Մատչելիության հղումներ

Փաստաբանները քննադատում են ԴԴ-ի և ՓՊ-ի համատեղ հայտարարությունը, «Լեգիտիմացնում են խուզարկությունը»


Փաստաբան Արայիկ Պապիկյան, արխիվ
Փաստաբան Արայիկ Պապիկյան, արխիվ

Փաստաբանների պալատը և դատական դեպարտամենտը երեկ համատեղ հայտարարություն են ստորագրել, որով սահմանել են հանրային հնչեղություն ստացած քրեական գործերով փաստաբաններին դատարանում զննության ենթարկելու կարգը: Այդպիսով փորձ է արվել հանգուցալուծել «Սասնա ծռեր» խմբի և ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի գործերով դատավարությունների ժամանակ փաստաբանների և կարգադրիչների միջև պարբերաբար ծագող վեճը:

Նշված գործերով փաստաբանները, հիշեցնենք, հրաժարվում են զննության ենթարկվել՝ այն որակելով «ակնհայտ խուզարկություն», ինչի հետևանքով դատաքննություն, ըստ էության, չի սկսվում: Սակայն, մինչ փաստաբանների պալատի նախագահը հայտարարում է, թե փորձել են հարթել ամիսներ շարունակ ձգձգվող անորոշ վիճակը, մի շարք փաստաբաններ հակադարձում են՝ պալատն օրինականացրեց իրենց «խուզարկության ենթարկելու» գործողությունները։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ թեև դատական դեպարտամենտի հետ իրենց ստորագրած հայտարարությունն իրավաբանական ուժ չունի, բայց դրանով առնվազն կհարթվեն սուր անկյունները։ «Կարծում եմ՝ մենք նաև ամրագրեցինք, որ իրենք չեն կարող փաստաթղթերի բովանդակությանը ծանոթանալ և ինքնուրույն որոնողական աշխատանքներ կատարել: Դա շատ կարևոր է, որովհետև խուզարկությունն, ի վերջո, հենց այդ որոնողական գործողություններ կատարելն է: Մենք ևս մեկ անգամ ընդգծեցինք, որ դա չի կարող կատարվել»,- ասաց ՓՊ նախագահը:

Արա Զոհրաբյանի և դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ մինչև հատուկ էլեկտրոնային ստուգող սարքեր ձեռք բերելը փաստաբանների իրերի զննությունը դատական այն գործերով, որոնց ժամանակ անհրաժեշտություն է առաջանալու ապահովել դատավարության մասնակիցների և դատարանում գտնվող այլ անձանց կյանքի և առողջության պաշտպանութունը, զննությունը կիրականացվի հետևյալ կերպ.

Եթե մետաղորսիչը ազդանշան է տալիս փաստաբանի կամ նրա մոտ առկա իրերի զննության ժամանակ, ապա փաստաբանին առաջարկվում է հատուկ առանձնացված պահարանում թողնել մետաղական իրերը և կրկին մետաղորսիչով զննվել։ Երկրորդ զննության դեպքում եթե կրկին ազդանշան կա, ապա փաստաբանն արդեն առանձին սենյակում նույն սեռի կարգադրիչի կողմից զննվում է ընթերակայի ներկայությամբ։ Արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն։ Իսկ եթե փաստաբանը հրաժարվում է զննվել առանձին սենյակում՝ ապա պայուսակը, որտեղ կարող են լինել կասկածելի իրեր, չի թույլատրվում տանել նիստերի դահլիճ։

Հիմնավորելով երեկվա հայտարարությունը՝ փաստաբանների պալատի նախագահը վստահեցնում է՝ պետք է այնպես անել, որ չտուժի փաստաբանի արժանապատվությունը։ Զոհրաբյանն, ի պատասխան փաստաբանների կողմից իր հասցեին հնչող քննադատությանը, հակադարձում է՝ անգամ Միացյալ Նահանգներում են փաստաբանին ենթարկում շատ խիստ զննության:

Անցած տարի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն ասում է, որ այս կարգին չի ենթարկվելու: «Սրանով [հայտարարությամբ] և՛դատական դեպարտամենտը, և՛ պալատը, ըստ իրենց, գլխացավից ազատվեցին, դե հիմա թող մտածեն փաստաբանները: Եթե նկատել եք՝ ամբողջությամբ սլաքն ուղղված է դեպի փաստաբանները»,- ասաց Պապիկյանը, պնդելով՝ ամեն ինչ արվում է պաշտպաններին հնազանդեցնելու համար:

Նրա խոսքով՝ խնդիրը լուծում կստանա միայն այն դեպքում, եթե դատարաններում ստուգող էլեկտրոնային սարքեր տեղադրվեն: Պապիկյանն ուշադրություն է դարձնում երեկվա հայտարարության այն դրույթի վրա, ըստ որի, փաստաբանը զննության կենթարկվի առանձնացված սենյակում։ «Հստակ միտում եմ տեսնում այս փաստաթղթում, որ ձեռնտու էր դատական դապարտամենտին, նաև պալատին: Սրա միջոցով դատական դեպարտամենտը լիգիտիմացնում է իր ապօրինի գործողությունները: Հետայսու յուրաքանչյուր կարգադրիչ իրավունք կունենա փաստաբանին հրավիրել խուզարկության սենյակ»,- ասաց Պապիկյանը: Նա պնդում է, որ իշխանությունը միայն փաստաբանների պալատի հետ կարող էր նման պայմանավորվածություն ձեռքբերել, դատական դեպարտամենտը համարձակություն չէր ունենա նման գործարքի գնալ դատախազության հետ։

Թե՛ Արայիկ Պապիկյանը, թե՛ նրա գործընկեր Նինա Կարապետյանցը վերջին երկու ամսում մի քանի անգամ սանկցիաների են ենթարկվել կարգադրիչների կողմից զննության, իսկ իրենց բնորոշմամբ՝ խուզարկության պահանջին չենթարկվելու համար: Նրանք այժմ պնդում են՝ զննության մասին ամեն ինչ հստակ նշված է օրենքում։ Պապիկյանի խոսքով՝ իշխանությունը պետք է վստահի փաստաբաններին, Կարապետյանցն էլ հավելում է՝ սա արդեն արժանապատվության հարց է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG