազամատակարումը, ո՛չ էլ էլեկտրամատակարարումը չի դադարեցվել։ Վարչապետի խոսքով, Կառավարության նպատակն է աջակցել այն մարդկանց, որոնք չունեն հնարավորություն վճարելու սպառած գազի ու էլեկտրականության դիմաց։

Գործադիրի ղեկավարն անդրադարձավ նաև վերջին շրջանում հնչող այլ քննադատությունների ևս․ - «Հիմա էլ առաջարկ կա․․․ էկեք պետական գանձարանի փողերը հանենք, բաժանենք ժողովրդին։ Բաժանենք ժողովրդին, դրանով լուծվելո՞ւ ա հարցը։ Ո՞վ գիտի, որ դրանից հետո ինչ ա լինելու։ Իսկ երբ որ գանձարանում էլ փող չլինի, մենք գիտե՞նք էդ ժամանակ ինչքան փողի կարիք ենք ունենալու, մենք գիտե՞նք մեր կենսական կարիքներն ու անհրաժեշտությունները որոնք են լինելու։ Շատ հեշտ ա էդ ամեն ինչը ասելը»։

Փաշինյանը հայտարարեց, որ արտակարգ դրության ռեժիմը թուլացվելու է: Թույլատրվելու է բնակության վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա զբոսնելը, սակայն առավոտյան և երեկոյան սահմանված ժամերին և միայն ընտանիքի անդամների համար։

Կառավարությունը մտադիր է առաջիկա 10 օրերի ընթացքում տնտեսական գործունեության բոլոր ոլորտների սահմանափակումները վերացնել, սակայն Առողջապահության նախարարությունը պետք է անվտանգության պահպանման հատուկ կանոնների սահմանի։

Վարչապետը հայտարարեց, որ սահմանափակումները չեն վերաբերի միայն կրթական համակարգին։

XS
SM
MD
LG