«Փետրվարն ու մարտ ամիսը չեն տվել: Ապրիլն էլ մինչև մայիսի 15-ը պըտի տան, բայց մեզի հեչ մարդ չի ըսե՝ կեղնի՞, թե՞ չի էղնի: Գումարը Մոսկվայից ուղարկել են, չի եկել», - ասաց գործադուլավորներից մեկը:
Բողոքով աշխատակիցները երթով հասան 102-րդ ռազմակայան՝ ցանկանալով հանդիպել հրամանատարությանը: Բողոքավորների թիվը ռազմակայանի անցագրային կետի մոտ անընդմեջ ավելանում էր: Երկրորդ անցակետից նրանց չթույլատրեցին ներս մտնել:
«Չէնք եկել մուրացկանություն անելու, այլ մեր աշխատած գումարն ենք պահանջում», - ասում էին նրանք:
Պայմանագրային հիմունքներով բնակսպասարկում են իրականցնում: Թեպետ ֆինանսավորումը Ռուսաստանի Դաշնությունից է, սակայն ոլորտի աշխատակիցները դրամով են վարձատրվում: Աշխատակիցների ականջին լուրեր էին հասել, որ բնակսպասարկում իրականացնող ռուսաստանյան ընկերությունը սնանկ է:
Բողոքավորներից մեկն ասաց, որ վերջին երկու ամիսների համար իրենց հետ պայմանագրեր չեն կնքվել՝ չբացառելով, որ առհասարակ հրաժարվեն վճարել:
Որոշ ժամանակ անց 102-րդ ռազմաբակայանի հրամանատար Վլադիմիր Ելկանովը անձամբ եկավ հանդիպելու աշխատակիցների հետ: Նորանշանակ հրամանատարը արգելեց նկարահանումը: Ապա լսեց հավաքվածներին ու ասաց, որ խնդրից տեղյակ չի եղել, խոստացավ զբաղվել և աշխատակիցներին պարտք ունեցող ընկերության ղեկավարներին այսօր հրավիրել իր մոտ՝ խնդիրը քննարկելու: