Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները փակ դռների ետևում նեղ կազմով կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Նիստը սկզբում տեղի կունենա նեղ կազմով, որտեղ կքննարկվեն միջազգային տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը և անդամ երկրների միջև փոխգործակցությունը: Քննարկվելու է նաև շատ կարևոր հարց՝ ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի հարցը», - ասել է Ուշակովը:
Ռուսաստանի նախագահի օգնականը նշել է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար երեք հնարավոր տարբերակ կա՝ կամ գլխավոր քարտուղարի պարտականությունները մինչև 2020 թվականի մայիս կկատարի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, կամ այդ պաշտոնում կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ Հայաստանից հետո հերթը Բելառուսինն է, և երրորդ տարբերակը, որը պնդում է հայկական կողմը, մինչև 2020 թվականի մայիս այդ պաշտոնում կրկին Հայաստանից ներկայացուցիչ ընտրելն է։
Ուշակովը նաև ասել է, որ գլխավոր քարտուղարի ընտրությունը շատ զգայուն հարց է և կորոշվի փակ դռների ետևում։
2017 թվականի ապրիլից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովը, ում Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, անցած շաբաթավերջին ազատվեց այդ պաշտոնից: