Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյանը չի բացառում փողոցային պայքարը


ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը չի բացառում, որ կուսակցությունը կարող է սկսել փողոցային պայքար, իր ձևակերպմամբ՝ ծրագրերը կյանքի կոչելու համար:

Հիշեցնեմ, ընտրությունների պաշտոնական տվյալներով վեցերորդ գումարման Ազգային ժողովով չանցած ՀԱԿ-ը՝ գործընկեր ՀԺԿ-ի հետ քարոզարշավին մասնակցում էր «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով: Ընդդիմադիրների նպատակը բոլոր հարևանների հետ հաշտության հասնելն էր:

«Մեզ համար հարազատ է նաև փողոցային, հրապարակային պայքարը, մանավանդ որ գիտենք, որ էլի մեր ասելիքի մեջ մենք մենակ ենք: Իսկ այդ ասելիքը կարևոր է, անհրաժեշտ է մեր երկրի համար խիստ: Ոչ թե ժամանակի խնդիր է, այլ այսօրեական խնդիր է, և մենք զբաղվելու ենք մեր խնդրով: Մեր ժողովուրդը պետք է վերջապես պրագմատիզմի հողի վրա կանգնի: Այսպիսի խորհրդարանով, այսպիսի իշխանությամբ չես կարող դիմակայել այն լուրջ մարտահրավերներին, որ մեր երկրի առաջ մշտապես կանգնած են: Առավել ևս՝ հիմա: Հիմա ոչ թե մարտահրավեր, այլ վտանգ է ուղղակի: Եվ այսպիսի թույլ, այսպիսի իմունիտետ չունեցող, այսպիսի խոցելի, այսպիսի կրիմինալ խորհրդարանով շատ դժվար է լինելու այդ մարտահրավերների դեմը առնելը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը:

Հարցին, թե արդյոք կա հրապարակներում պայքարը շարունակելու որոշում, ընդդիմադիր գործիչը հարցով պատասխանեց․ - «Այլ կերպ պատկերացնո՞ւմ եք»:

Արամ Մանուկյանն եկել էր մասնակցելու խորհրդարանի հերթական նիստին, որը քվորումի բացակայության պատճառով այսօր էլ չկայացավ:

Իշխող հանրապետականներին նիստերի տապալումը այդքան էլ չի անհանգստացնում: Խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե օրակարգում չկան հրատապ օրինագծեր:

Մանուկյանը, սակայն, այդ կարծիքին չէ․ - «Շատ ուրախ խորհրդարան է: Յոթ հոգի է գրանցված: Երրորդ ամիսն է․․․ երեք ամիս փաստորեն այս երկրին պետք չի խորհրդարան: Իսկ օրենքներ, որոնց կարիքը խիստ անհրաժեշտ է, որոնք ժամկետանց են․․․ Օրենքով սահմանված ժամկետային օրենքներ կան, որոնք պետք է արդեն ընդունված լինեն: Մինչդեռ միայն իշխող քաղաքական ուժի որոշումով կարող է այսպես բոյկոտ լինել, որ ամբողջ խորհրդարանը չի մասնակցում իր ֆունկցիաներին, իր պարտականությունների կատարմանը»:

Հարցին, թե ինչո՞ւ է իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ, որ խորհրդարանը չգործի, Մանուկյանը պատասխանեց․ - «Նախ, անելիք չունեն: Իրենք հիմնավորում են, որ խորհրդարանում իրենց անելիքը․․․ երբ որ պետք էր մի ժամում վաթսուն հատ օրենք ընդունեցին: Էդ ռեժիմը ունեն աշխատելու, դրա համար կարիքը չունեն: Հետո, թքած ունենան էն որոշումների, անելիքների վրա, որոնք խիստ անհրաժեշտ են, ժամկետանց են: Ակնհայտ է, որ այս երկրում խորհրդարանը իր բարձրության վրա չէ: Այսպիսի խորհրդարան պահել չի կարելի: Ընդ որում՝ բարձր աշխատավարձով: Այդ 130 հոգին, ամեն մեկը հազար դոլար աշխատավարձ ստանում ա էն օրերի համար, որ չի գալիս և չի աշխատում: Ոչինչ չանելու համար՝ հազար դոլար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG