Մատչելիության հղումներ

Դատախազություն. Աշոտյանի վարորդին առնչվող գործն ուղարկվել է դատարան


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը, արխիվ
Հայաստանի գլխավոր դատախազության շենքը, արխիվ

Ավարտվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու ու վատնման օժանդակության առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ այս տարվա մարտի 14-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությունը։

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նախնական քննությամբ հիմնավորվել է, որ 2009-2014թթ. ՀՀ կրթության և գիտության նախարարի (Արմեն Աշոտյան) վարորդի, ապա մինչև 2016թ. օգնականի պաշտոնն զբաղեցնող Արամ Բարսեղյանը 2009-2016թթ. ընթացքում առանձին դրվագներով փաստաթղթեր ներկայացնելու, ստորագրելու և գումար ստանալու միջոցով օժանդակել է «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Վ.-ի, «Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ն. Ա.-ի, «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Գ.-ի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնման եղանակով ուրիշի խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությանը, ինչպես նաև՝ 2016-2017թթ. ընթացքում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ից խարդախությամբ կատարել է խոշոր չափերի գումարի հափշտակություն:

Քրեական գործը Արամ Բարսեղյանի (ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը, 38-179-ի 2-մասի 1-ին և 3-րդ կետեր՝ յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ՝ խոշոր չափերով խարդախությունը) և Գ․Գ.-ի (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր, 314-րդ հոդվածի 1-ին մաս՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցվել է պետությանը պատճառված վնասը։

XS
SM
MD
LG