Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանին երաշխավորության դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել


«Սասնա ծռեր»-ի գործով դատ, արխիվ
«Սասնա ծռեր»-ի գործով դատ, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, անցել է խորհրդակցական սենյակ, որոշելու՝ կալանքից ազատ արձակե՞լ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին, թե՞՝ ոչ։

Այսօրվա դատական նիստի ժամանակ մեղադրյալի պաշտպան Հայարփի Սարգսյանը միջնորդեց փոխել Հարությունյանի կալանքը անձնական երաշխավորության դիմաց և ազատ արձակել դատարանի դահլիճից։

Սարգսյանը նշեց, որ պաշտպանյալի համար անձնական երաշխավորություն են տվել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը՝ վճարելով 1 միլիոն դրամ գրավ։ Նա հրապարակեց պատգամավորների երաշխավորության նամակը, որտեղ երաշխավորում են, որ ազատության մեջ Հարությունյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ և չի խուսափի ներկայանալ դատական նիստերին։

Միևնույն ժամանակ, փաստաբանը շեշտեց, որ պաշտպանյալը, ով ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին հրազենային վիրավորում էր ստացել ոտքից, ստացիոնար բուժման կարիք ունի։ Անցած երկու տարվա ընթացքում նա, ըստ էության, բուժում չի ստացել, ասաց Հայարփի Սարգսյանը։

Դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց Հովհաննես Հարությունյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ըստ որոնց՝ նա կարիք ունի ստացիոնար բուժման։

Մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը կարծիք հայտնեց, որ մեղադրյալին ստորագրությամբ ազատ արձակելու հանգամանքը չի կարող ապահովել նրա պատշաճ վարքագիծը, միևնույն ժամանակ՝ առկա վնասվածքները թուլացնում են քննությանը խոչընդոտելու վտանգը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ և որոշումը կհրապարակի ժամը 15-ին։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG