Մատչելիության հղումներ

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահը հյուրընկալել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին


«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Ըստ կուսակցության տարածած հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններ ներկայացնող հարցեր՝ մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը, անվտանգության և տնտեսության ոլորտում առկա մարտահրավերները, արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:

Դեսպան Թրեյսին իր խոսքում շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել. «Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ «Ազատ Դեմոկրատների» հետ։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու իր հանձնառությանը, ինչպես դա եղել է մեր դիվանագիտական հարաբերությունների 27 տարիներին»։

Կարևորելով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը, Խաչատուր Քոքոբելյանը շեշտել է, որ թե՛ Հայաստանը և թե՛ Միացյալ Նահանգները երկուստեք անելիքներ ունեն Հայաստանում ամերիկյան ներդրումների ծավալն էապես մեծացնելու գործում, ինչն էլ հնարավորություն կտա տնտեսության և ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիայի և զարգացման:

Խաչատուր Քոքոբելյանը նաև բարձր է գնահատել Միացյալ Նահանգների ներդրումը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացում, ինչպես նաև իր երախտագիտությունն է փոխանցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից օրերս ընդունված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի ընդունման կապակցությամբ:

Հանդիպմանը մասնակցել են նաև «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, վարչության անդամ Նարեկ Այվազյանը, մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը, ԱՄՆ դեսպանատան քաղաքատնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Մերի Ալեքսանդրը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին ԱՄՆ դեսպանը նաև հանդիպել էր ՀՀԿ նախագահ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG