Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը բողոքարկելու է դատախազության որոշումը


Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, արխիվ
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, արխիվ

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը պատրաստվում է բողոքարկել դատախազության որոշումը, որով մերժվել էր Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու իրենց պահանջը: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտնեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ դատախազության որոշումն անհիմն են համարում:

Սերժ Սարգսյանի պաշտպանը բողոք էր ներկայացրել՝ պահանջելով վերացնել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը: Պաշտպանն իր բողոքի հիմքում դրել էր Հայաստանի պաշտոնաթող նախագահի գործառույթային անձեռնմխելիության հանգամանքը՝ պնդելով՝ երրորդ նախագահին վերագրվել է այնպիսի արարք, որը բխել է նրա կարգավիճակից և գործունեությունից:

Դեկտեմբերի 11-ին դատախազը մերժել էր այս բողոքը՝ նշելով, որ Սարգսյանին մեղսագրված են այնպիսի գործողություններ, որոնք չեն բխել Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներով Սարգսյանին վերապահված լիազորություններից, որոնք աղերս չունեն նրա կարգավիճակի հետ, ուստի պաշտոնաթող նախագահն այս դեպքում անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքից չի կարող օգտվել։ Ահա դատախազի այս որոշումը Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը նաև դատարանում կբողոքարկի:

Ինչ վերաբերում է մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի առերեսման մասին տեղեկությանը, Ամրամ Մակինյանը չմեկնաբանեց:

«Ես լուրերը չեմ մեկնաբանում, կարող եմ նորից կրկնել այն, ինչ ասել եմ առաջին անգամ դեկտեմբերի 4-ին: Ես պարոն Սարգսյանի մասնակցությամբ կատարված քննչական գործողության մյուս մասնակցի՝ այսինքն՝ առերեսվողի անուն-ազգանվան մասին այս պահին էլ որևէ տեղեկատվություն չեմ կարող հայտնել: Այս պահին դեռևս մամուլի համար նոր բան չունենք ասելու: Երբ որ կլինի նոր տեղեկատվություն, անպայման տեղեկատվությունը կտանք մամուլին», - ասաց նա:

Դեկտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել է առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ Սերգո Կարապետյանի հետ առերեսվել է նաև նույն գործով մեղադրյալ, «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը: Այս մասին հայտարարել էր հենց ինքը, սակայն նա ասաց՝ չի հիշում՝ արդյոք Սերգո Կարապետյանը ցուցմունք տվել է իր կամ Սերժ Սարգսյանի դեմ. «Հիմա չեմ հիշում էլի, ես էնքան անլուրջ են վերաբերվում դրան, որ իմ ուղեղը նման երկրորդական ինֆորմացիա չի տեղավորում»:

Բարսեղ Բեգլարյանը նաև բացառել է Սերժ Սարգսյանի առնչությունը, կապը «Ֆլեշ» ընկերության հետ. - «Սերժ Սարգսյանն ի՞նչ կապ ունի «Ֆլեշ» ընկերության հետ: Հետո ի՞նչ՝ իմ ընկերն ա: Իմ ընկերը բոլորն են, դուք էլ եք իմ ընկերը»:

Ըստ մեղադրանքի, 2013 թվականի հունվարի վերջին կառավարությունը հաստատել է գյուղացիների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որին մասնակցել են նաև «Մաքսհուր» և «Ֆլեշ» ըկերությունները: Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր»-ը, և Գյուղնախարարության պաշտոնյաները որոշել են որպես մատակարար հենց այս ընկերության տվյալները ներկայացնել կառավարության հաստատմանը: Սակայն,
ինչպես նշվում է ՀՔԾ հաղորդագրությունում, Սերժ Սարգսյանը, հանձնարարել է որպես մատակարար ընտրել ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ընկերությանը: Այս ամենի հետևանքով, ըստ իրավապահների, պետությունը գրեթե կես միլիարդ դրամի վնաս է կրել:

Ուշագրավ է նաև այն ժամանակահատվածը, երբ տեղի է ունեցել դիզվառելիքի հետ կապված այս գործարքը։ «Ֆլեշ» ընկերությանը որպես դիզվառելիքի մատակարար ընտրելու որոշումը, ըստ ՀՔԾ փաստաթղթի, կառավարությունը հաստատել է փետրվարի 7-ին՝ նախագահական ընտրություններից 11 օր առաջ, Գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ընկերության միջև պայմանագիրը կնքվել է նախագահական ընտրություններից 4 օր առաջ, իսկ գումարը «Ֆլեշ» ընկերությանը փոխանցվել է նախագահական ընտրություններից 3 օր հետո։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ասում է՝ ընտրական շրջանն ինքնին բավական խոցելի ժամանակահատված է, և նման գործարքները կարող են կասկածներ առաջացնել. - «Ընդհանրապես ընտրական ժամանակահատվածը բավականին զգայուն ժամանակահատված է, և ընթացքում կարող են լինել չարաշահումներ: Երբ որ ընտրական ժամանակահատվածում լինում են ծախսեր, որոնք կամ հիմնավորված չեն լինում, կամ կասկածելի ընկերություններ են ներգրավված լինում, այսինքն՝ որոշ գործոններ կան, որ կարող են հուշել, որ այդտեղ առկա են ռիսկեր: Կոնկրետ այս դեպքում եղել է չարաշահում, որքանով է դա փոխկապակցված եղել ընտրական ժամանակահատվածին, ծառայել է համապատասխան նպատակին, դա քննությունը կարող է պարզել, մենք չենք կարող պարզել», - ասաց նա:

Մատչելի դիզվառելիքի այս ծրագիրը ժամանակին էլ հարթ չի ընթացել: 2013 թվականի հունիսին Ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչությունը պարզել էր, որ դիզվառելիքի մի մասը ընդհանրապես չի հասել գյուղացիներին, կամ մի քանի անգամ ավելի պակաս վառելիք է տրամադրվել, քան ներկայացվել է ցուցակներում: Արարատի մարզում էլ, օրինակ, մատչելի դիզվառելիքի 65 տոկոսը ձեռք էին բերել ոչ թե գյուղացիները, այլ այդ ժամանակ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հարազատները: Ահա թե ինչ էր ասում Ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչության ղեկավար Սոնա Ղարիբյանը 2013 թվականի հունիսին.

«Պարզվել է, որ համայնքներում հողօգտագործողների անունով նշվել են 220 հազար լիտրից ավելի բաշխված դիզվառելիք, սակայն նրանք դիզվառելիք չեն ստացել»:

XS
SM
MD
LG