Մատչելիության հղումներ

ՀՅԴ Արցախի կառույցը նախագահի թեկնածու է առաջադրել Դավիթ Իշխանյանին


Դավիթ Իշխանյան, արխիվ
Դավիթ Իշխանյան, արխիվ

Նախորդ ամիսներին Դաշնակցության Արցախի կառույցը այնտեղ գործող 15 կուսակցությունների ներկայացուցիչների ու նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանի, Մասիս Մայիլյանի, Աշոտ Ղուլյանի ու Վիտալի Բալասանյանի հետ բանակցություններ է վարել միասնական օրակարգի ու համաձայնեցված թեկնածուի շուրջ։ Օրակարգի ձևավորմանն ուղղված ջանքերը շարունակվում են, թեկնածուի շուրջ բանակցությունները անհաջողության են մատնվել, և գալիք նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն երեկ առաջադրել է իր թեկնածուին՝ Դավիթ Իշխանյանին։

Այսօր «Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց Դավիթ Իշխանյանը, ով ՀՅԴ անդամ է 1989-ից, 2007 թվականից ցայսօր ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչն է, իսկ 2015-2017 թվականներին Արցախի Ազգային ժողովում գլխավորել է «Դաշնակցություն» խմբակցությունը:

«Մենք արդեն 3,5-4 ամիս է ընդհանուր քննարկումների դաշտ էինք բացել և օգոստոսի 30-ին հայտարարությամբ հանդես էինք եկել առաջիկա համապետական ընտրությունների մեր մասնակցության ձևաչափը ճշգրտելու և միասնական օրակարգի շուրջ համաձայնեցված թեկնածու ունենալու գաղափարը իրականություն դարձնելու, որը թելադրված էր մի շարք հարցերով։ Այդ առումով մենք տվել ենք տեղեկատվություն և մի շարք հանդիպումներ, խորհրդակցություններ, դաշտում գործող խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների հետ, ինչպես նաև հավանական թեկնածուների հետ հանդիպումներ։ Այնուհանդերձ պիտի արձանագրենք, որ մեզ չհաջողվեց այդ գործընթացն ամբողջական իր ավարտին հասցնելու և հուլիսին կայացած շրջանային ժողովի որոշման համաձայն գումարեցինք մեր արտակարգ ժողովը, որտեղ օրակարգային հարց էր 2020 թվականի համապետական ընտրությունները, այդ թվում նաև նախագահական ընտրություններին մասնակցության մեր ձևաչափը», - ասաց Իշխանյանը։

Դավիթ Իշխանյանը նշեց, որ ընտրություններին մասնակցելու համար կանգ առան իր թեկնածություն վրա, որը իր «ցանկությունների դաշտից դուրս էր»։

«Ազատություն». Դուք հպանցիկ անդրադարձաք, կարծես ակնարկեցիք, որ հնարավոր է կուսակցությունից դուրս որևէ այլ թեկնածություն պաշտպանեիք, սակայն բանակցությունների արդյունքում այլ որոշում է կայացվել, արդյո՞ք խոսքը գնացել է Արայիկ Հարությունյանի կամ Մասիս Մայիլյանի, Վիտալի Բալասանյանի թեկնածության մասին։

Իշխանյան. - «Մենք նման օրակարգային հարց չենք ունեցել որևէ մեկին պաշտպանելու, մենք քննարկում էինք միասնական օրակարգ ունենալու և այդ միասնական օրակարգի հետ կապված մենք հրապարակել էինք այն հիմնական սկզբունքները, որոնք կարևոր են ոչ միայն նախընտրական գործընթացի, այլ նաև հետընտրական Արցախի համար։ Այդ առումով մենք միասնական օրակարգի շուրջ ակնկալում էինք համաձայնեցված թեկնածություն ունենալու գաղափարն իրականություն դարձնել։ Որևէ հավանական թեկնածուի այն կամ այն կուսակցության առաջնորդի թեկնածությունը պաշտպանելու հարց մենք օրակարգում չենք ունեցել ո՛չ նախորդ ամիսներին, ո՛չ այսօր։

«Ազատություն». – Պարոն Իշխանյան, միասնական օրակարգ քննարկե՞լ եք Արայիկ Հարությունյանի կամ Մասիս Մայիլյանի, Վիտալի Բալասանյանի հետ։

Իշխանյան. – Մենք քննարկել ենք ժամանակին 22 գրանցված կուսակցություններից 15 կուսակցությունների, այն կուսակցությունների հետ, ովքեր ընդունել են մեր հրավերը և քննարկել ենք նախագահի հավանական հինգ թեկնածումների հետ թե՛ Ձեր ներկայացրած անհատների՝ Վիտալի Բալասանյան, Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, Աշոտ Ղուլյան և Ռուսլամ Իսրայելյան, այդ 5 հավանական թեկնածուների հետ, նաև իրենց սատարող քաղաքական ուժերի հետ։ Մենք այդ քննարկումները, ինչպես և նախօրոք հայտարարել էինք, երկու փուլի էինք վերածել, առաջին փուլը հոկտեմբեր ամսին էր, երկրորդ փուլը՝ հոկտեմբերի վերջ նոյեմբերի կեսեր, այդ ժամանակ։

«Ազատություն». – Փաստորեն՝ միասնական օրակարգի շուրջ ընդհանուր հայտարարի չեկաք և Դաշնակցությունը որոշեց Ձեր թեկնածությունը առաջադրել։

Իշխանյան. – Միասնական օրակարգի շուրջ կար ընդհանուր ընկալում և պատրաստակամություն, որը մենք սպառված չենք համարում, մենք դեռևս որոշ ջանքեր գործադրելու ենք այդ օրակարգը ունենալու որպես ընդհանուր մի փաստաթուղթ, որին կարող են միանալ Արցախի բոլոր քաղաքական ուժերը, իսկ համաձայնեցված թեկնածուի հետ կապված մեր գործընթացը հաջողություններ չի արձանագրել։

«Ազատություն». – Պարոն Իշխանյան, ի՞նչ եք խոստանում ընտրություններին, ո՞րն է Ձեր նախընտրական ծրագրի առանցքը։

Իշխանյան. – Կարծում եմ վաղ է այդ մասին խոսելը, բայց երեկվա հայտարարությամբ մենք ընդհանուր սկզբունքները ևս մեկ անգամ հրապարակեցինք, որը լինելու է այն հիմնական առանցքը, բայց կարծում եմ այդ մասին մենք առիթ դեռ կունենանք խոսելու և համապատասխան քննարկումների դաշտ ծավալել։

«Ազատություն». – Եթե նախագահական ընտրությունները թևակոխեն երկրորդ փուլ և Դուք դուրս մնաք պայքարից երկրորդ փուլում, կա՞ որոշում սատարելու որևէ այլ թեկնածուի։

Իշխանյան. – Մենք նման քննարկում այդ մարդակի չենք ունեցել և նման որոշում չկա։ Երբ որ կլինի նման իրավիճակ, ապա այդ ընդհանուր իրավիճակից դուրս գալու և այդ իրավիճակում մեր կողմնորոշում ունենալու հարց, բնականաբար, կդառնա քննարկման նյութ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG