Մատչելիության հղումներ

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենը հրաժարական է տվել


Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյան, արխիվ
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյան, արխիվ

Արսեն Թորոսյանի կադրերից՝ Նարեկ Վանեսյանը, ով Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենն է, հրաժարականի դիմում է ներկայացրել։

Որոշումը կայացվել է այսօր առավոտյան առողջապահության նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպումից հետո, բայց Թորոսյանը հայտարարում է՝ սա կապ չունի օրերս Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպի հետ։

Վանեսյանը զբաղեցրած պաշտոնից կազատվի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը խոչընդոտելու համար։ Հոկտեմբերի 26-ին, օմբուդսմենի գրասենյակի պնդմամբ, Նարեկ Վանեսյանն անօրինական վարքագիծ է ցուցաբերել։

«Ես դեպքի մանրամասներին ծանոթացել եմ, հակասական կարծիքներ կան, բայց ամեն դեպքում ինչ-որ խոչընդոտում իմ կարծիքով եղել է, որ անթույլատրելի է, և ես համարում եմ, որ նման դեպքերը պետք է բացառվեն», - ասաց Արսեն Թորոսյանը։

Քննադատություններին, որ Նարեկ Վանեսյանն իր ընկերը լինելով է դարձել Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրեն, Թորոսյանը հակադարձում է՝ ինքը որպես ոլորտի ղեկավար ընկերներ չունի։ Վանեսյանի հետ ծանոթ է 2016 թվականից, և հաստատության ղեկավար նա ընտրվել է մրցույթով՝ ժամանակավոր պաշտոնակատարի հրաժարականից հետո, վստահեցրեց նախարարի պաշտոնակատարը:

Իսկ ինչ վերաբերում է Բժշկական համալսարանում օրեր առաջ տեղի ունեցածին, ապա, առողջապահության նախարարի պաշտոնակատարի խոսքով, «դա ընդամենը ճանճը փիղ սարքելու մի լավ օպերացիա էր»։

Միջադեպը տեղի էր ունեցել անցած շաբաթ։ Բուհում մագիստրոսական դիպլոմների հանձնումը համընկել էր քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների այցին, որի ընթացքում էլ, ըստ համալսարանի մի խումբ ուսանողների, դասախոսների ու պրոֆեսորների, Նարեկ Վանեսյանը դրսևորել էր «շրջանավարտին, քաղաքացուն և բժշկին անհարիր ու անվայել պահվածք՝ տեղից անհարկի ռեպլիկներ բաց թողնելով, ելույթ ունենալուց հրաժարվելով ու դասախոսներից մեկին հրելով»։

Վանեսյանի վարքագծից վորդովված՝ վերջիններս բաց նամակ էին գրել վարչապետին։ Սա, սակայն, Արսեն Թորոսյանի բնորոշմամբ, ոչ միայն «ճանճը փիղ դարձնել» էր, այլև սադրանք էր իր դեմ։ Սադրիչն էլ, նրա պնդմամբ, Բժշկականի ղեկավարությունն էր, այդ թվում՝ ռեկտոր, նախկին նախարար Արմեն Մուրադյանը։

«Ստորագրողների մի մասին կանչել են, ստորագրել են տվել, մի մասը հրաժարվել է, որոշ մարդիկ Հայաստանում չեն եղել ու չեն մինչև հիմա՝ ֆիքսեք։ Հետևաբար, ես կարծում եմ, որ դա կազմակերպված էր այդ թվում նաև իմ դեմ», - հավելեց Արսեն Թորոսյանը։

Նախարարի պաշտոնակատարն ասում է՝ այս առիթը օգտագործողներ էլ եղան, որ անձամբ իր դեմ գործողություններ անեն։ Ու՞մ մասին է խոսքը, Թորոսյանը հայտարարում է բաց տեքստով։ - «Խոսքս ուղղում եմ ուղիղ Վատիկանում դեռևս Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին։ Պարոն Մինասյան, Դուք անձնական Ձեր շրջապատում, որ հայտարարում եք, որ Արսեն Թորոսյանը Ձեր անձնական թշնամին ա ու պատրաստ եք ինձ չակերտներով ոչնչացել, ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ ես Ձեզ իմ անձնական թշնամին չեմ համարում ու իմ ոչնչանալը, իմ ձեր անձնական թշնամի լինելը ոչ մի կերպ չի փոխելու էդ քրեական գործի ընթացքը, ոչ մի կերպ։ Եթե նույնիսկ ես հրաժարականը տամ ու գնամ, էդ գործը չի փակվելու, և հետևաբար, Դուք ոչ մի բան չեք շահելու դրանից», - շեշտեց առողջապահության նախարարի պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի հայրը՝ Արա Մինասյանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատվեց վերջերս։ Նախարարության ստուգումների արդյունքում պարզվել էր, որ պետությանը հասցվել է 545 միլիոն դրամի վնաս, հարուցվել էր քրեական գործ։

Վերադառնալով համալսարանի միջադեպին․ ինքը՝ Բժշկականի ռեկտորն այսօր ձեռնպահ մնաց Թորոսյանի հայտարարությունները մեկնաբանելուց։ «Ազատության» հետ զրույցում Արմեն Մուրադյանը հորդորեց դիմել բուհի խոսնակին։ Վերջինս էլ նշեց՝ սադրանքի մասին խոսք լինել չի կարող, ինչ վերաբերում է ստորագրություններին, ապա Շուշանն Դանիելյանի խոսքով, բաց նամակի տակ անվանական ստորագրություններ կան, որոնցից ոչ ոքի նկատմամբ ճնշում չի գործադրվել։ Նա նկատեց՝ անուններ չի տվել նաև Թորոսյանը։

«Բացառում ենք սադրանքը, որ մենք պետք է սադրեինք, որ ինքը քաղաքացուն հրմշտեր, մենք պետք է սադրեինք, որ ինքը ռեպլիկներ բաց թողներ, մենք պետք է սադրեինք, որ ինքը դռներ շրխկացներ», - հավելեց Շուշան Դանիելյանը։

Շուշան Դանիելյանը նաև նշեց՝ Արսեն Թորոսյանի և Արմեն Մուրադյանի միջև որևէ հակասություն չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG