Մատչելիության հղումներ

ՃՈ պետի տեղակալը կալանավորվել է ՊՎԾ ուսումնասիրության հիման վրա հարուցված գործի շրջանակում


ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյան, արխիվ
ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյան, արխիվ

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և համաձայնեցված գործողություններով մրցակցությունը սահմանափակելու մեջ մեղադրվող Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պետի տեղակալ Արթուր Տոնոյանը կալանավորվել է ամիսներ առաջ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ)՝ Ոստիկանությունում իրականացրած ուսումնասիրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում։

Գործը քննող Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) տարածած հաղորդագրության մեջ ասվում է` Տոնոյանը սահմանափակել է Ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը, կատարել նպատակաուղղված գործողություններ ընկերություններից մեկի մուտքը Հայաստանի Հանրապետության շուկա խոչընդոտելու ուղղությամբ՝ այդ կերպ ապահովելով երկրորդ ընկերության մենաշնորհային դիրքը և նպաստելով վերջինի կողմից սահմանված խտրական գները պահպանելուն, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

ՊՎԾ խոսնակ Սեդա Աղբալյանն «Ազատությանը» փոխանցեց՝ Պետական վերահսկողական ծառայությունը ստուգել է ՃՈ գնումների գործընթացները, պարզ է դարձել, որ տասը տարի շարունակ համարանիշների մատակարարման մրցույթում հաղթել է միևնույն՝ «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ն, որին էլ, ըստ էության, քննությունն իրականացնող մարմնի պնդմամբ, հովանավորել է Արթուր Տոնոյանը: «Եվ առաջարկել է բարձր գին, եղել է մրցույթի մասնակիցը», - ասաց Աղբալյանը:

Գերատեսչության խոսնակն ասում է՝ «Բիլլ Սթոուն»-ը տասը տարի շարունակ մրցույթներում միևնույն գնով է առաջարկ արել և տենդերների միակ մասնակիցն է եղել:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Տոնոյանը ՃՈ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2016-ից, պետական գնումների մոնիթորինգ իրականացնող Tender-Monitoring.am կայքի համաձայն՝ 2017-2019 թվականներին մրցույթների արդյունքում գրեթե 1,8 միլիարդ դրամի պայմանագիր է կնքել, որոնց զգալի մեծամասնությունը հենց Ոստիկանության հետ կնքված պայմանագրերն են։

«Բիլլ Սթոուն» ընկերության մասին քիչ բան է հայտնի: Ըստ Aravot.am-ի` Պետռեգիստրում այս ընկերության երկու բաժնետերերի անուններ են նշված՝ մեկը Հայաստանում գործող «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» հաշվապահական ընկերությունն է, մյուսը՝ Շվեյցարիայում գրանցված «Ատլաս Ինտերնացիոնալ Հոլդինգ AG»-ն։

Թե ինչ եղանակով է Արթուր Տոնոյանը հովանավորել «Բիլլ Սթոուն»-ին, այս պահին հայտնի չէ, ՀՔԾ-ն այլ մանրամասներ չհաղորդեց, ասացին՝ ասել են այն, ինչ կարող էին ասել։ ՊՎԾ խոսնակն էլ հավելեց՝ 2018-ի հեղափոխությունից հետո համարանիշների մատակարարման մրցույթում այլ ընկերություն է հաղթել:

«Եվ չնայած որ խտրական պահանջներ են դրված եղել ի սկզբանե, ամեն դեպքում, հաղթել են այլ ընկերություններ, այս անգամ հաղթել է արդեն ոչ «Բիլլ Սթոուն» ընկերությունը: Իսկ 2019 թվականի մայիս ամսին, երբ Պետական վերահսկողական ծառայությունը սկսել է ուսումնասիրությունը, դրանից հետո արդեն հունիս-հուլիս ամիսներին նոր մրցույթ է հայտարարվել, որի ժամանակ արդեն «Բիլլ Սթոուն» ընկերությունը առաջարկել է նախկինում առաջարկածից 40 տոկոսով ավելի էժան գին», - փոխանցեց Սեդա Աղբալյանը:





XS
SM
MD
LG