Մատչելիության հղումներ

Մխիթարյանի հարցով քննարկումներ`բրիտանական խորհրդարանում


«Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու շուրջ քննարկումները այսօր հասան բրիտանական խորհրդարան:

Լեյբորիստների խմբակցության փոխղեկավար Թոմ Վաթսոնը Թվիթերի իր էջում հրապարակել է Համայնքների պալատում տեղի ունեցած քննարկման տեսագրությունը՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը «սկանդալ է և լիակատար ձախողում»:

«ՈւԵՖԱ-ի կանոնադրությունը փաստում է, որ յուրաքանչյուր ոք խաղին մասնակցելու իրավունք ունի՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրից է գալիս, կամ ինչպես է խաղում: Սակայն հաջորդ շաբաթ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի իր կյանքի ամենակարևոր հանդիպումներից մեկը, քանի որ սերում է Հայաստանից: Հայկական ազգանուններով «Արսենալ»-ի երկրպագուները նույնպես զրկվել են մուտքի անցագրերից և չեն կարողանա մեկնել Բաքու: Սա սկանդալ է, սա հիասքանչ խաղի շատ կեղտոտ կողմն է, և եթե ես լինեի արտգործնախարար, ես հստակ կընդգծեի ՈւԵՖԱ-ի առաջ, որ սա խիստ անընդունելի է», - գրել է Վաթսոնը:

Պատգամավորների՝ ելույթը ողջունող և ոգևորող վանկարկումներից հետո ընդդիմադիր կուսակցության ղեկավար անդամը հարց է բարձրացրել՝ արդյո՞ք Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը պատրաստվում է ՈՒԵՖԱ-ից երաշխիքներ պահանջել, որ այսուհետ խտրական վերաբերմունք դրսևորող և այլ երկրների երկրպագուներին մուտքի արտոնագրերից զրկող երկրները չեն հյուրընկալելու մրցաշարի հանդիպումները:

Կառավարության ներկայացուցիչն ընդունել է ընդդիմության քննադատությունը՝ ընգդծելով, որ Լոնդոնը մտադիր է այս հարցը դնել ՈւԵՖԱ-ի առաջ:

«Ֆուտբոլը պետք է լինի յուրաքանչյուրինը, և մենք բոլորս վստահ ենք, որ դա վերաբերում է ոչ միայն մեր երկրում անցկացվելիք խաղերին, այլև երկրպագուներին, որոնք ուզում են ճամփորդել աշխարհով մեկ: Եվ շատ կարևոր է, որ մենք այս հարցը քննարկենք ՈւԵՖԱ-ի հետ, ինչպես որ արդեն արել ենք՝ հստակ ընդգծելով, որ այն երկրները, որոնք հյուրընկալում են խաղերը, պետք է ողջունեն նաև ֆուտբոլասերներին։ Ակնհայտ է, որ նրանք, ովքեր ուզում են երկրպագել իրենց թիմին, պետք է կարողանան դա անել ազատորեն: Հակառակ դեպքում ֆուտբոլը չի հասնում այն նպատակներին, որոնց պետք է հասներ», - ասել է Միացյալ Թագավորության Երիտասարդության, մշակույթի, սպորտի նախարար Ջերեմի Ռայթը:

Խորհրդարանական քննարկումներին զուգահեռ ստորագրահավաք է սկսվել change․org կայքում, որը կոչ է անում բոյկոտել Բաքվում մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչը, և խաղը Լոնդոն տեղափոխել:

«Եզրափակիչը Բաքու տանելով՝ ՈւԵՖԱ-ն անամոթաբար իր եկամուտները վեր է դասել խաղի անձեռնմխելիությունից ու խաղացողների անվտանգությունից», - պնդում է խնդրագիրը, որը մի քանի ժամվա ընթացքում մոտ երկու հազար երկրպագու է ստորագրել:

Նույն՝ BoycottBaku հեշթեգով արշավ է սկսվել նաև Թվիթերում: «ՈւԵՖԱ-ն միայն փողի մասին է մտածում, չի կարելի թույլ տալ, որ այս հիասքանչ խաղն անցկացվի նման երկրում», - գրում են երկրպագուները:

Բրիտանական մարզական պարբերականներից մեկն էլ պնդում է․ - «Կասկած չկա, որ խաղի ժամանակ «Արսենալ»-ի ու «Չելսի»-ի ֆուտբոլիստները իրենց բողոքը կարտահայտեն՝ մարզաշապիկները կբարձրացնեն՝ ցույց տալով «Մենք կարոտում ենք քեզ, Միկի» կամ այլ գրություններ, բայց իրականում ավելի ճիշտ դիրքորոշում կլինի ընդհանրապես Բաքու չգնալը»:

Է՛լ ավելի կտրուկ է արտահայտվել բրիտանացի հայտնի հեռուստաաստղ, «Արսենալ»-ի վաղեմի երկպագու Պիրս Մորգանը․ - «Լո՞ւրջ եք ասում, մենք պետք է մեր խաղացողին դուրս թողնենք, քանի որ նա հա՞յ է: Սա լիակատար խայտառակություն է, մենք պետք է խաղը բոյկոտենք, քանի դեռ ՈւԵՖԱ-ն հանդիպման վայրը չի փոխել»:

«Սա բոլորովին այլ, նոր մասշտաբի սկանդալ է», - իր հերթին պնդել է բրիտանական Mirror-ը՝ մանրամասնելով․ - «Քաղաքական անհամաձայնության պատճառով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը զրկվում է խաղի հնարավորությունից հեղինակավոր մրցաշարի եզրափակչում»:

«Ֆուտբոլիստի կարիերան երկարատև չէ, և այսպիսի հնարավորություն կյանքում շատ-շատերին մեկ անգամ է տրվում: Բայց կարծես դա ՈւԵՖԱ-ին չի մտահոգում: Ֆուտբոլն ավելիին է արժանի, Հենրիխ Մխիթարյանը ավելիին է արժանի, և սա դաս պետք է լինի ՈւԵՖԱ-ի համար», - ընդգծում է Mirror-ի հոդվածագիրը:

«Արսենալ»-ի գործադիր տնօրեն Վինայ Վենկատեշամը պնդել է, որ ակումբը մտադիր է եզրափակիչ խաղից հետո այս հարցը բարձրացնել ՈւԵՖԱ-ի առաջ․ - «Մեզ հաճախ չէ բախտ վիճակվում հանդես գալ եվրոպական մեծ մրցաշարերի եզրափակիչներում: Հենրիխից խլեցին այն: Նման բան պետք է չկրկնվի ո՛չ «Արսենալ»-ի, ո՛չ էլ այլ ակումբի հետ»:

Թեև Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե հայազգի ֆուտբոլիստին տվել են անվտանգության երաշխիքներ, լոնդոնյան ակումբը երկուշաբթի հայտարարեց, որ Մխիթարյանի և նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են նրան Բաքու չտանել: Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագը երկու անգամ բաց էր թողել Բաքվում կայացած ֆուտբոլային հանդիպումները, նույն՝ անվտանգության նկատառումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG