Մատչելիության հղումներ

Կառավարությունը դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն է մշակել


Կառավարությունը դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն է մշակել․ e-draft.am կայքում այսօր հրապարակվել է Կառավարության որոշման նախագիծը, որում նշում է, որ ռազմավարության նպատակներից է զինվորականի մասնագիտության հանդեպ գրավչության մեծացումը, ազգային արժեքների, հայրենիքը թշնամուց պաշտպանելու գիտակցումը և այլն։ Նախագիծը ներկայացրել է Կրթության և գիտության նախարարությունը։

Մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության առաջատար մասնագետ Արթուր Կարապետյանը փաստաթղթի հիմնական հեղինակն է։ Ասում է, որ այս ռազմավարությամբ փորձելու են աջակցել անձի ձևավորման գործընթացին։

«Եթե մենք մենակ մի մտայնություն ունենանք, որ մեր հայրենիքում խաղաղ-հանգիստ-անդորր ապահովենք, այսինքն՝ մեր երեխաները լավ միջավայրում մեծանան, դա, կարծում եմ, բոլորիս մտահոգությունն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Պաշտոնյայի խոսքով, այսօր հասարակությունը զարգանում և փոփոխվում է, իրենք էլ փորձում են դրան համընթաց նաև ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտը զարգացնել։

Փաստաթղթում նշված են նաև այն մարտահրավերները, որոնք այս ռազմավարությամբ փորձելու են լուծել։ Դրանք բաժանված են երկու մասի՝ արտաքին մարտահրավերներից են աշխարհում և հարևան երկրներում մոլեգնող ահաբեկչությունն ու պատերազմները։ Ներքին մարտահրավերներից են հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայությունը, օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը։

«Ռազմահայրենասիրական դաստիարակությունը տանում է ազգային արժեքների և համամարդկային մշակութային արժեքների համադրման, իսկ մեր մոտ չպետք է այդ կշեռքի նժարը ծանրանա միայն մի կողմի վրա», - մանրամասնեց Կարապետյանը:

Ներքին մարտահրավերների թվում է նաև անկարգապահությունն ու անդաստիարակությունը, սեռական այլասերվածությունը․ - «Մենք ունենք շատ օտարածին վարքեր և բարքեր մեր հասարակության մեջ, որոնք կարող են առաջացնել նման հետևանքներ»:

Մարտահրավեր է նաև տնտեսության դանդաղ զարգացումը․ պաշտոնյայի խոսքով կառավարությունը ամեն ինչ անում է, որ տնտեսությունը զարգանա։ Խնդիր է նաև արտագաղթը։ Վերջին մարտահրավերի լուծման համար, օրինակ, դպրոցներում պատմելու են այն գիտնականների մասին, ովքեր մնացել և հայրենիքում են իրենց գործունեությունը ծավալել: Սա ըստ պաշտոնյայի կոգևորի աշակերտներին, որ մնան հայրենիքում։

Ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացմանը կմասնակցեն նաև պաշտպանության նախարարությունը և մի շարք այլ գերատեսչություններ։ Եկեղեցին նույնպես իր դերը կունենա։ Ռազմավարության մեջ նշվում է, որ բարձր դասարանի աշակերտները եկեղեցիներում հոգևոր հովիվի հետ «Եկեղեցի և ընտանիք», «Հայ ընտանիքը որպես հոգևոր-ազգային արժեքների պահապան և ժառանգորդ» թեմաներով զրույց-քննարկումներ կունենան։

«Նպատակը՝ որ գիտակցական մակարդակում լինեն ավելի խորը պատկերացումներ, նաև պատկերացումներ կլինեն մեր ազգային արժեքների, հոգևոր արժեքների հետ կապված», - պարզաբանեց Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը:

Կրթական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանի մոտ, մինչդեռ, տպավորություն է ստեղծվել, որ սա ստալինյան ժամանակների փաստաթուղթ է, քանի որ այսպես խորհրդային բռնապետի իշխանության տարիներին փորձում բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին։ Սողոմոնյանը վստահ է, որ այսպես փորձում են երիտասարդներին զբաղեցնել և շեղել երկրում առկա խնդիրներից․ - «Սա քաղաքական ծրագիր է և ուղղված է երիտասարդ սերնդի ուղեղների լվացմանը, որպեսզի հանկարծ դպրոցում ազատության, քննադատական մտքի կամ քննարկումների հարթակներ չստեղծվեն և մարդիկ կենտրոնանան տոտալիտար, կոնկրետ գաղափարախոսության վրա»:

Սողոմոնյանը պնդում է՝ կրթության ոլորտը զարգացնելու և որակը բարձրացնելու փոխարեն կառավարությունը այսպիսի՝ իր բնորոշմամբ դատարկ ծրագրեր է ներկայացնում։

Ռազմավարության հեղինակներից Արթուր Կարապետյանը մինչդեռ վստահ է՝ քննադատություն շատ կլինի, բայց իրենք կառուցողական առաջարկների են սպասում։

Ի դեպ այսօր տեղադրված որոշման նախագծին այս պահի դրությամբ քվեարկողների 88 տոկոսը դեմ է արտահայտվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG