ԿԸՀ նախագահի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը րոպեներ առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այս պահի դրությամբ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումներ ներկայացրածների անունները:
ՀՀԿ-ից մանդատից հրաժարվելու դիմումներ են գրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, քաղաքապետ՝ ավագանու առաջիկա ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը, Պետգույքի կառավարման վարչության պետ՝ ԱԺ-ի գործող նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, նաև՝ Կարեն Բոթոյանը, Սամվել Սանամյանը և Առուշ Առուշանյանը: ՀՀԿ ընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մինչ այս պահը դիմում չի գրել: Ենթադրվում է, որ արդարադատության նախարարի հետագա գործունեությունը ՀՀԿ-ն տեսնում է խորհրդարանում:
ՀՅԴ-ից մանդատներից հրաժարման դիմումներ են ներկաացրել 3 գործող նախարարները՝ Արծվիկ Մինասյանը,Դավիթ Լոքյանը և Լևոն Մկրտչյանը:
«Ծառուկյան» դաշինքից մանդատից հրաժարման դիմումներ են գրել հետևյալ թեկնածուները՝ Զուրաբյան Արարատ Անուշավանի, Մանուկյան Արթուր Աբրահամի, Ադամյան Սամվել Ֆրունզի, Բագրատյան Սերգեյ Պապաշի, Պողոսյան Վազգեն Վոլոդյայի, Ազիզյան Նապոլեոն Սուրենի, Դավթյան Հրանտ Դավթի, Կարապետյան Վահան Գուրգենի, Ղարագյոզյան Հարություն Արփիարի, Սուքիասյան Մանուկ Հենրիկի, Խաչատրյան Լյովա Յուզիկի, Մանուկյան Խաչիկ Վաղինակի, Ավետիսյան Արմեն Նիկոլայի, Սաղաթելյան Մուշեղ Ագունի, Մամոյան Արթուր Շամիրի, Եղիկյան Ալիկ Պետրոսի, Աբովյան Արման Վլադիմիրի, Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի, Հովսեփյան Մարգարիտա Էդիկի, Առաքելյան Նարինե Վալոդյայի, Կեսոյան Արայիկ Ռազմիկի, Առաքելյան Կարեն Մնացականի, Ալեքսանյան Սամվել Ժորայի:
«Ելք» դաշինքից այս պահին մանդատից հրաժարման դիմումներ չկան:
Վաղը՝ ժամը 15:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում կքննի ինքնաբացարկի (մանդատից հրաժարվելու) դիմումները և կկազմի արձանագրություն՝ Ազգային Ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին, իր գրառման մեջ նաև նշել է Հերմինե Հարությունյանը: