Մատչելիության հղումներ

Շահեն Հարությունյանը պնդում է՝ Սյունիքի մարզպետն իր հորը բռնության չի ենթարկել


Ընդդիմադիր քաղաքացիական ակտիվիստ Շանթ Հարությունյան, արխիվ
Ընդդիմադիր քաղաքացիական ակտիվիստ Շանթ Հարությունյան, արխիվ

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է նյութերը, որոնք առնչվում են տարիներ առաջ ընդդիմադիր Շանթ Հարությունյանի նկատմամբ նախկին փոխոստիկանապետ, օրերս Սյունիքի մարզպետ նշանակված Հունան Պողոսյանի կողմից ենթադրաբար բռնություն կիրառելուն:

Մինչդեռ Շանթի որդին՝ Շահեն Հարությունյանն այսօր «Ազատությանն» ասաց՝ Հունան Պողոսյանը 2013-ին հոր նկատմամբ բռնություն չի գործադրել։ Պնդեց՝ նախկին փոխոստիկանապետը ճիշտ է ներկա է եղել այդ միջադեպին, բայց հորը հարվածներ չի հասցրել։ - «Ներկա են եղել ոստիկանության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները՝ անձամբ Վլադիմիր Գասպարյանը, Հունան Պողոսյանը ու ներկա է եղել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Վաչագան Ղազարյանը», - մանրամասնեց Շահեն Հարությունյանը։ - «Կոնկրետ Հունան Պողոսյանը հարված չի հասցրել, բայց թույլատրել է, որ կատարի այն, ինչ եղել է հորս նկատմամբ, երբ իր ներկայությամբ բռնություն է եղել»։

«Ազատության» հարցին՝ այդ դեպքում ո՞վ է բռնություն գործադրել, նա պատասխանեց․ - «Հայրս մի անգամ դատարանում հայտարարել է՝ Վաչագան Ղազարյանը՝ Սերժ Սարգսյանի անվտանգության պետը»։

Իսկ թե ինչու է 2013-ին Նիկոլ Փաշինյանը Հունան Պողոսյանի անունը հնչեցրել է, ըստ Շահեն Հարությունյանի՝ «թյուրըմբռնում է տեղի ունեցել, հայրս Նիկոլ Փաշինյանին չի ասել, որ Հունան Պողոսյանը իրեն հարվածել է»։

Այդուհանդերձ, Արժեքների հեղափոխության գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում պնդում է՝ նախկին փոխոստիկանապետ, օրերս Սյունիքի մարզպետ նշանակված Հունան Պողոսյանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հարությունյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։- «Դեռ նախկին իշխանությունների օրոք պետք է դա լիներ»,-ասում է Պետրոսյանը: - «Նիկոլ Փաշինյանը պետք է հետ կանչի և այդ մարզպետի նշանակումը պետք է չեղյալ համարվի։ Պետք է նախաքննություն իրականացվի և պարզեն բոլոր հանգամանքները», - նշում է փաստաբանը։

Տարիներ առաջ բռնության դեպքի մասին ահազանգել էր բանտում գտնվող Շանթ Հարությունյանը՝ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր, ներկայումս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ 2013 թվականին «Ազատությանը» տված հարցազրույցում հենց Փաշինյանն էր ասել, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը անձամբ բռնություն են գործադրել Շանթ Հարությունյանի նկատմամբ։

Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանը հենց առաջին օրվանից միանշանակ չընդունվեց, իրավապաշտպանները քննադատեցին վարչապետին այս որոշման համար, երեկ էլ Փաշինյանը հայտարարեց՝ Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ խոսել է իրավապահների հետ։

«Շանթ Հարությունյանը ցուցմունքներ չի տվել այդ կապակցությամբ, և ես կարծում եմ, որ լավ առիթ է, որ նոր քննություն տեղի ունենա և հույս ունեմ Շանթ Հարությունյանն էլ կհամագործակցի, որ մենք պարզենք, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Իսկ ընդհանուր առմամբ էս ամեն ինչի պետք է նայել ավելի լայն քաղաքական կոնտեքստում: Այսօր արդեն այդ թեմայով ես խոսել եմ, անկեղծ ասած, իրավապահ մարմինների ներկայացուցիչների ներկայացուցիչների հետ և ասել, որ անհրաժեշտություն կա այդ իրավիճակը նորից քննության առնել, եթե դրա հնարավորությունը կա։ Կարծում եմ հնարավոր կլինի ստեղծել իրավական լուծումներ, որպեսզի ամբողջական և մանրամասն քննություն տեղի ունենա», - նշեց Փաշինյանը։

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Ինեսսա Պետրոսյանն ասաց՝ ժամանակին այս դրվագով քննություն է տարվել և որոշվել է քրեական գործ չհարուցել Հունան Պողոսյանի մասով՝ հանցադեպի բացակայության պատճառով։

Շանթ Հարությունյանի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված, ապա վերջերս պայմանական-վաղաժամկետ ազատ արձակված Վարդան Վարդանյանը մեկ ամիս առաջ բողոք էր ներկայացրել դատախազություն՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ։ Վարդանյանը տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ևս ասել էր, որ իր նկատմամբ բռնություն է գործադրել ոստիկանապետը․ - «Հայհոյանքներ, հարվածներ․․․ 4-5 հոգի ինձ բռնել էին՝ ինքը խփում էր»։

Վարդանյանը պնդում է՝ դատախազությունը տեղեկացրել է, որ տարիներ առաջ ոստիկանությունում Գասպարյանի կողմից կատարված բռնությունների փաստը չի հաստատվել և այդպիսով նրա բողոքին ընթացք չի կարող տրվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG