Մատչելիության հղումներ

Փաշինյանն անակնկալ այց կատարեց Հայաստանի գյուղերից մեկը


Արտապատկերում վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումից
Արտապատկերում վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նախապես չհայտարարված այցով մեկնել է Հայաստանի գյուղերից մեկը: Այդ մասին նա տեղեկացրեց ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ:

«Այսօր որոշել եմ էքսպերիմենտ անել և առանց նախապես հայտարարելու և ոչ մեկին տեղեկացնելու մեկնել մարզերից մեկի գյուղերից մեկը: Նույնիսկ մարզպետին տեղյակ չեմ պահել, թե որ գյուղ եմ գնում», - ասաց վարչապետը:

Այցի նպատակը, ըստ նրա, տեղում մարդկանց հետ ծանոթանալն է, շփվելը՝ առանց նախապես կազմակերպված միջոցառումների․ - «Ուղղակի տեսնեմ, թե ինչ է կատարվում, ինչ խնդիրներ կան, որ կարելի է արագ լուծել, կառավարությունից ինչ են ակնկալում, այդ ակնկալիքներից ինչը կարող ենք արագ կատարել, ինչի վրա պետք է աշխատենք»:

Գյուղում Փաշինյանը հյուրընկալվեց առանձին տնային տնտեսությունների, քայլեց գյուղամիջով և լսեց բնակիչների խնդիրները: Ավելի ուշ Փաշինյանին միացավ նաև համայնքապետ Մանուկ Օհանյանը, ինչից էլ պարզ դարձավ, որ վարչապետն այցելել է Արարատի մարզի Ռանչպար գյուղ:

Գյուղացիների հիմնական դժգոհությունները կապված էին արոտավայրերի պակասի, ջրի խնդրի և վարելահողերի բաշխման հետ: Գյուղացիները նույնիսկ վիճեցին համայնքապետի հետ՝ վարչապետի ներկայությամբ, պարզվեց՝ ավազահանքը, որից դժգոհում են գյուղացիները, պատկանում է գյուղապետ Մանուկ Օհանյանին և նրա խնամուն:

«Ստեղ մենք 20 հեկտար ունեինք, հիմի էդ հողից ոչինչ չկա՝ ավազափոսերի ա վերածվել, ջրափոսերի․ ավազ են հանում, տանում են, թե ինչ են անում՝ մենք չգիտենք, տեղյակ չենք: Գիշեր-ցերեկ էդ ավազի մեքենաները գյուղի մեջով գնում-գալիս են՝ փոշու մեջ ժողովուրդը կորած ա», - ասաց գյուղացիներից մեկը:

«Բա էդ հարցերը ինչի՞ չեք ձեր ավագանու, ձեր համայնքի ղեկավարի հետ քննարկում», - ասաց Փաշինյանը, պատասխանը եղավ․ - «Մեր համայնքի ղեկավարն ա էտի արել, ո՞նց համայնքի ղեկավարին ասենք»:

«Պարոն վարչապետ, ավազահանքը ունի լիցենզիա՝ օրենքով, կառավարությունով թույլ տրված», - հակադարձեց գյուղապետը, ապա վարչապետի հարցին, թե ո՞վ է սեփականատերը, արձագանքեց․ - «Ես եմ»:

Տարածքում ավելանում են նաև ձկնաբուծարանները, որոնց պատճառով մեծ քանակությամբ ջրի կորուստ է գրանցվում, մինչդեռ գյուղացիները ոռոգման ջրի խնդիր ունեն:

Նիկոլ Փաշինյանը համաձայնեց դժգոհություններին, ասաց՝ խնդրին ծանոթ է, գյուղնախարարին հանձնարարել է զբաղվել: «Մի միլիարդի, ըստ էության, ջուր ենք ծախսում, որ 150 միլիոն դոլարի ձուկ արտադրենք», - ընդգծեց վարչապետը՝ հավելելով․ - «Ձկնաբուծարանները մենք հո չե՞նք ուզում, որ փակվի, բայց հիմի եթե ձկնաբուծարանում օգտագործված ջուրը կարենանք մղենք, որ գա, ժողովրդին բաժանվի, դա արդեն լրիվ ուրիշ վիճակ է»:

«Էլ մեզ ջրամբարներ պետք չի էս տարածքի համար», - արձագանքեց զրուցակիցը:

Ավելի ուշ Փաշինյանին միացավ նաև մարզպետ Գարիկ Սարգսյանը: Հենց այդ ընթացքում էլ հարևան Ավշար գյուղից մոտեցած բնակիչներից մեկը բարձրաձայնեց գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի նշանակման հարցը: Հինգ օր է՝ դպրոցում դասադուլ է, քանի որ նոր նշանակված տնօրենին չեն ընդունում, ասաց նա: Մարզպետն էլ հակադարձեց՝ ոչ թե նշանակվել է, այլ 7 կողմ, մեկ ձեռնպահ ձայնով ընտրվել է:

«Նա ուղղորդված եկել ա դպրոց, իրա ընտրողներից մոտ երկու հոգին արդեն ուղղորդված են էղել, և իր հետ բերել ա դպրոց նոր ուսմասվարի, որը մեր շատ հարգելի, սիրելի մարզպետին բարեկամական կապով կապված ա, այսինքն՝ մորաքրոջ հարսն ա․․․», - վարչապետին պատմեց Ավշարի բնակչուհին:

«Դե վերջացրեք, էլի <․․․> Ինչ լինում ա՝ մորաքրոջ հարս․․․ », - արձագանքեց մարզպետը:

«Մորաքրոջ հարսն ա, Աստղիկ ա անունը», - շարունակեց Ավշարի բնակչուհին:

«Ում անունը որ շոշափվում ա, իրականում իմ մորաքրոջ հարսն ա, բայց ոչ մի փոփոխություն, ոչ մի նշանակում, ոչ մի ներկայացում չի եղել», - հակադարձեց Սարգսյանը:

Կինը շարունակեց․ - «Եվ հին, 40 տարվա ստաժով մանկավարժին, որի ուսանողները էս պահին Բժշկականում են, Տնտեսագիտականում են, էդ կնոջը, որը ոչ էլ ամուսնացած ա, իրա ամբողջ կյանքը <...> նվիրել ա դպրոցին, և որը թոշակառու էլ չի դեռ, շատ կոպիտ ձևով էս կնոջը ասել է, որ «պետք ա դու դուրս գաս դպրոցից, որովհետև ես բերում եմ իմ վստահված անձը»:

Փաշինյանը եղավ նաև գյուղի դպրոցում: Ի պատասխան գյուղացիների դժգոհությունների, որ գյուղում մանկապարտեզ չկա, վարչապետն առաջարկեց դպրոցի տարածքի մի մասը տրամադրել մանկապարտեզին կամ առանձին տարածք տրամադրել այդ նպատակով:

Այցը վարչապետն ավարտեց Սիս համայնքում: «Ազատության» հետ զրույցում Փաշինյանը նշեց՝ օրվա ընթացքում մի քանի կարևոր խնդիրներ է առանձնացրել իր համար: Այլ հարցերի նա պատասխանել չցանկացավ՝ վստահեցնելով, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն երեքշաբթի օրը նշանակված ասուլիսի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG