Մատչելիության հղումներ

1995-2016 թ․թ․ Հայաստան-Ադրբեջան առևտրի ծավալը կազմել է 68,3 հազար դոլար․ ԱՎԾ


Այդ ընթացքում Հայաստանն արտահանել է ընդամենը 300 դոլարի ապրանք, մնացածը ներմուծման ցուցանիշն է:

Մինչ Պետկամուտների կոմիտեում քրեական գործ է հարուցվում ադրբեջանական խնձորը ներկրելիս մաքսավորներին կաշառելու առիթով, իսկ Ազգային անվտանգության ծառայությունն էլ օրեր շարունակ միջոցներ է ձեռնարկում դեպքին առնչվող անձանց բացահայտելու ուղղությամբ, պարզվում է, որ պաշտոնական տվյալներով, Հայաստանն ու Ադրբեջանը վաղուց են առևտուր անում:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, սկսած ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման հաջորդ տարվանից՝ 1995-2016 թ․թ․ ընթացքում, երկու երկրների միջև առևտրի ծավալը կազմել է 68,3 հազար դոլար: Ընդ որում, այդ ողջ ընթացքում Հայաստանն արտահանել է ընդամենը 300 դոլարի ապրանք, մնացած ծավալը կազմում են Ադրբեջանից կատարված ներկրումները:

Ավելին՝ անցած տարիներին Հայաստան ադրբեջանական արտադրության ապրանքներ են ներկրվել ոչ միայն բուն Ադրբեջանից, այլև երրորդ երկրներից: Ըստ ԱՎԾ-ի, այլ պետություններից ներկրված ադրբեջանական ապրանքների ծավալը կազմել է 24,6 հազար դոլար:

Սննդի անվտանգության մասնագետ Դավիթ Պիպոյանը, որի ֆեյսբուքյան գրառումից էլ տարածում ստացավ ադրբեջանական խնձորի ներկրման հետ կապված պատմությունը, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իրականում հայ-ադրբեջանական առևտուրն ավելի ծավալուն է, քան ներկայացված է պաշտոնական վիճակագրությունում:

«Պարզ է չէ՞, որ եթե այս խմբաքանակը բարձրացված աղմուկի արդյունքում չբացահայտվեր, դա որևէ տեղ չէր երևալու: Հիմա ունեցանք այլ իրականություն և, բնականաբար, այլ պաշտոնական թիվ: Հետևապես՝ մեր պաշտոնական թվերը վերլուծելը նման է դիլետանտական գործունեության, որովհետև բոլորը շատ լավ հասկանում են, որ այդ թվերը որևէ եզր չունեն իրականության հետ:

Օրինակ, շուկաներում բոլորն ասում են, որ նուռը տարիներ շարունակ եղել է Գյանջայի նուռը: Բացի Գյանջայից, հստակ տեղեկատվություն կա, որ նաև թուրքական նուռն է իրացվում Հայաստանում: Տեսելենք, հայտնաբերել ենք, հիմա ես ու՞մ հավատամ, պաշտոնական թվերի՞ն, թե իմ աչքի տեսածին»,- հարց է տալիս փորձագետը:

Վերջինիս խոսքով, խնձորից ու նուռից բացի այլ օրինակներ էլ կան․ «Հայաստանի մեծածախ առևտրի շուկաներում կան [ներկրող] մարդիկ, ովքեր պարսկական անձնագրերով են ներկայանում, որովհետև Իրանի քաղաքացիություն ունեն․․․ հիշում ենք նաև մի քանի տարի առաջ Հայաստանի շուկայում հայտնված ադրբեջանական սխտորի դեպքը կամ, որ մարդկանց ձեռքերին հանդիպում են ադրբեջանական շոկոլադներ»:

Լրատվամիջոցներում և սոցցանցերում շուրջ 10 օր տևած քննարկումներից հետո երեկ Պետկամուտների կոմիտեն հաղորդագրություն տարածեց, տեղեկացնեով, որ ադրբեջանական խնձորի ներկրման դեպքերի կապակցությամբ հարուցվել է երկու քրեական գործ՝ Բագրատաշենի մաքսավորներին «կաշառելու» և մի շարք քաղաքացիների կողմից «ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու» փաստերի առթիվ: Գործերն ուղարկվել են դատախազություն:

Զուգահեռաբար՝ ադրբեջանական խնձորով զբաղվում է նաև ԱԱԾ-ն՝ հայտարարելով, որ արդեն պարզել են ադրբեջանական խնձորը ներկրած հնարավոր անձանց շրջանակը, ինչպես նաև ներկրման եղանակը, որը, ըստ նախնական տվյալների, եղել է անօրինական: Այս պահին ԱԱԾ-ից այլ տեղեկություն չի ստացվել:

Այսօր հաղորդագրություն է տարածել նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, տեղեկացնելով, որ մայրաքաղաքի ու մարզերի վաճառակետերում կասեցրել է ադրբեջանական ծագման ավելի քան կես տոննա խնձորի վաճառքը: Նշովում է, որ ապրանքը չի ունեցել անվտանգությունը հավաստող որևէ փաստաթուղթ, ուստի՝ ոչնչացվել է: Ծառայությունը նաև փորձաքննության է ուղարկել ադրբեջանական խնձորը, ինչի արդյունքում՝ սննդամթերքի անվտանգության հետ կապված «շեղումներ չեն արձանագրվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG