Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում հանդիպումներ են ունեցել Արցախի ղեկավարության հետ


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Ստեփանակերտ, 30-ը հոկտեմբերի, 2018թ․
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Ստեփանակերտ, 30-ը հոկտեմբերի, 2018թ․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը երեքշաբթի օրը Ստեփանակերտում հանդիպումներ են ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, արտգործնախարար Մասիս Մայիլյանի և պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ:

Արցախի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ միջնորդների հետ Բակո Սահակյանի հանդիպման ժամանակ քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին և վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

Լեռնային Ղարաբաղի նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին կարևորելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին:

Սահակյանը կարևորել է զինադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը` այն համարելով տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման առանցքային բաղադրամասերից մեկը:

Մասիս Մայիլյանը համանախագահների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը, որը ժամանակին ապացուցել է իր արդյունավետությունը։ ԱԳՆ ղեկավարի գնահատմամբ՝ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացի բոլոր փուլերին կարևոր է նաև տարածաշրջանային խաղաղության պահպանման համար պատասխանատվությունը կիսելու տեսանկյունից։ Այս համատեքստում Մայիլյանը նշել է, որ կարգավորման գործընթացում Արցախի կարգավիճակը՝ որպես հակամարտության կողմ, լեգիտիմ է և անվիճելի, ինչն ամրագրված է ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերով, ինչպես նաև հրադադարի հաստատման և դրա ամրապնդման հետ կապված համաձայնագրերով, ասված է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Արտգործնախարարը նաև համանախագահների ուշադրությունն է հրավիրել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների իրագործման հետ կապված իրավիճակի վրա՝ նշելով, որ հակամարտության չկարգավորված լինելը չպետք է խոչընդոտ հանդիսանա Արցախի քաղաքացիների կողմից իրենց անքակտելի իրավունքների, այդ թվում՝ զարգացման, անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունքների իրացման գործում։

Կողմերը մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի առաջմղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման շուրջ։ Այս համատեքստում Մայիլյանը նշել է, որ ժամանակն է վերանայել բանակցային գործընթացի հետ կապված որոշ մոտեցումներ՝ համոզմունք հայտնելով, որ կարգավորման հիմքում պետք է լինի Արցախի ու նրա ժողովրդի անվտանգությունը։

Լևոն Մնացականյանը միջնորդների հետ հանդիպման մեկնարկին ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, շնորհակալություն հայտնել վերջիններիս առաջնագծում տիրող իրադրության կայունացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար, այնուհետև անդրադարձել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տիրող ներկա իրավիճակին:

Վերջում Արցախի պաշտպանության նախարարը պատասխանել է համանախագահներին հետաքրքրող հարցերին, ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Երկուշաբթի օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելել էին Երևան և հանդիպումներ ունեցել Հայաստանի ղեկավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG