Ազգային ժողովն այսօր ձայների 71 կողմ, 40 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ու կից ներկայացված նախագծերի փաթեթը:
Կառավարության կառուցվածքային փոփոխությունների այս նախագծով 5 նախարարություն կրճատվելու է՝ նախկին 17-ի փոխարեն կգործի 12-ը: Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ երեքի փոխարեն երկուսը կմնան: Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները կմիավորվեն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը կլուծարվի, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կշարունակեն գործել վարչապետի ենթակայության ներքո:
Նախագծի շուրջ Ազգային ժողովում երեկ բուռն քննարկումներ ծավալվեցին. «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարեց, որ «սա Սերժ Սարգսյանի կոստյումն ա», «Բարգավաճ Հայաստան»-ն էլ նշեց, որ «այս կառուցվածքը չունի տարրական արդյունավետություն»։
Երկու խմբակցություններն էլ երեկ հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին: