Ցուցարարները բողոքի այս քայլով աջակցում են դեռ դեկտեմբերին հացադուլ հայտարածած զինված խմբի երկու անդամներին: Ոստիկանները նրանց հրելով բացեցին փողոցը, այնուհետև ցուցարարները երթով շրջեցին Երեւանի կենտրոնով։
Բիլյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 19-ից, իսկ Բարսեղյանը դեկտեմբերի 21-ից։ Նրանք պահանջում են իրենց Նուբարաշենի բանտից տեղափոխել ավելի լավ պայմաներ ունեցող Արմավիրի բանտ։ Նկատենք, որ այս բանտում են պահվում նաև ընդդիմադիր Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա ծռերի» անդամներ Վարուժան Ավետիսյանը, Մարտիրոս Հակոբյանը և Արեգ Կյուրեղյանը։
Ցուցարարների այս գործողությանը նախորդել էր նրանց հանդիպումը Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանի հետ։ «Հաց բերողի մահը չմարսած, նոր զոհե՞ր եք ուզում», «Կառափնարա՞ն, թե՞ դատարան», «Արթուրին սպանեցիք, հերթը ծռերի՞նն է»․ այսպիսի բովանդակությամբ նմանատի գրությամբ պաստառներ էին նրանք պարզել։ Թաթոյանը հայտարարել էր, որ օրեր շարունակ հացադուլի մեջ գտնվող Բիլյանի և Բարսեղյանի առողջական վիճակի խնդիրը գտնվում է իր աշխատակազմի ուշադրության կենտրոնում։ Միևնույն ժամանակ օմբուդսմենը նաև նշել էր, որ այս հարցով նամակ է հղել Քրեակատարողական հիմնարկների վարչություն, բայց դեռ պատասխան չի ստացել։
«Ուզում եմ հատուկ շեշտել, որ մենք չենք այստեղ իրավասու մարմինը որոշումների կայացման և կատարման հարցում: Օրենքն է այդպիսին: Մենք պարզապես աջակցությունն ենք մեր իրականացնում: Ընդ որում, իրականացնում ենք դա ամենահետևողական ձևով», - ասել էր Թաթոյանը:
Օմբուդսմենի այս պարզաբանումը հարուցել էր հացադուլավորների հարազատների և աջակիցների զայրույթը։
«Դուք նպաստում եք, որ այս մարդիկ մահանան», - հայտարարեց փաստաբան, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը: - «25 օր օմբուդսմենին չեն պատասխանում: Այլ անձանց հնարավոր է տեղափոխել, այս երկու անձին հնարավոր չէ՞ տեղափոխել: Բացի քաղաքական հաշվեհարդարից, այլ բնութագրում սա ունենալ ուղղակի չի կարող»:
Արման Թաթոյանի մեկնաբանությունները, թե իրենք իրենց իրավասության շրջանակում արել և անում են հնարավորը, «Սասնա ծռերի» հարազատներին և աջակիցներին չբավարարեց։
Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը և մյուսները պնդեցին՝ հացադուլավորների կյանքին վտանգ է սպառնում, և հիշեցրեցին «Սանսա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող, 10 ամիս առաջ մահացած «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի դեպքը։
Դիմելով Թաթոյանին՝ նա ասաց․ - «Դուք անձամբ և Ձեր գրասենյակը այս պաշտոնը ունեք նման դեպքերի համար: Մնացած ընթացակարգային գործողությունները ցանկացած մարդ կանի: Դուք ասում եք՝ Բիլյանին հետևել եք, հոգեբանը, մյուսը․․․ Ձեր ասածը ես հետևյալ ձևով եմ թարգմանում՝ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Արմեն Բիլյանը մահանալու պահին առողջ լինի»:
Նշենք, որ Արման Թաթոյանը ծանոթ չէր Քրեակատարողկան հիմնարկների վարչության այսօր տարածած հայտարարությանը, որն, ըստ էության, նրա նամակի պատասխանն է։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Արմեն Բիլյանի` հացադուլ հայտարարելու և իրեն «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջը հիմնազուրկ է և պայմանավորված չէ իրեն բուժօգնություն տրամադրելու անհրաժեշտությամբ:
«Բիլյանի մոտ չեն ախտորոշվել այնպիսի առողջական խնդիրներ, որոնք համատեղելի չեն Նուբարաշենի բանտի խցային պայմաններում վերջինիս պահվելու հետ, իսկ հացադուլի ողջ ընթացքում նա մշտապես գտնվել է բանտի բուժանձնակազմի հսկողության տակ», - նշված է Քրեակատարարողական հիմնարկների վարչության հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Բիլյանին առաջարկել են տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց, ինչը նա մերժել է։
Ընդ որում, ծառայության կողմից բազմիցս հայտարարվել է նաև, որ առողջական խնդիրներով պայմանավորված` կալանավորված անձի տեղափոխությունը մեկ հիմնարկից մյուսը հիմնավորված չէ:
«Երկու հիմնարկներում բժշկական օգնություն ցուցաբերելու պայմանները նույնն են, իսկ այն առողջական խնդիրները, որոնք լուծելի չեն քրեակատարողական հիմնարկների բուժմասերում, կարող են լուծվել միայն «Դատապարտյալների հիվանդանոցում կամ քաղաքացիական բուժական հաստատություններում», -ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը, բացի շենք շինություն զավթելուց, պատանդ պահելուց, հրազեն ու ռազմամթերք հափշտակելուց, մեղադրվում են նաև երեք ոստիկանների սպանության մեջ։