Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարի 26-րդ տուրում շաբաթ երեկոյան Լոնդոնում հյուրընկալելով Լիվերպուլի «Էվերտոն»-ին՝ «Արսենալ»-ը 5:1 խոշոր հաշվով հաղթանակ տարավ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ «Արսենալ»-ի մեկնարկային կազմում և երեք գոլային փոխանցման հեղինակ դարձավ, որոնցից մեկն իրացրեց Դորտմունդի «Բորուսիա»-ից լոնդոնյան ակումբ տեղափոխվելուց հետո այսօր առաջին անգամ դաշտ դուրս եկած Պիեռ-Էմերիկ Օմաբեյանգը:
«Արսենալ»-ի կազմում երեք գոլի հեղինակ դարձավ Աարոն Ռեմսին (6-րդ, 19-րդ, 74-րդ րոպեներ), մեկական՝ Լորեն Կոսչիելնին (14-րդ րոպե) և Օբամեյանգը (37-րդ րոպե), ով, հիշեցնենք, Մխիթարյանի հետ ժամանակին խաղացել է «Բորուսիա»-ում։ «Էվերտոն»-ի կազմում միակ գոլը 64-րդ րոպեին խփեց Դոմինիկ Կալվեր-Լյուինը։
Մխիթարյանը երկրորդ խաղն անցկացրեց «Արսենալ»-ում և առաջինը՝ թիմի մեկնարկային կազմում: Հայ ֆուտբոլիստի և լոնդոնյան ակումբի միջև երկարատև պայմանագրի ստորագրման մասին պաշտոնապես հայտարարվել է հունվարի 22-ին:
Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը շարունակում է 6-րդ հորիզոնականը զբաղեցնել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում, սակայն ընդհուպ մոտեցավ առաջատար հնգյակին: